ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

Արմենին դպրոցում ծաղրել են, որոշել է այլեւս դասի չգնալ




Սիսիանի շրջանի Իշխանասար գյուղում ապրողներն այլեւս չեն բողոքում եւ կարծիք հայտնել էլ չեն ուզում գյուղի իրավիճակի մասին ոչ թե այն պատճառով, որ ամեն ինչ կարգին է, այլ որովհետեւ արդեն հոգնել են խոսել մի բանից, որն այդպես էլ չի փոխվելու: Ձմռան ամիսներին գյուղում համատարած պարապուրդ է տիրում: Կիասաքանդ մշակույթի տան միակ նորամուծությունը «Սերժ Սարգսյանի ընտրական շտաբ» գրությամբ պաստառն է: Ավելին՝ շենքն արդեն սեփականաշնորհվել է` պարտքի դիմաց: Գյուղի բնակիչները ստիպված են ձմռան ամիսներն անցկացնել Իշխանասար լեռան ստորոտում գտնվող իրենց փոքրիկ հյուղակներում, իսկ ամռան միակ զբաղմունքը հողագործությունն է:

Դպրոցականներն ու երիտասարդները գրքեր են կարդում, ֆիլմեր դիտում, իջնում գյուղամեջ ու խաղաթուղթ գցում: 21-ամյա Արմենի համար այս զբաղմունքները խորթ են. նա տառերը չգիտի, հեռուստացույցի էկրանին ցուցադրվող պատկերը եւ խաղաթղթի վրա գրված թվերը տեսնել չի կարող, տնից էլ դուրս է գալիս միայն մոր կամ եղբոր ուղեկցությամբ:

«Դե, իրենք խաղում են, ես էլ կողքից նայում եմ, ինչ անեմ: Սաղ օրն էլ տունը նստած եմ էլի, ի՞նչ կա, որ ինչ անեմ: Մեկ-մեկ մամայիս հետ Սիսիան եմ իջնում, էլի հետ գալիս: Երեւան էլ եմ մի անգամ եղել. պապաս տարել էր բժշկի: Դե, ոչ մի տեղ էլ ման չենք եկել, գնացել ենք բժշկի, եկել տուն,- պատմում է Արմենը, ով Սիսիանի գիշերօթիկ դպրոցում ծաղրի ենթարկվելուց հետո հրաժարվել է դասի գնալ,- ես կուզեի սովորեի, տառերն իմանայի, բայց դե սաղ օրը նեղում էին, էլի: Նեղվեցի, թողեցի դուրս եկա: Ուզում եմ սովորեմ, հա, բայց դե որ տառերը չգիտեմ, ո՞նց սովորեմ»:

Արմենի տեսողությունը թույլ է, ունենում է ցնցումներ: Հայրը մեկ անգամ է տարել բժշկի. բուժման ծախսերին ծանոթանալուց հետո ընտանիքի անդամները հաշտվել են իրավիճակին` մտածելով, որ տանը կնստի, եղբայրներին կօգնի, մեկ-մեկ էլ գառներին դուրս կհանի: Արմենն ինքը ստիպված է հարմարվել իրեն վերագրված դերի հետ՝ թաքցնելով ներքին անհամաձայնությունն ու լիարժեք ապրելու հսկայական էներգիան, որ արտահայտվում է միայն նյարդային ցնցումների ժամանակ:

«Բժիշկներն ասել են` պիտի չներվայնանա: Բուժել հնարավոր ա, բայց դե մենք չենք կարողանում տանենք Երեւան»,- ասում է Արմենի մայրը` Գայանեն, ով տղայի ախտորոշումը հստակ չգիտի:

Արմենի քույրը` Հերմինեն, իր երազանքներն ու զբաղմունքներն ունի, բայց հաճախ նախընտրում է տանը մնալ` եղբորը մենակ չթողնելու համար: «Դե ինքը մի տեղ նստում ա, հեռուստացույցն ենք միացնում լսում ա, մեր հետ ա խոսում: Մեկ-մեկ էլ դուրս ա գալիս, դրսում ա նստում»,- պատմում է Հերմինեն, ով երկար ժամանակ լուռ նստել էր, երբ հարցրել էի, թե ինչ կուզենար փոխել իր կյանքում:

Արմենն այս տարի երկրորդ անգամ է գնալու ընտրություններին, ինչը նրա համար տանից դուրս գալու առիթ է ընդամենը. «Մամայի հետ գնում եմ, էլի, եսիմ: Չգիտեմ էլ` ում կընտրեմ, ուղղակի լավ կլիներ, որ օգնեին, աչքերս բուժվեր»,- ասում է Արմենն ու ժպտում: 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ