HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Թեկնածուներից միայն երեքն է նախընտրական խոստումներ տալիս հաշմանդամություն ունեցող անձանց

2013թ. հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում հաշվառված է հաշմանդամություն ունեցող 186 384 անձ: Այս մասին «Հետքին» հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հաշմանդամների հիմնահարցերի և հավասար հնարավորությունների ապահովման բաժնի պետ Կարմեն Պետրոսյանը:

2013թ. հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչությունը ընթացիկ հաշվառմամբ կազմել է 3 041 000 մարդ՝ համաձայն Ազգային վիճակագրական ծառայության «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2012 թվականի հունվար-դեկտեմբերին» փաստաթղթի:

Այսինքն՝ հաշմանդամություն ունեցող անձինք կազմում են Հայաստանի մշտական բնակչության 6.1 տոկոսը: Հաշմանդամություն ունեցող անձանց թիվը մեծացավ հատկապես Սպիտակի ավերիչ երկրաշարժի և Արցախի ազատագրական պատերազմի հետևանքով:

Նախագահական ընտրություններին մասնակցող 7 թեկնածուից 3-ի՝ Հրանտ Բագրատյանի, Պարույր Հայրիկյանի, Անդրիաս Ղուկասյանի նախընտրական ծրագրերում առանձին հիշատակում չկա երկրի բնակչության 6.1 տոկոս կազմող այս խմբի անձանց հիմնախնդիրների մասին, իսկ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանն առհասարակ չի հրապարակել նախընտրական ծրագիր:

Նախագահի թեկնածու Արման Մելիքյանն իր նախընտրական ծրագրում մեջբերել է Սահմանադրության այն դրույթը, ըստ որի՝ «յուրաքանչյուր ոք ունի ծերության, հաշմանդամության, հիվանդության, կերակրողին կորցնելու, գործազրկության և օրենքով նախատեսված այլ դեպքերում սոցիալական ապահովության իրավունք»:

Ըստ թեկնածուի նախընտրական ծրագրի՝ այսօր նույնիսկ պաշտոնական տվյալների հիման վրա կարելի է պնդել, որ մոտ 1 միլիարդ դոլարի չափ գումար մուտք չի գործում պետբյուջե (խոսքը 2008թ. բյուջեի մասին է) և շրջանառվում է ստվերում: Այս գումարի հաշվին Արման Մելիքյանը նախատեսում է կատարել մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ աջակցել հաշմանդամություն ունեցող անձանց «սոցիալական պայմանների բարելավմանը և ապահովել նրանց լիարժեք մասնակցությունը հասարակական կյանքին»:

Ըստ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար պետք է ստեղծվեն գոնե նվազագույն պայմաններ՝ հասարակության մեջ նրանց ներառումն ամբողջական դարձնելու համար:

«Հատուկ ուշադրություն ենք դարձնելու հաշմանդամների զբաղվածության խնդիրներին: ... արագացնելու ենք տեմպերը նաև հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքների կարիքների բավարարման ուղղությամբ»,- գրված է Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրում:

Թեկնածուն նաև խոստանում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող խոցելի բոլոր խմբերի երեխաների համար ընդլայնել որակյալ հիմնական կրթություն ստանալու հնարավորությունը:

Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներին ամենից ծավալուն անդրադարձ կա նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական ծրագրում, թեև նրա ձևակերպումներից շատերը բավականին ընդհանրական են: Թեկնածուն գրել է, որ հաշմանդամություն ունեցող անձանց վիճակը շարունակում է ծանր մնալ: Դա պայմանավորված է ընդունված ծրագրերի ֆինանսավորման պակասով, օրենքների չկիրառմամբ, հաշմանդամություն ունեցող անձանց՝ հասարակությունից մեկուսացվածությամբ, նրանց նկատմամբ հասարակության վերաբերմունքով:

«Հայաստանում բավարար զարգացած չեն ենթակառուցվածքները, որոնք կապահովեին հաշմանդամություն ունեցող անձանց գործունեությունը հասարակությունում ոչ հաշմանդամ մարդկանց հետ հավասար պայմաններում: Հաշմանդամություն ունեցող մարդ չի նշանակում անկարող մարդ, նրանք ունեն հզոր ներուժ, որն այսօր մեր երկիրն անտեսում է և չի օգտագործում»,- գրված է նախընտրական ծրագրում:

Րաֆֆի Հովհաննիսյանն անհրաժեշտ է համարում.

- ՀՀ ներպետական օրենսդրության ու պրակտիկայի մեջ առավելագույնս ներմուծել հաշմանդամ մարդկանց իրավունքների պաշտպանության ՄԱԿ-ի կոնվենցիան, որը ՀՀ-ում ուժի մեջ է մտել 2010 թ. հոկտեմբերից, և որով պետությունը պարտավորվում է սոցիալապես ներառել հաշմանդամություն ունեցող անձանց հասարակության մեջ, ստեղծել արժանապատիվ կյանք վարելու պայմաններ ու հնարավորություններ,

- հաշմանդամներին հասարակության լիիրավ անդամ դարձնելու նպատակով՝ ոչ միայն լուծել նրանց վերականգնման, այլև ժամանակակից հասարակության պայմաններում սոցիալ-տնտեսական հարմարեցման խնդիրները,

- ՄԱԿ-ի կոնվենցիային համապատասխան՝ հաշմանդամություն ունեցող անձինք պետք է հնարավորություն ունենան ակտիվորեն ներգրավվելու քաղաքականության ու ծրագրերի, այդ թվում՝ ուղղակիորեն իրենց վերաբերող ծրագրերի վերաբերյալ որոշումներ կայացնելու գործընթացներում, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կուսակցություններում,

- պայքարել խտրականության դեմ և մարդու իրավունքների պաշտպանության համար՝ այդ թվում ամրապնդելով հաշմանդամ մարդկանց ինքնուրույնությունը, ընտրության ազատությունը և կյանքի որակը, նպաստելով հաշմանդամության՝ որպես մարդկանց բազմազանության տարրերից մեկի մասին իրազեկության աստիճանի բարձրացմանը,

- հաշմանդամություն ունեցող անձանց համար ապահովել հասարակական կյանքի բոլոր բնագավառներում մատչելիություն, հավասար իրավունքներ և հնարավորություններ, ինչպես նաև գործուն մասնակցություն հասարակական-քաղաքական, համայնքային, մշակութային կյանքին, կրթության ոլորտին, ստեղծել զբաղվածության մատչելի միջավայր և տրանսպորտային, առողջապահական և իրավական պաշտպանություն,

- առողջապահական արտոնություններ և անվճար բուժսպասարկում ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց համար,

-ապահովել բոլոր քաղաքներում ու գյուղերում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության իրավունքի ապահովումն իրենց բնակավայրում և իրենց հասակակիցների հետ,

- հատուցել հաշմանդամության ունեցող երեխաների կրթության ծախսերը,

-վերանայել ներառական կրթության ֆինանսավորումը:

«Հասարակության մեջ հաշմանդամություն ունեցող անձանց ներառման չափը ժողովրդավարական հասարակության, ժողովրդի բարեկեցության չափանիշներից մեկն է: Հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ իրականացվող սոցիալական քաղաքականության նպատակը պետք է լինի ներառումը իբրև հասարակության սոցիալական զարգացման միջոց, որն արտացոլում է համբերատարության, բազմազանության հարգանքի, հնարավորությունների հավասարության, համերաշխության, անվտանգության, առանց խտրականության, ինչպես նաև հասարակության բոլոր շերտերի մասնակցության սկզբունքներով զարգանալու՝ հասարակության հնարավորությունը»,- գրված է Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական ծրագրում:

Լուսանկարը՝ Սոնա Սիմոնյանի

Մեկնաբանություններ (1)

GB
We should consider %50 of Armenia's population as disable, due to their living condition and economy system!!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter