HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյան. «Դրանք որոշումներ են, որոնք ազդելու են նաև իմ Մարիամի, իմ Արայի, իմ Սերժի՝ իմ թոռների ճակատագրերի վրա»

Սերժ Սարգսյանը շարունակում է հանրապետության մարզերում նախընտրական հանդիպումները: Քարոզարշավի շրջանակներում այսօր նա այցելել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Մարտունի, Գավառ համայնքներ:

Վարդենիսում ՀՀ նախագահի թեկնածուն խոսել է իր նախընտրական ծրագրով առաջիկա հինգ տարիների համար նախատեսված՝ տնտեսության զարգացման և տնտեսական աճն անշրջելի դարձնելու հնարավորությունների ու դրա արդյունքում մարդկանց զբաղվածության խնդրի լուծման, բարեկեցության ապահովման մասին՝  ընդգծելով, որ այդ ամենին հասնելու համար նախադրյալներ կան:

Սերժ Սարգսյանը վստահեցրել է ընտրողներին, որ իր կողմից առաջարկվող ծրագրում ռիսկերը հասցված են նվազագույնի. «Հայաստանի Հանրապետությունը ապրում և զարգանում է այնպիսի տարածաշրջանում, որտեղ մենք իրավունք չունենք մեզ թույլ տալու անպատասխանատվություն, արկածախնդրություն և չհիմնավորված ռիսկեր։ Դա կարող է շատ թանկ նստել մեր ժողովրդի վրա։ Ես իմ պարտքն եմ համարում խոսել այս մասին, որովհետև վերջին շրջանում մենք, ցավոք, հաճախ վկան ենք լինում էժան միավորներ հավաքելու փորձերի և ամբոխահաճության դրսևորումների։ Մենք ասում ենք ԱՊԱՀՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ և դրանով հակադրվում ենք փորձարարությունների և փորձանքների հորձանուտը նետված Հայաստանին։ Մենք արդեն անցել ենք այդ ժամանակները։ Եղել են այդպիսի դեպքեր, որոնք որևէ կերպ չեն նպաստել մեր զարգացմանը: Ընդհակառակը մեզ խոչընդոտել են»,-ասել է Սերժ Սարգսյանը:

Իր ելույթում նա կարևորել է դեպի ապահով Հայաստան տանող ճանապարհին հայության և առաջին հերթին Հայաստանում մեր ժողովրդի ներուժի համախմբումը: Նախագահը կոչ է արել չհավատալ բոլոր այն թերահավատներին ու հոռետեսներին, ովքեր օրնիբուն խոսում են փոփոխությունների անհնարինության մասին, որը նույնն է թե՝ իրենց զորքը կռվի են առաջնորդում պարտվածի հոգեբանությամբ: «Եթե դուք անտարբեր դառնաք ու հանձնվեք այն գաղափարին, որն այսօր հնչում է ավելի կատաղի, քան երբևէ, թե՝ ձեր ձայնը բացարձակապես ոչ մի նշանակություն չունի, որ դուք ոչինչ չեք որոշում, որ ձեր ձայնն արժեք չունի, ապա ձեր լռությունը անպայման կլրացնեն այլ ձայներ՝ նրանց ձայները, ովքեր տարիներ շարունակ ամեն ինչ արել են, որպեսզի Հայաստանը դառնա պղտոր ճահիճ, որ ամեն բան մնա անփոփոխ այս երկնքի տակ՝ հանուն սեփական նեղ խմբակային ու անձնական շահի:

Նրանց ձայնը, ովքեր տարիներ շարունակ հաշվի չեն առել ձեր ձայնը, խլել են ձեր ապագան և արել ամեն բան, որ ընտրությունը չլինի ձերը, այլ ուրիշինը, որ ընտրվածը չլինի ձեր ընտրյալը:

Նրանք, ովքեր սովոր են ամեն ինչ գնել, ինչ ցանկանում են ունենալ, նրանք, ովքեր պատրաստ են խլել այն, ինչ չեն կարողանում գնել, և նաև նրանք, ովքեր իրենց օրվա հացը վաստակում են այս իմ նշածների՝ առաջինների շահերը պաշտպանելով:

Բոլոր նրանք, ովքեր սովոր են հանձնել ու խլել, ստորանալ ու ստորացնել, ովքեր ցանկանում են ուղղորդել մեր յուրաքանչյուր արարքն ու մեր փոխարեն որոշել ամեն բան:

Եվ միայն դուք, Հայաստանի սիրելի քաղաքացիներ, կարող եք ընդհատել այս արատավոր շղթան: Միայն ձեր ակտիվությունը, միայն ձեր առողջ մոտեցումները, միայն ձեր հավատը ապագայի նկատմամբ կարող է ուղղել ամեն բան: Եվ այդպիսի հավատը, այդպիսի մոտեցումները մեզ տալու են բոլորիս զորություն կերտելու ապահով Հայաստան»,-ընդգծել է Սերժ Սարգսյանը:

Սերժ Սարգսյանի ելույթը Գավառ քաղաքում

Շնորհակալ եմ, սիրելի՛ գավառցիներ,

Նախ, օգտվելով առիթից, շնորհավորում եմ բոլորիս Տյառնընդառաջի առթիվ։ Սա լուսավոր տոն է՝ մանավանդ մեր նորապսակների և երիտասարդների համար։ Գիտեմ, որ Տրնդեզը Գավառում ավանդաբար նշվում է առանձնահատուկ շուքով։ Ուրախ եմ, որ այսօր ներկա եմ համաժողովրդական այս տոնախմբությանը։ Մաղթում եմ ձեզ հաջողություններ։ Չեմ կասկածում, որ Տրնդեզի առթիվ բացվելու են առատ սեղաններ, և Գավառում այսօր իշխելու է բարձր տրամադրությունը։ 

Նախընտրական այս օրերին ես հանդիպել և շարունակում եմ հանդիպել մեր երկրի գյուղերի և քաղաքների բնակիչների հետ, մեր հայրենակիցների հետ: Շատ բաների մասին եմ խոսել այս օրերին, շատ հարցերի եմ պատասխանել, բազմաթիվ մաղթանքներ ու ցանկություններ եմ լսել: Այսօր՝ այս գեղեցիկ տոնին, իմ խոսքը պիտի ուղղեմ հատկապես երիտասարդներին, ի դեմս Գավառի երիտասարդության՝ Հայաստանի բոլոր պատանիներին և աղջիկներին:

Սիրելի՛ երիտասարդներ,

Դիմում եմ ձեզ, որովհետև ձեզնից շատերը ընդամենը հաշված օրեր անց ընտրելու են իրենց երկրի Նախագահին: Եվ բանն այն է, որ այս ընտրությունները մյուսներից առավել կարևոր են հենց ձեզ համար: Եվ գիտե՞ք ինչու: Մի քանի օրից դուք կմտնեք քվեարկության խցիկ. և երբ գրչի մի հարվածով կկատարեք ձեր ընտրությունը, իմացե՛ք, որ ձեր կատարած ընտրությունը կերտելու է այնպիսի երկիր, որում պիտի ապրեք ինքներդ՝ տարիներ ու տասնամյակներ: Գրչի ձեր հարվածով ինքներդ պիտի ապագա ընտրեք ձեզ համար և մեր բոլորի համար:

Այո՛, գալիք երկուշաբթին ձեր ուսերին մեծագույն պատասխանատվություն է դնելու: Պատասխանատվություն՝ սեփական ապագայի համար: Դժվա՞ր է: Սակայն սա է ճշմարտությունը: Մեծ խնդիրների՝ տնտեսության ու աշխատանքի, հարկերի ու կրթության, պատերազմի ու խաղաղության մասին բոլոր որոշումները, որ կայացնում ենք մենք՝ որպես պետություն, որպես երկիր, որպես ազգ, ահա այս բոլոր որոշումները ամենաանմիջական, ամենաուղղակի կերպով ազդելու են ձեր կյանքի վրա: Եվ ուզում եմ, որ իմանաք՝ ես միշտ հիշում եմ այս մասին այն պահերին, երբ կայացնում եմ նման որոշումներ: Որովհետև դրանք որոշումներ են, որոնք ազդելու են նաև իմ Մարիամի, իմ Արայի, իմ Սերժի՝ իմ թոռների ճակատագրերի վրա:

Այսպես է եղել և լինելու է միշտ՝ մի սերունդը որոշումներ է կայացնում գալիք սերնդի համար: Բայց արի ու տես, որ հենց ձեր սերնդին, սիրելի՛ երիտասարդներ, ձե՛ր սերնդին է վիճակված ընտրել երկրի համար ճակատագրական ուղին: Իմ սերունդը ավելի քան երկու տասնամյակ առաջ կայացրեց իր ընտրությունը: Պայքարեց իր ընտրած ճանապարհով ընթանալու իր իրավունքի համար: Վճարեց արյամբ ու քրտինքով: Անկախ Հայաստան կերտեց իր ընտրությամբ ու պաշտպանեց իր ընտրությունը դաժան մարտերում ու հոգնատանջ օրերում: Կրելով բոլոր զրկանքներն ու վշտերը, որ կարող են բաժին հասնել իր ընտրած պատվաբեր, բայց դժվարին ճանապարհով ընթացող մարդուն: Վայելելով ողջ հպարտությունն ու երջանկությունը, որ հասու է միայն իր ընտրած ուղու ճշմարտացիությանը հավատող, վստահ ճամփորդին: Ահա, եկել է և ձեր սերնդի՝ ընտրություն կատարելու ժամանակը: Եվ հավատացեք, ընտրությունն այդ նույնքան կարևոր է, որքան շուրջ երկու տասնամյակ առաջ: Ձեր ընտրությունն է որոշելու, թե ուր է շարժվելու մեր երկիրն այս պահից սկսած: Ուզում եմ հավաստիացնել, որ եթե վստահեք իմ ու ձեր ուխտին, ապա կշարունակեմ անել ամեն հնարավորը, որ դուք լավ կրթություն ստանաք, մասնագիտություն ձեռք բերեք և լավ վարձատրվող աշխատանք գտնեք, ոչ թե օտար ափերում, այլ այստեղ՝ ձեր հողում, ձեր ընտանիքների կողքին:

Ուզում եմ խնդրել, սիրելի՛ երիտասարդներ, որ մեր երկրի համար ձեր ճակատագրական ընտրությունը կատարելուց առաջ պատասխանեք մի քանի կարևոր հարցերի:

Ցանկանու՞մ եք արդյոք ձեր արդար վաստակով ձեր սեփական բնակարանը գնելու հնարավորություն ունենալ, ձեր դժվար օրերին կամ վատառողջ ժամին թիկունքում զգալ պետության օգնող ձեռքը, դեռ մի բան էլ կենսաթոշակ կուտակել՝ հանգստի անցնելու տարիներն ապահով վայելելու համար:

Ցանկանու՞մ եք արդյոք ավելի որակյալ կրթություն և դրա դիմաց վճարելու հնարավորություն ունենալ: Ցանկանու՞մ եք արդյոք, որ ձեր ուսմանը հաջորդի աշխատանքը՝ ձեր մասնագիտությամբ:

Ուզու՞մ եք, որ մեր երկրում արդարությունը դառնա անշրջելի: Ուզու՞մ եք սեր պարգևել ու հարգանք վայելել: Ուզու՞մ եք ժպիտ տեսնել անցորդների դեմքերին: Բաց սրտով ողջունել հայրենակցին երկրի ցանկացած անկյունում: Ձեռք մեկնել ոչ թե մյուսներին ի ցույց, այլ որովհետև չբարևել չեք կարող:

Ուզու՞մ եք արդյոք ապրել խաղաղ երկրում, անվտանգ տարածաշրջանում: Ուզու՞մ եք, որ ձեր բանակը լինի կարգապահ, ապահով ու մարտունակ: Ուզու՞մ եք ապրել ողջ աշխարհին հաղորդակից: Աշխարհի հետ խոսել իր լեզվով: Հավասարի պես:

Կամենու՞մ եք, որ այս երկիրը տարածաշրջանում ոչ միայն ամենակարգապահ ու ամենամարտունակ բանակն ունենա, այլև ամենախորաթափանց ու ամենահեղինակավոր դիվանագետները: Մնա հուսալի գործընկեր: Դառնա հզոր դաշնակից: Կուզենա՞ք, որ «հայ» բառն օտարերկրացու շուրթերում հնչի ակնածանքով: Որ թշնամու շուրթերը դողան այդ բառը լսելիս անգամ:

Ցանկանու՞մ եք, որ ձեր ազգակիցը, աշխարհի որ անկյունում էլ լինի, ուժ առնի հենց միայն ձեր հպարտ ու զրնգուն հայերեն խոսքից: Ցանկանու՞մ եք ի զորու լինել օգնության հասնելու ձեր ազգակցին աշխարհի ցանկացած անկյունում: Կուզենա՞ք մարդ, քաղաքացի ու հայ լինել այնպես, ինչպես հենց դուք եք ուզում: Որտեղ էլ որ ծնված լինեք, ինչ կարգավիճակ էլ ունենաք, ինչին էլ հավատաք կամ չհավատաք:

Ահա սրանք են երկրի ճակատագիրը որոշող կարևորագույն հարցերն այսօր: Այս հարցերի պատասխանների փնտրտուքներում, դրանց պատասխանելու բեռի տակ են անցել վերջին հինգ տարիները: Դրանց շուրջ է պտտվում այս ընտրարշավը: Ոչ թե քվեարկության օրվա ժամկետների, շոուների ու կոկորդ պատռելու շուրջ: Եվ ես այսօր մասնակցում եմ այս ընտրապայքարին միայն մեկ պատճառով: Որպեսզի դուք, սիրելի՛ երիտասարդներ, նաև դուք, սիրելի՛ քույրեր ու եղբայրներ, ազատ կամքով, գլուխներդ բարձր, ազնիվ սրտով ու արժանապատվությամբ կարողանաք ինքներդ պատասխանել դրանց: Նայեք ձեր պատասխանների աչքերի մեջ ու ժպտաք՝ տեսնելով, որ ապագան ժպտում է ձեզ ձեր պատասխաններում: Մեկդ մյուսին հարցեր առաջադրեք ու պատասխանեք  իրար, միասին գրեք ձեր ապագայի գիրքը: Մեր ընդհանուր ապագայի գիրքը: Նոր Հայաստանի գալիքը, որ մի օր պիտի ապահով ու հպարտ երկրի պատմություն դառնա:

Մեր ու մեր զավակների երկիրը: Ապահով Հայաստանը:

Ուրեմն, առա՛ջ, սիրելի երիտասարդներ, սիրելի գավառցիներ, դեպի ապահով Հայաստան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter