HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ընտրատեղմասերի 16 տոկոսն է հասանելի հաշմանդամություն ունեցող մարդկանց

«Երևանում 407 ընտրական տեղամասերից միայն 35-ն է լիովին հասանելի սայլակով ընտրողի համար: Կա ևս 42-ը, որոնք հիմնականում մատչելի են, այսինքն՝  կա աննշան խոչընդոտ  և հաշմանդամություն ունեցող մարդուն  հարկավոր է օգնական: Արդյունքում ստացվում է,  որ տեղամասերի 7 տոկոսը լրիվ մատչելի է, իսկ 9 տոկոսը՝  հիմնականում մատչելի»,- այս մասին այսօր Մեդիա կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց «Ունիսոն» ՀԿ-ի նախագահ Արմեն Ալավերդյան:

Համատեղ ասուլիսի ժամանակ «Փարոս» ՀԿ-ի նախագահ Սուրեն Օհանյանը նշեց, որ ընտրատեղամասերի վիճակն առավել վատ է մարզերում. «Խորհրդարանական  ընտրությունների ժամանակ մենք մոնիթորինգ ենք անցկացրել, ըստ որի` մարզերում ընտրատեղամասերի միայն 20 տոկոսն է  մատչելի հաշմանդամների համար»:

Այս 20 տարիների ընթացքում եղել է ընդամենը 5 տոկոսի բարելավում: Օհանյանի խոսքով՝ 15 տոկոսի մատչելիությունըշենքերն ունեն` իրենց դիրքից ելնելով. «Այդ 5 տոկոսն էլ կատարվել է ՀԿ-ների ջանքերով: Շատ քիչ տոկոս են կազմում պետական միջոցները: Օրինակ` Մեղրիում կա ընդամենը մեկ ընտրատեղմաս, որը հարմարեցված է հաշմանդամություն ունեցող մարդկանց տեղաշարժվելուն: Այնուամենայնիվ, անցյալ տարի ակտիվ աշխատել ենք ԿԸՀ-ի հետ, արդյունքը եղավ այն, որ երեք մարզերում ունեցանք 100 մատչելի տեղամաս: Բայց, ցավոք, թեքահարթակները վտանագավոր են կառուցված.  միջազգային չափանիշները հաշվի չեն առնված»:

ՀԿ-ի նախագահը կարծում է, որ մինչև ԱԺ-ում չուենանք հաշմադամ սայլակին նստած պատգամավոր, այս խնդիրները չեն լուծվի. «Դա ցույց է տվել նաև միջազգային փորձը: Մեր մեջ կան մարդիկ, որ կարող են լինել ԱԺ-ում և ոչ մեկին  չեն զիջում»:

ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանը հաստատեց, որ ոլորտի բարելավման համար բավարար քայլեր չեն արվում. «Սա այն ոլորտն է, որ գրեթե ոչինչ չի արվել և մատնված է անգործության: Կառավարությունն ունի հաշմանդամների վերաբերյալ մի շարք նախագծեր, որոնք որոշակի պատճառներով հետաձգվել են»: Ըստ նրա՝ միայն օրենքները չեն, որ պետք է դրանք իրականացնեն, քանի որ կարող են լինել շատ լավ գրված օրենքներ, որոնք չեն  կիրառվում կյանքում. «Եթե մենք ուզում ենք  ինտեգրվել եվրոպական արժեքներին, ապա առաջին հերթին պարտավոր ենք զբաղվել հաշմանդամների խնդիրներով, քանի որ բոլոր մարդիկ հավասար են` անկախ իրենց ֆիզիկական կարգավիճակից»:

Վերջում Սուրեն Օհանյանը հավելեց, որ պետությունը պետք է խնդրի լուծման համար գումարներ ծախսի. «Մեր պետությունը պետք է գումարներ ծախսի, որպեսզի  ոչ միայն  ընտրական տեղամասերը դառնան մատչելի, այլև հասարակական կյանքը: Մենք այսօր  չունենք գոնե մեկ տրանսպորտ, որը  նախատեսված է հաշմանդամների համար: Այս հարցերը պետք է մտնեն իրավական դաշտ»:

Արև Ավագյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter