HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

ԱՕԿՍ-ի շենքը վտանգվա՞ծ է

Երևանի պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստների կարծիքով` Աբովյան փողոցի վրա գտնվող հայտնի ԱՕԿՍ-ի շենքի ճակատագիրը վտանգված է:

Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի և համագործակցության հայկական ընկերության (ԱՕԿՍ) շենքը ընդգրկված է Երևան քաղաքի պատմամշակութային հուշարձանների ցանկում: Ակտիվիստներն իրենց ձեռքի տակ ունեն փաստաթղթեր, որոնք, ըստ իրենց, վկայում են այն մասին, որ ԱՕԿՍ-ի շենքի անմիջական հարևանությամբ կառուցվող բազմահարկ հյուրանոցի շինարարությունը խախտումներով է իրականացվում և կարող է վնասել նաև հուշարձան-շենքի գոյությանը:

Այսօր շենքի մոտ բողոքի ակցիա էր կազմակերպվել, որին ներկա էր նաև ու պարզաբանումներ էր տալիս մշակույթի նախարարության ներկայացուցիչ, հուշարձանների պահպանման վարչության պետ Կարո Այվազյանը:

Հյուրանոցը կառուցող «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ն «Նարեկ Սարգսյան ճարտարապետական արվեստանոց» ՍՊԸ-ի կողմից նախագծած հյուրանոցային համալիրի (Ք. Երևան, Պուշկինի 14 հասցեում) համար դրական փորձաքննական եզրակացություն է ստացել «Լավո» ՍՊԸ-ի կողմից: Ըստ «Էկոլուրի»՝ հուշարձան-շենքի անմիջական հարևանությամբ 10 վերգետնյա հարկեր ունեցող հյուրանոցը կառուցում է Սամվել Մայրապետյանը:

Ակտիվիստներին հատկապես անհանգստացնում է փորձաքննության մեջ առկա հետևայլ տողը` «Հյուրանոցային շենքը հատակագծում ուղղանկյուձև է: Այն տեղադրված է Աբովյան փողոցի մայթի գծից 21.0 մ հեռավորության վրա` ստեղծելով կանաչ հեռանկար»:

Այդ կանաչ հեռանկար ասվածը, ըստ ճարտարապետ, ակտիվիստ Վարդան Գերավետյանի,  հենց ԱՕԿՍ-ի շենքի տարածքն է, նրա խոսքերով, այդ մասին է վկայում նաև հյուրանոցի շինհրապարակի հարևանությամբ տեղակայված շենքի մակետային նկարը: Սակայն մշակույթի նախարարության հուշարձանների պահպանման վարչության պետ Կարո Այվազյանի կարծիքով՝ դա սոսկ նկար է, որը քաղաքացիներին իրազեկում է կառուցվելիք շենքի մասին, և չի կարելի այն դիտարկել որպես փաստաթուղթ:

Իսկ մյուս փաստաթղթերի իսկությանը մշակույթի նախարության ներկայացուցիչը չկասկածեց, սակայն նշեց, որ դա իրենց համար հիմք չէ շենքի շինարարությանը միջամտելու համար, քանի որ դա քաղաքաշինության նախարարության իրավասությունն է, մանավանդ այն դեպքում, երբ այդ նախարարության քաղաքաշինական տեսչությունն է ակտիվիստների ասած խախտումներն արձանագրել:

Իսկ խախտումները հետևյալի մասին են: Մեջբերում ենք քաղաքաշինական պետական տեսչության պետ, գլխավոր տեսուչ Ս. Հայրապետյանի ստորագրությամբ արձանագրությունից.

«Ուսումնասիրությունից պարզվել է, որ նախագծի մշակման և համաձայնեցման գործընթացում հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ ապահովված հարևանությամբ գտնվող` Երևանի Աբովյան փողոցի թիվ 3 շենքից նորմատիվային հեռավորությունը, ինչը ՀՀ-ում գործող քաղաքաշինական նորմերի խախտում է»:

Խախտում է նկատել նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի ղեկավարը: Հետևայլ մեջբերումը նրա արձանագրությունից է. «Պուշկինի 14 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքներով խախտվել է ՀՀ-ում գործող շինարարական նորմերի պարտադիր պահանջը, ըստ որի կախված շենքերի հրակայունության աստիճանից բնակելի, հասարակական նշանակության շենքերի միջև պահանջվող հակահրդեհային միջտարածությունը պետք է կազմի 6-15 մետր»:

Հյուրանոցի շինարարության մեջ խախտումներ է գտել նաև Հայաստանի ճարտարապետների միությունը, որն իր արձանագրության մեջ գրել է.

«Տեղում ուսումնասիրությունից պարզվել է, որ նախագծի մշակման և համաձայնության գործընթացում հաշվի չի առնվել ՀՀ-ում գործող քաղաքաշինական նորմերը` խախտվել է Աբովյան փողոցի թիվ 3 շենքից նորմատիվային հեռավորությունը:

Տեղյակ ենք պահում նաև, որ հյուրանոցային համալիրի նախագիծը չի քննարկվել Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինական խորհրդում»:

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը հյուրանոցի համար շինարարության թույլտվություն է տվել 2012 թվականի նոյեմբերի 20-ին, մինչդեռ շինհրապարակի հարևանությամբ տեղակայված ցուցապաստառի վրա գրված է, որ թույլտվությունը տրված է 2012-ի ապրիլի 27-ին` հենց այն օրը, երբ սկսվել է շինարարությունը:

Թույլտվության տակ դրված է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ստորագրությունը:

Իսկ ահա մշակույթի նախարարության կայքէջը հայտնում է. «Պատմամշակութային հուշարձանների ցանկում գտնվող երկու կառույցի քանդման մասին» տեղեկույթը, ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը: Ավելին, Աբովյան և Պուշկին փողոցների խաչմերուկին հարող տարածքում գտնվող հուշարձան-շենքերը պահպանելու են իրենց ներկայիս տեսքը և, որպես պահպանության լավագույն տարբերակ, օգտագործվել և օգտագործվելու են օրենքով սահմանված կարգով»:

Սակայն հենց նույն հրապարակման մեջ մշակույթի նախարարությունը, անդրադառնալով ակտիվիստների ձեռքի տակ ունեցած փաստաթղթերին, հայտնում է հետևյալը. «Ուսումնասիրելով ՀՀ քաղաքաշինության քաղաքաշինական պետական տեսչության, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված  փաստաթղթերն ու մասնագիտական պարզաբանումները, նշենք, որ բարձրացված հարցը քաղաքաշինական նորմերի տիրույթում է և դուրս է մշակույթի նախարարության լիազորությունների շրջանակից»:

Ակտիվիստ Վարդան Գերավետյանը բողոքի ակցիայի ժամանակ ասաց. «Մեր այսպես ասած հարևան Ադրբեջանում անընդհատ ասում են, որ մենք քոչվոր, եկվոր ազգ ենք: Եվ եթե Երևանում վերացնենք այսօր վերջին շենքերը, ու մեր քաղաքը վաղը չունենա պատմություն, նրանք ճշմարիտ դուրս կգան` կստացվի, որ մենք չունենք պատմություն, իսկ եթե ասենք, որ ունեինք, նրանք կասեն` տեսաք, դուք քանդեցիք, որովհեև ձերը չէր, ձեր սիրտը չէր ցավում: Այն մարդիկ, ովքեր քանդում են մշակութային արժեքները, տհա՞ս են, թե՞ դա անում են միտումնավոր: Էական չէ, էականը փաստն է, որ ոչնչացնում են, և դրանից տուժում ենք մենք` քաղաքացիներս»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter