HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Անդրիաս Ղուկասյանի տված տխուր դասերը

Արդեն 25 օր հացադուլի մեջ գտնվող նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը սրտնեղում է, որ հիմա իր առողջական վիճակի հարցն ավելի շատ է քննարկվում, քան այն քաղաքական, քաղաքացիական պահանջները, որոնք ընկած են հացադուլի դիմելու հիմքում: Բայց դա բնական է: Նախ` որևէ բանական մարդու չի կարող չմտահոգել հացադուլ հայտարարած մեկ այլ մարդու առողջությունը` անկախ նրա պահանջներից: Դա հումանիզմի հարց է: Եվ երկրորդ` հացադուլի հիմքում հենց առողջության քայքայման սպառնալիքն էլ դրված է, և եթե այն չի մտահոգելու մարդկանց, այն շրջանակներին, որոնց ուղղված է այդ ակցիան, ապա բացարձակապես իմաստազրկվում է պայքարի այդ ծայրահեղ միջոցին դիմելը:

Հետևաբար, խնդիրը բոլորովին այն չէ, թե ինչու է թեկնածուի առողջությունն ավելի կարևորվում: Այլ այն, թե ինչու առհասարակ չեն կարևորվում նրա ներկայացրած քաղաքական պահանջները: Իսկ դա ունի երկու հիմնական պատճառ: Առաջինն այն է, որ Անդրիաս Ղուկասյանը ներկայացրել է պահանջներ, որոնք գործնականում կատարման ենթակա չեն, որովհետև դրանք զուտ իրավական առումով ուղղված են այլ անձանց, տվյալ դեպքում՝ գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի ընտրվելու իրավունքի դեմ:

 Երբ ԿԸՀ-ի առջև պահանջ է դրվում չեղյալ հայտարարել նրա թեկնածության գրանցումը, այսինքն՝ արգելել Սերժ Սարգսյանին վերընտրվել, պետք է ներկայացվեն այնպիսի իրավական հիմքեր, որոնք կարող են ԿԸՀ-ի այս կամ այն որոշումը առնվազն դատական վիճարկման առարկա դարձնել: Հակառակ դեպքում յուրաքանչյուրը կարող է պահանջել յուրաքանչյուրի չգրանցումը` առանց հիմնավորելու իր պահանջը: Չկա որևէ փաստաթուղթ, որը կարող է ապացուցել կամ գոնե վիճարկելի դարձնել Սերժ Սարգսյանի կողմից ընտրությունները կեղծելու հանգամանքը, չնայած այն բանին, որ նախորդ բոլոր ընտրություններն անցել են կեղծիքներով, իսկ ընտրված նախագահի լեգիտիմությունը, զուտ հասարակական ընկալման և վստահության տեսանկյունից, չափազանց խոցելի է եղել:

Ընտրությունները ֆիկցիա են դարձնում ոչ թե այս կամ այն, նույնիսկ իշխանության թեկնածուի` այդ ընտրություններում մասնակցելը, այլ այն ամբողջ ենթահամակարգը, գործիքակազմը, որոնք օգտագործվում են ընտրությունների կանխորոշվածությունն ապահովելու համար: Պատահական չէ, որ 2008-ի ընտրություններին հացադուլի դիմողներ չկային, թեև այն ժամանակ էլ ակնհայտ էր, որ սեփական թեկնածուին անցկացնելու համար իշխանական համակարգը դիմելու է կեղծարարության շատ ավելի կոշտ ու բիրտ միջոցների: Ինչու՞, որովհետև այն ժամանակ կար մրցակցություն, և այդ մրցակցությունը պարտադրում էր Տեր-Պետրոսյանի շուրջ ի հայտ եկած նոր որակի ընդդիմությունը հասարակության լայն աջակցության միջոցով:

Ահա թե ինչու ստացվում է, որ Ղուկասյանը հիմա ոչ այնքան հացադուլ է անում իմիտացիոն ընտրությունները կանխարգելելու, որքան խորքային իմաստով` այլընտրանքային թեկնածու չլինելու պատճառով: Ի վերջո պարզ է, որ եթե ինչ-որ հրաշքով Սերժ Սարգսյանի թեկնածությունը հանվի` ի կատարումն Ղուկասյանի պահանջի, ապա նոր ընտրություններում իշխանությունը իր նոր թեկնածուին է առաջադրելու` նրա օգտին ունեցած վարչական, քրեաօլիգարխիկ ու կազմակերպչական ռեսուրսներն օգտագործելու նույն պատրաստակամությամբ: Ինչ է` այն ժամանակ Ղուկասյանը նորի՞ց է դիմելու հացադուլի: Եվ առհասարակ, ինչպե՞ս կարող է որոշվել` ով է իշխանության թեկնածուն, ով` ոչ: Սա սկզբունքային սխալ է, որն ընկած է Ղուկասյանի պահանջների հիմքում, դրա համար էլ այն հասարակական աջակցություն չի ստանում ու չի քաղաքականանում:

Երկրորդ պատճառը բխում է նախորդ մտքից: Որպեսզի առաջին պլան մղվի ոչ թե առանձին վերցրած Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակի, այլ առաջարկած պահանջների հարցը, թերևս անհրաժեշտ էր, որ նա ԳԱԱ-ի առջև վրանում մենակ չլիներ: Այսինքն՝ ոչ միայն այդ պահանջների արդարացիության ու ճշմարտացիության հետ համամիտ կողմնակիցներ լինեին, այլ նաև նույն մեթոդով դրանց կենսագործման համար պայքարելու պատրաստակամ ուժեր կամ քաղաքացիներ: Որևէ պահանջ դառնում է քաղաքական այն պահին, երբ դա անձնականից վերածվում է համահասարակականի: Որքան էլ խորքային իմաստով Ղուկասյանի բողոքն արդարացի է, նրա պահանջներն ընկալվում են որպես մասնավոր, քանի որ դրանց համար միայն նա ինքն է պայքարում: Դրա համար էլ հացադուլը քաղաքական պրոցեսի, շարժի չի վերածվում: Որևէ իշխանություն հակված կամ պարտադրված է լինում որևէ քայլ կատարել կամ մտադրվածից հրաժարվել միայն այն ժամանակ, երբ գործ է ունենում ոչ թե մեկ անձի, այլ հանրույթի կազմակերպված բողոքի հետ:

Մյուս կողմից` եթե դա քաղաքական ակցիա է, ապա պետք է առնվազն ենթադրի տրամաբանական հետևանքներ կամ հետագա գործընթացների տեսլական: Մինչդեռ այս հացադուլի պարագայում դրանք տեսանելի չեն: Երբ 2008-ին Տեր-Պետրոսյանը գալիս էր ասպարեզ, նա առաջարկում էր իր պլանը կենսագործելու կոնկրետ ծրագիր` ինչից հետո ինչ է լինելու և ինչպես: Դա էր պատճառներից մեկը, որ այդքան արագ և այդքան հաջող կերպով կարողացավ հասարակական շարժում առաջացնել: Ղուկասյանը դա չի կարող անել, որովհետև նրա քայլերը ծրագրավորված չեն ու չունեն պատճառահետևանքային ընդհանուր պլատֆորմ: Հենց սա էլ նրան հեռացնում է այսպես կոչված տեղական Մահաթմա Գանդի լինելուց, որքան էլ փորձեն այս կարգի համեմատություններ անցկացնել:

Սակայն Ղուկասյանի այս ակցիան բոլորովին այլ ուղղությամբ մտորելու տեղիք է տալիս: Գուցե զուտ պահանջների ձևակերպման, ծրագրային մոտեցում չցուցաբերելու առումով Ղուկասյանն անփորձություն կամ շտապողականություն է ցուցաբերել: Սակայն հացադուլի անցած 24 օրերը ցույց տվեցին, որ չկա ընտրված մեթոդի համատեքստում այդ սխալները կամ թերություններն ուղղելու և պայքարն ավելի հղկված ու հետևողական մղելու, այն քաղաքականի վերածելու հանրային ու քաղաքական ընկալումը: Անձնազոհությունը, որն ընկած է Ղուկասյանի ընտրած մեթոդի առանցքում, չի ընկալվում որպես քաղաքական կատեգորիա և պահանջատիրության ատրիբուտ: Փաստացի թե՛ Ղուկասյանին և թե՛ հանրությանը հասկանալ են տալիս, որ չկան սեփական կյանքը բարելավվելու, իշխանությունը վերադարձնելու նպատակի համար անձնազոհ քաղաքացիներ և քաղաքական ուժեր: Եթե դրանք լինեին, Ղուկասյանը գուցե մենակ չլիներ կամ նրան զուգահեռ հացադուլի, այլ տիպի ակցիաների դիմողներ լինեին: Եվ սա ոչ միայն զարմանալի է, այլև չափազանց տխուր:

Ընդամենը 5 տարի առաջ մարդիկ հանուն ինչ-որ գաղափարի 10 օր շարունակ վրանային նստացույցերից դուրս չէին գալիս և պատրաստ էին դուրս չգալ այնքան ժամանակ, որքան կպահանջվի: Այդ օրերին 10 զոհ արձանագրվեց, և անկախ հանգամանքներից` դրանք քաղաքական ու քաղաքացիական պայքարի զոհասեղանին դրված զոհեր էին: Այն ժամանակ Տեր-Պետրոսյանի «թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի» չարենցյան գաղափարաբանությունը մոգական ազդեցություն թողեց: Այդ ժամանակ իշխանությունը, թերևս, հասկացավ, որ նույն կերպ, ժողովրդի, քաղաքացու նկատմամբ նույն ապատիայով ու ցինիզմով շարունակել չի կարող:

Այսօր, սակայն, պարզվում է` անձնազոհությունն այլևս կատեգորիա չէ, պայքարի արդյունավետ ձև չէ: Արդյոք սա՞ չէ պատճառը, որ իշխանության թեկնածուն իրեն այսքան ազատ ու անբռնազբոս է զգում շարքային քաղաքացու հետ սովորական խոսակցության ժամանակ, իրեն թույլ տալիս իր կարգավիճակին ոչ հարիր բառապաշար: Եվ դա այն թեկնածուն է, ով 2008թ. համերաշխության, միասնականության կոչեր էր անում, ով թերևս ամենազուսպն էր իր քաղաքական հայտարարություններում ու վարքագծում:

Սա թույլ է տալիս երկու եզրակացություն անել: Նախ` ոչ թե տեղի է ունենում քաղաքական դաշտի ընդհանրական մարգինալացում, այլ առհասարակ՝ թե՛ հասարակական և թե՛ քաղաքական մակարդակներում կորչում է քաղաքական իրավունքների համար պայքարելու անհրաժեշտության ընկալումը: Բացառությամբ Սերժ Սարգսյանի` բոլոր թեկնածուները պնդում են, որ ընտրությունները կեղծվելու են: Բայց չնայած դրան` շարունակում են պրոցեսի մեջ մնալ խաղի այն կանոններով, որոնք թելադրվում են իշխանության կողմից: Ինքնամեկուսացումը, պատասխանատվությունից հրաժարվելը, որոնք բնականորեն հակասում են պայքարելու տրամաբանությանը, այսօր համարվում են միանգամայն օրինաչափ երևույթներ և արձագանք հաստատված իրողություններին:

Երկրորդ` քաղաքական իրավունքները դեռևս քաղաքական պայքարի մոտիվացիա չեն: Զարմանալի է, որ երբ Անդրիաս Ղուկասյանը պայքարում էր Մաշտոցի պուրակում կրպակների տեղադրման դեմ, նրա բրիգադում բազմաթիվ ակտիվիստներ կային: Երբ բնապահպանական շարժումներ են կազմակերպվում Թեղուտի, Խոսրովի արգելոցի և այլ բնապահպանական խնդիրների առնչությամբ, հնարավոր է լինում Կառավարությանը մղել զիջումների: Բայց Հայաստանում քվեն պաշտպանելու, վերահսկելիություն ապահովելու համար, որը փաստացի մնացած բոլոր իրավունքների նախահիմքն է, այդ պայքարը, չգիտես ինչու, միշտ ձախողվում է...

Մեկնաբանություններ (1)

Henri
Ինծի համաձայն այս ընտրութիւններուն կարեւորագոյն դաս տւողը երիտասարդ Ա`Ղուկասեանն է որ մի քանի բառերով խտացուցած է երկրին իսկական կացութեան պատկերը։Միւսները բարի կամքով լի խամաճիկներ կը թուն`Հայրիկեան - Մայրիկեան խաղցնելով ժամավաճառութեամբ զբաղած են ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter