HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Անդրիաս Ղուկասյան. «ԶԼՄ-ները քննարկում են իմ առողջությունը, ճնշումը, բայց առաջ քաշած խնդիրը ոչ ոք չի քննարկում»

«Հետքի» հարցերին պատասխանում է նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը 

- Քարոզարշավի պաշտոնական մեկնարկին զուգահեռ սկսվել է ձեր հացադուլը, և արդեն 20-րդ օրն է ինչ ոչինչ  չեք ուտում: Դա կարո՞ղ ենք դիտարկել որպես քարոզչության մի տեսակ:

- Ես ձեզ չեմ կարող արգելել էդպես համարել, բայց ես հայտարարել եմ հացադուլ՝ ի նկատի ունենալով, որ ինձ համար անընդունելի է սահմանադրությունը խախտող կուսակցության թեկնածուի հետ քարոզարշավին մասնակցել, որովհետեև անիմաստ է նման քարոզարշավը: Եվ ի սկզբանե նման կուսակցության մասնակցությունը ընտրություններին ընտրությունները դարձնում է անօրինական ու շինծու: Ես դա բողոքարկել եմ առաջին օրվանից, երբ այդ թեկնածուի գրանցումը կատարվեց և հետևողական եմ այդ քաղաքաիրավական տրամաբանությանը. այդ պատճառով հրաժարվեցի մասնակցել քարոզարշավին:

- Հացադուլն անում եք որպես քաղաքացի, ով դեմ է իշխանությունների՞ն, թե՞ որպես քաղաքական գործիչ:

- Ես անում եմ դա որպես քաղաքացի, ես անում եմ դա որպես քաղաքական գործիչ, ով մասնակցում է ընտրություններին և նպատակ ունի հաղթել ընտրությունների արդյունքում:

Շինծու ընտրությունների արդյունքում հաղթել հնարավոր չէ, նման ընտրություններն իսկական չեն, նման ընտրություններով հանրությունը չի ընտրում իր քաղաքական ապագան, քանի որ մի մեծ զանգված կա, որը քվեարկում է հարկադրանքի ազդեցության տակ կամ շահագրգռված լինելով, ուստի պատշաճ քաղաքական գործչի թիվ մեկ խնդիրն է՝ ստեղծել այնպիսի քաղաքական պայմաններ, որ հանրությունն ունենա ազատ ընտրելու իրավունք: Ես հիմա դրանով եմ զբաղված:

- Սահմանադրության ո՞ր հիմնական կետն է խախտվել այս դեպքում:

- Ակնհայտ է, որ ընտրակաշառք է բաժանում ՀՀԿ կուսակցությունը, ըստ էության, կազմակերպելով զանգվածային հանցագործություն, որովհետև ընտրակաշառք տալը քրեական հանցանք է, որը պատժվում է 5 տարի ազատազրկմամբ, ընտրակաշառք վերցնելը նույնպես հանցագործություն է, պատժվում է 2 տարով: Ուստի՝ այն քաղաքական ուժը, որն օգտագործում է նման մեթոդներ, միջոցներ ընտրական պրոցեսներում, բնականաբար, խախտում է սահմանադրությունը և ենթակա է լուծարման ըստ Սահմանադրության և օրենսդրության:

Այստեղ մի հարց կարող է լինել. դուք վիճարկու՞մ եք, որ ՀՀԿ-ն բաժանում է ընտրակաշառք, թե՞ ոչ: Իմ կարծիքով, այն փաստը, որ ամբողջ հանրությունը խոսում է այն բանի մասին, որ ՀՀԿ-ն բաժանում է ընտրակաշատք, այսօր անհերքելի իրողություն է, որովհետև իրավական եղանակով ապացուցման կարիք անգամ չունի: Բացի այդ, մեր երկրի սահմանադրությունը, ըստ էության, հնարավորություն է տալիս այն քաղաքական ուժին, որը վերահսկում է Ազգային ժողովում մեծամասնությունը և նախագահի պաշտոնը, նշանակել, հաստատել և առաջադրել բոլոր թեկնածուներին բոլոր պաշտոններին: Ուստի՝ այդ կուսակցությունը չունի հակակշիռ: Ինքն է նշանակում իրավապահ մարմինների ղեկավարությունը, ինքն է հաստատում դատավորների նշանակումը, այսինքն՝ այդ քաղաքական ուժն ունի պետական մենաշնորհ, և բնականաբար, իր հակասահմանադրական գործունեությունը մնում է անպատիժ, և իրավապահ մարմինները Հայաստանում ծառայում են ոչ թե հանրությանը, այլ այն քաղաքական ուժին, որը նշանակել է իրենց ղեկավարությանը:

- Փորձը ցույց է տալիս, որ իշխանությունը վերարտադրվում է և վերարտադրվում է նույն միջոցներով: Այդ դեպքում որքա՞ն եք գնահատում ձեր հնարավորությունը՝ դիմակայելու այդ իշխանություններին:

- Բավականին բարձր եմ գնահատում: Ձեր հարցադրումն ի՞նչ է ենթադրում, այն, որ դասական ընդդիմադիր գործունեությունն ավելի էֆեկտիվ հակադրվելու ձև է՞:

- Ոչ, փորձը ցույց տվեց, որ դա էլ արդյունավետ չէր:

- Մենք տեսանք, որ, ընդդիմությունն այն գործիքն է, որը սատարում է երկրում ռեժիմի հաստատմանը:

(Մեր զրույցն ընդհատվեց նախագահի թեկնածուի վրանի մոտ հերթապահող շտապօգնության բուժաշխատողի հերթական այցով, ով առաջարկում է Անդրեաս Ղուկասյանին չափել ճնշումը: Ա. Ղուկասյանը խնդրեց, որ այդքան հաճախ իր ճնշումը չչափեն):

Առաջին անգամ է Հայաստանում վիճարկվում Սահմանադրությունը խախտող կուսակցության իրավունքը՝ մասնակցելու ընտրություններին: Բոլորը, ամբողջ հանրությունը գիտի, որ այդ կուսակցությունը հակասահմանադրական է, որ կոռուպցիայի հովանավորն է: Ես իմ ընդդիմադիր գործունեությունը սկսել եմ հենց այն բանից, որ վիճարկում եմ ընտրություներին մասնակցելու այդ կուսակցության իրավունքը:

- Պայքարի մեջ չեք մտնում, որովհետև անիմա՞ստ եք համարում:

- Ո՞ր պայքարի: Շինծու ընտրությունների մեջ չեմ մտնում, որովհետև դա ոչ թե պայքար է, այլ թատրոն՝ ըստ ինձ: Պայքարը կայանում է նրանում, որ պետք է ճիշտ սահմանել պահանջը և հանրությանը ցույց տալ, թե այս ուժի ոչ լեգիտիմությունը որտեղից է սկսվում:

Ստեղծված իրավիճակում առարկայական դիսկուրս չի կարող լինել: Տեսեք, 20 օր է հացադուլ եմ անում, ԶԼՄ-ները քննարկում են իմ առողջությունը, ճնշումը, բայց առաջ քաշած խնդիրը ոչ ոք չի քննարկում:

Չնայած իմ ֆիզիկական ծանր վիճակին, ես բազմաթիվ հարցազրույցներ եմ տվել, երկար բացատրել եմ հացադուլի պատճառը, նպատակը, սակայն լայն զանգվածներին ցանցային հեռուստատեսություններն այդ ինֆորմացիան լղոզված են մատուցում: Ես դրանից անում եմ ենթադրություն՝ ռեժիմը վախենում է այդ տեղեկությունները տարածելուց, և հասկանալի է, որ հացադուլը ռեժիմի ցավոտ տեղերին է կպնում:

- Այն, որ լրատվամիջոցները Ձեզ ցանկալի դիտանկյունից չեն  լուսաբանում հացադուլը, և չեն խոսում ձեր առաջ քաշած թեզերի մասին, և, ինչպես ասացիք, իշխանությունները վախենում են այդ տեղեկատվության տարածումից, արդյոք չի՞ վկայում այն մասին, որ ձեր գործողություները հասնում են իրենց նպատակին:

- Իհարկե, մանավանդ այն դեպքում, եթե դա դիտարկում են որպես քարոզարշավ, և պարտավոր էին հավասարաչափ լուսաբանել:

- Ժամանակային առումով լուսաբանում են, իսկ բովանդակայի՞ն մասով...

- Իհարկե ոչ, եթե բոլորին լուսաբանում են, ինչպես հացադուլս, ապա ոչ ոքի քարոզարշավը, հաստատ, պիտի որ լուսաբանված չլիներ՝ ըստ ինձ:

Կուզենայի հավելել, որ հիասթափված եմ նաև դիտորդների զեկույցից, որը վերջերս եղավ, որովհետև այդտեղ նույնպես փորձ է արված ծածկադմփոց անել այն հարցը, թե ընտրություններին մասնակցում է հակասահմանադրական ուժ: Այդ փաստի վերաբերյալ դիտորդները պետք է տային իրենց գնահատականը: 

Հ.Գ. Նախագահի թեկնածուի հետ հարցազրույցից հետո խոսեցինք նաև նրա վրանի մոտ հերթապահող շտապօգնության բուժաշխատողի հետ, ով ասաց, որ Անդրեաս Ղուկասյանի առողջական վիճակի մասին ավելի ստույգ տեղեկություն կարելի է ստանալ առողջապահության նախարարությունից, իսկ այդ պահի դրությամբ նշեց, որ նախագահի թեկնածուի առողջական վիճակը կարելի է բավարար գնահատել, այնպիսին, ինչպիսին որ կարելի էր սպասել 20 օր հացադուլի մեջ գտնվող մարդու օրգանիզմից, որը երիտասարդ է և դեռևս կարողանում է դիմանալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter