
Բաց նամակ ՀՀ նախագահին
Մեծարգո պարոն նախագահ,
էկոլոգիական վիճակը հանրապետությունում շարունակում է սրընթաց վատանալ: Չնայած ընդունված օրենքներին և որոշունմերին` խոշոր կորպորացիաները հանքօգտագործման բնագավառում շարունակում են անխնա կյանքի կոչել ՀՀ-ի ազգաբնակչության նկատմամբ հանցագործ պլաններ:
Չկատարելով գործող օրենքների և բնապահպանական նորմերի պահանջները հատել են խոցելիության սահմանը, իրենց գործողությունների արդյունքում թողնելով ծանր մետաղներով և այլ վնասակար քիմիական տարրերով հարուստ ամբողջական տարածաշրջաններ:
Դրա հետևանքով` այդ և հարակից շրջանների գյուղատնտեսական արտադրանքների, ջրի և օդի պարունակության մեջ նկատելիորեն ավելացել են ծանր մետաղների ու քիմիական թունավոր նյութերի քանակը: Որպես արդյունք` խորացող սոցիալական շերտավորումը ավելի է ծանրացնում ՀՀ ազգաբնակչության սոցիալական վիճակը, աղքատության անդադար աճը: Անընդհատ ավելանում են քաղցկեղածին և այլ քրոնիկ հիվանդությունների քանակը ազգաբնակչության շրջանում:
Չնայած մեր երկրում բացվում են նոր հանքեր, և ըստ մեր պետական այրերի, հանքարդյունաբերությունը պետք է բարելավի մեր ժողովրդի վիճակը, բայց հանքարդյունաբերությունից ստացված եկամուտները ոչ միայն անտեսանելի են տրված վնասների համեմատ, այլև`անհատուցելի:
Պարոն նախագահ, խնդրում ենք լիարժեքորեն օգտագործել սահմանադրորեն Ձեզ ամրագրված իշխանական լծակները, որպեսզի կարգուկանոն հաստատվի լեռնահանքահումքային արտադրություններում: Հայաստանի գերակա շահերը պարտադրում են` նախ, ավելացնել պետական բաժնեմասերը Հայաստանի ընդերքի շահագործման ասպարեզում` ներկայիս 5%-ից հասցնելով մինչև 25% և ավելի, ինչպես ընդունված է համաշխարհային պրակտիկայում:
Երկրորդ` քայլեր ձեռնարկել պարզելու հանքարդյունաբերությունից ստացված եկամուտների բաշխվածությունը մեր երկրում:
Երրորդ` թույլատրել օգտագործել հանրապետության տարածքում միայն առաջավոր, բնապահպանական տեսանկյունից մաքուր տեխնոլոգիաներ: Բնապահպանական հասարակական կազմակերպությունների հետ համաձայնեցված` ստեղծել արգելված տեխնոլոգիաների ցուցակ: Կարծում ենք` հանրապետությոնում առկա է մեծ գիտական ներուժ նոր և մաքուր տեխնոլոգիաների մշակման համար:
Չորրորդ` չեղյալ համարել այն լեռնահանքահումքային կազմակերպությունների արտոնագրերը, որոնք իրենց կազմավորման և գործունեության արդյունքում խախտում են գործող օրենքներն ու բնապահպանական նորմատիվները: Մեզ զարմանք է պատճառում պարոն նախագահ, թե ի՞նչով է զբաղված Ձեր անմիջական հսկողությամբ գործող Սևանի հանձնաժողովը, եթե «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությունը խախտելով «Սևանի մասին» ՀՀ օրենքը Սոթքում կառուցել է ըստ էության Արարատի հարստացնող կոմբինատի մի արտադրամաս, որը ջարդում և մաղում է հանքաքարը, վերցնում են իրենց անհրաժեշտ ոսկով և արծաթով հարուստ հանքաքարը և թափոնները կուտակում Սոթքի տարածքում:
Թափոնների առկայությունը կարող եք տեսնել տեղում: Այդ թափոնները հարուստ են ծանր մետաղներով, որոնք անձրևաջրերի և հոսքային ջրերի միջոցով անարգել լցվելու են և լցվում են Սևանա լիճ: (Ծանր մետաղների ցանկը կարող ենք Ձեզ տրամադրել): Օրենքի ամբողջ խստությամբ մեղադրանքներ ներկայացնել պատասխանատու պաշտոնյաներին /անկախ դիրքից և զբաղեցրած պաշտոնից/, որոնք իրենց անձնական շահի համար և կոռուպցիոն եղանակներով աչք են փակում այդ բոլոր ապօրինությունների հանդեպ:
Փոխել նրանց, ովքեր իրենց գրպանի շահերը վեր են դասում հանրապետության շահերից, փոփոխել ղեկավարման այն թիմերը, որոնք չեն կարողանում պաշտպանել իրենց երկրի շահերը խոշորագույն միջազգային կորպորացիաների հետ աշխատելիս: Այս կետի հետ կապված, խնդրում ենք պետական մակարդակով գոնե տարին մեկ անգամ այդ կորպորացիաների գործունեության արդյունքների անկախ փորձաքննություն և աուդիտ անցկացնել, որպեսզի վերացվեն հանրապետության բնապահպանության վատթարացմանը նպաստող գործոնները:
Հինգերորդ` արգելել ՀՀ քաղաքների վարչական տարածքներում ինչպես նաև վարչական տարածքների և բնապահպանական կարևորագույն արգելոցների շրջակայքերում նոր լեռնահանքահումքային գործունեության իրականացում: Որպես օրինակ, նշենք մետալուրգիական կոմբիանատի կառուցումը Հրազդան գետի ակունքում, որը կարող է ունենալ բացասական ազդեցություն մեր տարածաշրջանի էկոհամակարգի վրա:
Չէ՞ որ Հրազդան գետի ջրհավաք ավազանում, մասնավորապես նրա ակունքում, բխում են աղբյուրներ որոնք սնում են Երևան քաղաքի խմելու բարձորակ ջրի մատակարարումը (Յոթնաղբյուր և Ղլբուլաղ): Արտադրության պրոցեսում այդ աղբյուրները կաղտոտվեն քիմիական տարրերի էլեմենտներով, այդ թվում` ծանր մետաղներով, իսկ դա անխուսափելի է արտադրության պրոցեսում առաջացող պոչամբարների առկայությամբ:
Խնդրում ենք Ձեզ ՀՀ տնտեսությունը ուղղորդել իննովացիոն տեխնոլոգիաների զարգացմանը` առավելություններ տալով Հայաստանում այնպիսի ճյուղերի զարգացմանը, որոնք նպատակաուղղված են էլեկտրոնիկայի, մեքենաշինության, վերականգնվող էներգետիկայի, համակարգչային տեխնոլոգիաների, գյուղմթերքների վերամշակման, բժշկության, ակտիվ երկարակեցության, տուրիզմի, նանոտեխնոլոգիաների զարգացմանը: Դա կնպաստի ավելի արդյունավետ օգտագործել այն հսկայական գիտական ներուժը, որը դեռևս առկա է մեր հանրապետությունում:
Բոլոր առումներով այս ուղղությունների զարգացումը շատ ավելի շահավետ է և քիչ ներդրումներ է պահանջում, քան հանքահումքային ուղղությունների զարգացումը: Հայաստանը շատ փոքր հողային և շատ խիտ բնակչություն ունեցող երկիր է, և վերոհիշյալ նպատակների զարգացումը, ինչպես ասում են, ինքնին բնատուր է մեր ժողովրդին. չեինք ցանկանա հետամնաց երկրների նման դառնալ խոշորագույն միջազգային կորպորացիաների լեռնահումքային կցորդ:
Մեր հանրապետության բնակլիմայական պայմաններն այնպիսին են, որ հանքահումքային գործունեությունը միանշանակորեն շատ արագ ազդում է օդային և մանավանդ ջրային ռեսուրսների աղտոտմանը և ոչնչացմանը: Լեռնահանքահումքային արտադրությունները վերջնականապես կավերեն մեր ժողովրդի գենոֆոնդը, իսկ մենք պարտական ենք մեզնից հետո եկող սերունդների համար թողնել լավ և մաքուր երկիր, այլ ոչ թե պոչամբարների և թափոնների պահեստարաններ: Եվ արդյո՞ք կարելի է հայրենի երկիրը մաս-մաս վաճառել մասնավոր սեփականատերերի:
Հույս ունենանք, որ պետական օրենքի ընդունման մակարդակով կարգելվի բոլոր տեսակի նոր լեռնամետալուրգիական հանքավայրերի շահագործումը, իսկ արդեն գոյություն ունեցողները կանցնեն խստագույն բնապահպանական նորմերի կատարմանը:
Եթե այսօր չկարողանանք կատարել այս աշխատանքները, ապա վաղն արդեն ուշ կլինի և նույնիսկ ապրելու տեղ չենք ունենա:
Հայկական տեխնոլոգիական ակադեմիա,
Էկոլոգիայի և անվտանգ կենսագործունեության գիտությունների միջազգային ակադեմիա,
ՀՀ նախագահին կից հանրային խորհրդի անդամներ,
Հայաստանի գիտատեխնոլոգիական ակադեմիա
05.05.2011թ.
Մեկնաբանել