HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անդրիաս Ղուկասյանը հացադուլը կշարունակի մինչ ընտրությունների ավարտը

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Անդրիաս Ղուկասյանի ընտրական շտաբի համակարգող Արմեն Գրիգորյանն, անդրադառնալով թեկնածուի առողջական վիճակին, նշեց, որ այն կայուն է, և Ղուկասյանը գտնվում է բժիշկներ վերահսկողության տակ: Քանի որ արդեն հացադուլի 24-րդ օրն է, և գնալով  էներգիան քչանում է, այժմ ավելի սահմանափակ կլինեն հարաբերությունները լրագրողների հետ. «Բացի պետության տրամադրած բժիշկներից՝ նա մեր բժիշկների վերահսկողության տակ է և հետևում է խորհուրդներին: Իր վիճակը՝ որպես հացադուլավորի, նորմալ է համարվում, մեր բժիշկների գնահատականով այժմ  առողջության համար անդառնալի հետևանքներ չկան: Ճիշտ է շեղումներ կան, բայց դրանք այս պահին կյանքի համար վտանգ չեն ներկայացնում»:

Ի պատասխան մամուլում շրջանառվող լուրերին, որ թեկնածուն տեղափոխվելու է հիվանդանոց՝ շտաբի համակարգողը վստահեցրեց, որ ԱնդրիասՂուկասյանի որոշումը մնում է անփոփոխ. «Նա չի տեղափոխվելու հիվանդանոց, հացադուլը  շարունակելու է հացադուլի վայրում մինչև ընտրությունների ավարտը, եթե մինչ այդ առողջության հետ կապված բարդություններ չառաջանան, և չհայտնվի անելանելի վիճակում»:

Արմեն Գրիգորյանի խոսքերով՝ միջազգային կազմակերպություններից այց չի եղել, և որևէ բան չի քննարկվել, քանի որ, ըստ նախագահի թեկնածուի, սա ներքին պայքար է և որևէ միջազգային կազմակերպություն կամ դեսպանատուն չպետք է միջամտի: Իրենք պայքարելու են իրենց ռեսուրսների և ներուժի շրջանակներում:

Իսկ թե արդյոք հասել են իրենց առջև դրված նպատակներին, Արմեն Գրիգորյանը նշեց, որ իրենց համար շատ կարևոր էր շինծու ընտրությունների գաղափարը բերել օրակարգ, քանի որ իրենք պայքարում են ոչ թե քվեի՝ այլ ազատ և  մրցակցային ընտրությունների համար. «Հաջողությունները համարում ենք մեր սպասածից շատ, քանի որ բազմաթիվ արձագանքներ են եղել, անգամ երկրից դուրս: Ճիշտ է՝ մեր խնդիրն է, որպեսզի ՀՀ քաղաքացին պայքարի, բայց դա էլ խոսում է այն մասին, որ հասել ենք որոշակի հաջողության»:

Վերջում էլ Արմեն Գրիգորյանը հավաստիացրեց, որ Անդրիաս Ղուկասյանը մնալու է քաղաքական ասպարեզում: Իսկ թե ինչ քայլեր են ձեռնարկելու ընտրությունների ավարտից հետո, դեռևս քննարկման փուլում է: Բոլոր առաջարկությունները վերանայելուց հետո  անպայման կներկայացնեն հասարակությանը:

Ելենա Թորոսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter