HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սագօ Արեան

Հովհաննես Գրիգորյան. Պանթէոնէն անդին

Հիմա փողոցներուն մէջ ծառերէն դեղին բանաստեղծները կախող Պօէտը չկայ: Չկայ Հովհաննես Գրիգորյանը որուն անշուք սենեակը վերջին տարիներուն ժամանակակից գրողներուն համար հանդիսավայր դարձած էր: Գիտէինք իր ծանր հիւանդութեան, գող հիւանդութեան մասին որ մեզմէ խլեց Երեւանի անկրկնելի պոհէմին, սեւին ու սպիտակին հետ ապրած ու անոր երանգներով ամէնուն սիրելի դարձած բանաստեղծը:

Խօսած էր Հայաստանի սահմաններուն մասին: Գիտեր այդ սահմանները: Գիտէր արդօ՞ք որ Հայաստանը, մեր Պօէիզեայի Հայաստանը իրմով սկիզբ կ'առնէր:

Գրիգոր Պըլտեանը սփիւռքի  կարեւոր անուններէն մին  կարճ տողեր գրեց այս առթիւ. Ան  կ'ըսէր՝ «Ի՞նչ պիտի գրեմ ինծի կրկնապէս սիրելի մարդու մը մասին, որուն բանաստեղծութիւնը գնահատած եմ շատոնց եւ որուն հետ մեղսակից կապեր ալ ունենալու բախտը վայելած։ Որքան ալ սպասելի, նոյն ալ ցնցիչ գոյժ մըն է ասիկա։ Նման առիթներով առհասարակ կը նախընտրեմ լռել, խուսափելու համար յաւուր պատշաճի խօսքերէ»: Այսքանը:

                                                .....

Անցնող օրերուն Երեւանի  գրական «մարմիններ»ուն մօտ սակայն այլ խնդիր բարձրացած է: Հիմա հարցը Հովհաննէս Գրիգորյանի մարմնի թաղման վայրի խնդիրն է: Բաւական աղմուկ, հարցադրումներ եւ յայտարարութիւններ: Այս առիթով ուշագրաւ է կարդալ գրականագէտ՝ Հասմիկ Խէչիկյանի խօսքը որ յատուկ «Հետք»ին ըսաւ ՝

Ցավով իմացա, որ ՀԳՄ նախագահության անդամներից միայն երեքն են կողմ եղել Հովհաննես Գրիգորյանի հուղարկավորությունը Կոմիտասի անվան պանթէոենում կատարելուն: Ես շատ եմ ցավում, որ ունենք այսպիսի գրական ավագ սերունդ, որի մոտ նախանձը ամեն ինչից վեր է: Հովհաննես Գրիգորյանը ցավով էր ասում /և չէր սխալվում/, որ իմ սիրելի ընկերները անգամ հիվանությանս են նախանձում և անգամ մեռնելուս են նախանձելու ու հերթով սկսեն մեռնել:
Բարեբախտաբար, գրական երիտասարդությունը չի շարունակում ավագների թունավոր ավանդները: Այսօր ամբողջ գրական երիտասարդական դաշտը միասնական հանդես է գալիս հորդոր պահանջով՝ մեծ բանաստեղծի հուղարկավորությունը կատարել Կոմիտասի անվան այգու պանթեոնում: Եվ եթե այսօր մեր ձայնը տեղ չհասնի, մենք այլևս ինչի՞ վրա պետք է մեր հույսը դնենք, ո՞ւմ վրա, ինչո՞ւ ենք շարունակելու զբաղվել գրականությամբ, ինչո՞ւ ենք շարունակելու ապրել այս երկրում… Ի՞նչ հույսով…

Հովհաննես Գրիգորյանը մեր ամենամեծ բանաստեղծն է առանց վերապահումների և երիտասարդ սերնդի ամենամեծ հենարանն է եղել և սա մեծ խնդրանք է, պահանջ է, հարգել մեծ բանաստեղծի հիշատակը, հարգել երիտասարդ սերնդի գրականագետների կարծիքը:» Հասմիկ նաեւ յայտնեց որ իր սերնդակիցները այս հարցով եւ յատուկ նամակով դիմած են ՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանին: Անոնք միաբերան կը պահանջեն որ բանաստեղծը իր արժանի տեղն ունենար  միւս մեծերուն կողքին « Կոմիտաս»ի անուան պանթէոնին մէջ:

 .............

Խէչիկյանի խօսքին մէջ վրդովմունք կայ: Հասկնալի է բայց տխուր այն է, որ Հայրենի «գրական իշխանութիւններ»ը,  որոնք մեծ ճիգեր ի գործ դրած էին Հովհաննես Գրիգորյանի առողջական վիճակը բարելաւելու համար ինչպիսի անհասկնալիութեամբ կը մերժէին բանաստեղծի մարմինը թաղել «Կոմիտաս» ի անուան պանթէոնին մէջ: Այս առումով  արձակագիր եւ ՀԳՄ վարչութեան անդամ Գուրգէն Խանջյան այսպէս կ'արտայատուէր՝ «Մենք ժողովում չենք քննարկել պանթեոնում Հովհաննէսին թաղելու խնդիրը: ՀԳՄ նախագահը ինձ անձամբ զանգեց ու այդ մասին հարց տուեց ու ես ել միանշանակ ասել եմ որ հարմար ու ճիշդ կլինի որ Հովհաննես Գրիգորյանը իր վերջին հանգիստը գտնի «Կոմիտասի անուան պանթեոնում»: Խանջյան նաեւ այդ հարցին մասին խօսելով  կ'ըսէր, թէ  գրողի լիարժէք կշիռը թաղման վայրին հետ ոչ մէկ ռնչութիւն ունի : իր կարծիքով Հովհաննէս Գրիգորյանը տաղանդաւոր բանաստեղծ է ու կան շատ այլ արժէքաւոր գրողներ ինչպիսին են Աղասի Այվազեանը եւ Արմեն Մարտիրոսյանը որոնք թաղուած են քաղաքային  պանթէոններու մէջ:

Աւարտին կարեւոր է մէկ բան, ան՝ Հովհաննես Գիգորեյանը կարիք չունի Պանթէոններու որպէսզի հանդիսանայ հայ բանաստեղծութեան անցագիրը աշխարհով մէվ:

Հովհաննես Գրիգորյանի հանդէպ առկայ սիրոյ եւ հիացմունքի երեւոյթը յետայսու պէտք է վարակիչ դառնայ: Հովհաննէս Գրիգորեանը այդ իմաստով մեզի շատ բան սորվեցուց: Սորվեցուց սիրել: Սէրն իր համար- ուրիշի հանդէպ սէրը, արիւնակից եւ բախտակից գրողի հանդէպ սէրը, խորագոյն ու շեշտուած կերպով երեւելի էր իր մօտ: Երեւելի ու վարակիչ:

..............

Մահը ի վերջոյ  պիտի հնձէ- անողոք, անխիղճ եւ յաճախ անաղմուկ կերպով .... Բայց ինչ   որ կը մնայ մահէն անդին, անկէ վեր,  անկէ իմաստալից այն ՝ բանաստեղծութեան բառն է որուն կառչած մնաց Գրիգորյան իր ճանապարհի սկիզբէն մինչեւ հեռացումը: Նոյնիսկ Երուսաղէմի մէջ երբ մեկնեցաւ բուժուելու նպատակով: Իր տողերուն մէջ յաճախ  հեգնանքով արտայայտուեցաւ ամէն ինչի մասին, անցողիկ գտաւ ամէն ինչ, ժպտաց, խնդաց, աչքով ըրաւ բայց աւարտին վերագտաւ այն ինչ որ կար իր հուգիի խորքերուն մէջ: Ու միանշանակ իր համար նոր հանգրուան դարձաւ Երուսաղէմը:

Աւարտին միանգամայն ըսել որ Հայաստանի գրական աւագանին, իր այս քայլով այսօր փակեց պանթէոնի հաշիւը: Մեր մեծերէն վերջինը որ հոն «Կոմիտաս»ի պանթէոնին բնակիչ է՝ Սիլվա Կապուտիկեանն է: Ու որովհետեւ դասականութեան խնդիր կը բարձրացուի, ու որովհետեւ անուններու մասին խօսք կերթայ.. այսօր միանգամայն պէտք է հասկնալի ըլլայ որ Պանթէոնի հաշիւը ալ փակուած է:

Ինչ պանթէոն երբ Հովհաննէս Գրիգորյանի նման մէկը առաջատար բանաստեղծ մը, որ 1960-ական թուականներուն շարք մը այլ բանաստեղծներու հետ «սպիտակ բանաստեղծութեան», ազատ բանաստեղծութեան դրօշը անվախօրէն պարզեց ու քալեց,  այսօր նուազագոյն պատիւը կը զլացուի իրեն: Եւ ինչ խօսք որ Հովհաննէսի տեսակին համար Պանթէոնի մէջ թաղուի թէ հեռոււ ու աննշան  գիւղի մը մէջ,  միեւնոյնն է անոր շիրիմը բանաստեղծութեան մշտաբորբոք ոգիին ուխտադարանը պիտի դառնայ:

Վաղը սերունդները պիտի կարդան զինք:

Վաղը Սերունդները պիտի խօսին իր մասին:

Այսօր իր սիրած քամին  գետին թափած է բոլոր դիմակները:

Ինչպէս ինք պիտի ուզէր ըսել ՝

«Քամին գալիս է, օրորում է դանդաղ
և վայր են թափվում նրանց դեմքերից
դեղին դիմակներ`
ժպիտներ վրան:
Հետո դիմակներ
հռհռացողի բաց բերան
վրան:
Իսկ դիմակները թափվում են ներքև
դեղին խշշոցով,
և հետո հանկարծ բացվում է դեմքը`
մի խոշոր կաթիլ
անձրև է ընկնում փողոցի վրա:

Փողոցներում`
ծառերից կախված
օրորվում են բանաստեղծները»:

«Աշուն»

Եւ որպէսզի բանաստեղծները օրօրուած չմնան ու վար իջնեն փողոցներու ծառերէն, հարկ է լռութեամբ յարգել Հովհաննես Գրիգորյանի  յիշատակը:  Ի վերջոյ մահը  բանաստեղծներուն թագն է: Մահը ի վերջոյ  կը սիրէ լռութիւնը. Ոչ աղմուկը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter