HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Տարեկան գրանցվում է մանկական քաղցկեղի 80-90 նոր դեպք, իսկ մանկական ուռուցքաբաններ չեն պատրաստվում

Երեխաների դեպքում ամենից հաճախ հանդիպում է արյան քաղցկեղը 

Փետրվարի 15-ը մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է: Աշխարհում տարեկան մոտ 200 հազար երեխա հիվանդանում է առաջնային չարորակ ուռուցքով, և ամեն օր 250 երեխա մահանում է քաղցկեղից:

Հայաստանում տարեկան գրանցվում է առաջնային չարորակ ուռուցքով հիվանդ 80-90 երեխա: Ուռուցքաբանության ազգային կենտրոնի (ՈւԱԿ) մանկական ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար, ուռուցքաբան, «Քաղցկեղով երեխաների բարեկամներ» ՀԿ-ի նախագահ Գրիգոր Բադալյանն այսօրվա մամուլի ասուլիսում ասաց, որ վերջին ցուցանիշը 10 տարում առանձնապես չի փոփոխվում: Հայաստանում գրեթե 10 անգամ ավելի շատ երեխաներ հիվանդանում են բարորակ ուռուցքներով: Քաղցկեղը 1-16 տարեկան երեխաների մահացության 2-րդ պատճառն է:

Երեխաների մոտ ամենից հաճախ հանդիպում է արյան քաղցկեղը (լեյկեմիա), որը կազմում է չարորակ ուռուցքների մոտ քառորդը: 2-րդը ավշային համակարգի չարորակ ախտահարումներն են (լիմֆոմաներ), 3-րդը գլխուղեղի, կենտրոնական նյարդային համակարգի ուռուցքներն են: Ավելի քիչ են հանդիպում ոսկրային, երիկամի, սեռական օրգանների քաղցկեղները:

Քաղցկեղով հիվանդ երեխաների թիվը գագաթնակետին է հասնում է 2-4 և 11-14  տարիքային խմբերում:

Ուռուցքաբանի խոսքով՝ եթե մեծահասակների դեպքում որոշ դեպքերում կարելի է հայտնաբերել քաղցկեղի առաջացման պատճառը, ապա երեխաների դեպքում դա ավելի դժվար է, քանի որ երեխաները չեն հասցնում իրենց կյանքում ստանալ քաղցկեղածին նյութեր, ունենալ նախաքաղցկեղային հիվանդություններ և այլն:

Հաշվի առնելով Հայաստանի տարբեր շրջանների երեխաների՝ քաղցկեղով հիվանդացության վիճակագրությունը՝ Գրիգոր Բադալյանն ասում է, որ ավելի շատ հիվանդանում են այն երեխաները, որոնք ենթարկվել են խրոնիկ սթրեսի: Առաջին հերթին դրանք Շիրակի մարզի և սահմանամերձ գյուղերի երեխաներն են:

Հայաստանում քաղցկեղից լիովին բուժված երեխաները կազմում են 65 տոկոս

Չարորակ ուռուցքներով երեխաները ստանում են բուժման 1 փուլ (քիմիաթերապիա, վիրահատություն), հետո 3-4 շաբաթ հանգստանում: ՈւԱԿ-ի մանկական ուռուցքաբանության բաժանմունքում այժմ կա չարորակ ուռուցքով հիվանդ մոտ 30 երեխա, որոնցից այդ պահին բուժվում է 11-ը: Բաժանմունքի հսկողության տակ է մոտ 400 երեխա, ովքեր վերջին 10-15 տարվա ընթացքում արդեն բուժվել են: Իսկ Արյունաբանության կենտրոնի հսկողության տակ է նախկինում լեյկեմիայով հիվանդ, արդեն բուժված մոտ 500 երեխա:

ՈւԱԿ-ի մանկական ուռուցքաբանության բաժանմունք տարեկան ընդունվում է 200-ից ավելի երեխա, այդ թվում նախկինում բուժված այն երեխաները, ովքեր այժմ կրկնակի են բուժվում: Բաժանմունքը ստեղծվել է 1994թ.: Ստեղծման սկզբնական տարիներին ընդունվում էր տարեկան 80-100 երեխա: Բաժանմունք ընդունվող երեխաների թիվը աճը Գրիգոր Բադալյանը բացատրում է նրանով, որ բուժումն արդյունավետ է, քիմիաթերապիան զարգացել է, բաժանմունքում սկսել են կիրառել ինտենսիվ բուժման սխեմաներ, լայն զուգակցող թերապիա, որն օրգանիզմին թույլ չի տալիս տուժել քիմիաթերապիայից:

«Երեխաները բուժումը տանում են լավ, և կրկնակի կուրսերը շատանում են: Մանկական քաղցկեղը բուժվում է ավելի լավ, քան մեծահասակներինը, որովհետև իրենք շատ զգայուն են քիմիաթերապիային՝ դեղորայքային բուժմանը: Եվ հիմնականում մեթոդը, որը թույլ է տալիս փրկել երեխաներին, քիմիաթերապիան է: Իհարկե, մնում են շատ կարևոր և վիրահատությունը, և ճառագայթայինը»,- ասում է Գրիգոր Բադալյանը:

Եթե համալիր բուժումից հետո 2 տարի չարորակ ուռուցքը չի կրկնվում, բժիշկները համարում են, որ երեխան բուժվել է և ամբողջ կյանքը կապրի առանց հիվանդության: Մեծահասակների դեպքում ռիսկի գործոնի ժամկետը ավելի երկար է՝ 5 տարի:

Քաղցկեղից լիովին բուժված երեխաները զարգացած երկրներում կազմում են 75-80 տոկոս բոլոր ուռուցքների, հիվանդության բոլոր փուլերի դեպքում: Թույլ զարգացած երկրներում քաղցկեղից լիովին բուժված երեխաների թիվը չի գերազանցում 20-30 տոկոսը: Հայաստանում քաղցկեղից լիովին բուժված երեխաների միջին տոկոսը 65 է:

Գրիգոր Բադալյանի կարծիքով՝ եթե Հայաստանն ունենար ժամանակից բոլոր սարքավորումները, ապա քաղցկեղից լիովին բուժված երեխաների տոկոսը կհասներ զարգացած երկրների ցուցանիշին:

«Շատ արագ է զարգանում տեխնոլոգիան, և զարգացած երկրներում առաջինը, ամենալավը տրվում է երեխային: Եթե կա ճառագայթային, ախտորոշիչ, վիրահատական կամ էնդոսկոպիկ նոր սարք, տրվում է մանկական ուռուցքաբանությունը: Ամենաթանկարժեք դեղը ստեղծվեց՝ տրվում է: Մենք չենք հասցնում ունենալ այդ ամեն ինչը՝ հասկանալի պատճառով, որ դա շատ թանկարժեք է: Հայաստանը չի կարող հասնել բոլոր տեխնոլոգիաներով, բայց կարելի է ունենալ գոնե ամենաանհրաժեշտը»,- ասում է Գրիգոր Բադալյանը:

Ի տարբերություն մեծահասակների քաղցկեղի՝ Հայաստանում երեխաների քաղցկեղը շուտ է հայտնաբերվում: Գրիգոր Բադալյանի խոսքով՝ այս հարցում ծնողները շատ ուշադիր են և որևէ գանգատի դեպքում դիմում են բժշկի: Ուռուցքաբանը երեխաների քաղցկեղի վաղ հայտնաբերման գործում կարևորում է առաջին օղակի՝ մանկաբույժների, ընտանեկան բժիշկների դերը, որոնք պետք է ուղղորդեն ծնողներին, քանի որ երեխայի չարորակ ուռուցքի առաջացման նախնական փուլում լինում են ընդհանուր գանգատներ, որոնք հաճախ շփոթում են տարբեր հիվանդությունների հետ:

«Ավելի լավ է ավելորդ անգամ ուղարկեն մեզ մոտ կոնսուլտացիայի»,- ասում է Գրիգոր Բադալյանը: ՈւԱԿ-ի մանկական ուռուցքաբանության բաժանմունք ամեն օր կոնսուլտացիայի է դիմում է 4-5 երեխա: Մեծ մասի դեպքում չարորակ ուռուցքի առկայությունը ժխտվում է:

Գրիգոր Բադալյան. «Մենք հիմա չունենք ոչ մի երիտասարդ բժիշկ-օրդինատոր, որը ցանկանա դառնալ մանկական ուռուցքաբան»

Մանկական ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավարը ոլորտի ամենալուրջ ու սուր խնդիրը համարում է այն, որ այսօր Երևանի պետական բժշկական համալսարանում չի դասավանդվում մանկական ուռուցքաբանություն: Գրիգոր Բադալյանն ինքը 15 տարի դասավանդել է այդ մասնագիտացումը, ուսանողների բոլոր խմբերը եղել են մանկական ուռուցքաբանության բաժանմունքում: Սակայն մոտ 5 տարի է, մասնագիտացումն այլևս չի ուսուցանվում:

«Ես վստահ եմ, որ պետք է վերականգնվի մանկական ուսուցքաբանության դասավանդումը մասնագիտական բաժնում: Այդ հարցը մեր լուծելու խնդիրը չէ: Ես իհարկե դիմել եմ դասավանդման նախորդ կազմակերպիչներին: Ներկա ղեկավարությանը ես չեմ դիմել: Բայց ուռուցքաբանության ամբիոնը, իմ կարծիքով, ոչ միայն մանկական գծով, այլև ընդանրապես, կիսված է տարբեր հիվանդանոցներում, և դա դժվարացնում է լավ, մակարդակով ուսում տալը մեր ուսանողներին: Մենք հիմա չունենք ոչ մի երիտասարդ բժիշկ-օրդինատոր, որը ցանկանա դառնալ մանկական ուռուցքաբան»,- ասում է Գրիգոր Բադալյանը:

Միաժամանակ նա ընդգծում է, որ ոլորտում մասնագետների խնդիրն ի հայտ է գալու ապագայում, և այս պահին Հայաստանում կան և մանկական, և մեծահասակների պրոֆեսիոնալ ուռուցքաբաններ: Գրիգոր Բադալյանի հավաստիացմամբ՝ այսօր հայաստանցի հիվանդը շատ քիչ դեպքերում կարիք ունի իր հիվանդությունն ախտորոշելու, հետազոտվելու և վիրահատվելու արտասահմանում: Ուռուցքաբանի խոսքով՝ այնպիսի վիրահատություն չկա, որ իրենք Հայաստանում չկարողանան անել:

«Կան որոշ մեթոդներ (ոչ ստանդարտ քիմիաթերապիան), որոնք առայժմ ներդրված չեն Հայաստանում: Հիմնականում դա այն գերբարձր քիմիաթերապիան է, որը պարտադիր շարունակվում է ոսկրածուծի կամ ցողունային բջիջների փոխպատվաստմամբ: Չնայած հիմա ընթանում են շատ լուրջ աշխատանքներ, որ շուտով ներդրվեն, բայց այդ մեթոդները դեռ ներդրված չեն, և հիմնականում դա է ստիպում երեխաներին տանել արտասահման»,- ասում է Գրիգոր Բադալյանը:

Հայաստանում ոչ բոլորը կարող են ձեռք բերել քաղցկեղի բուժման համար պահանջվող թանկարժեք դեղերը

Մանկական ուռուցքաբանության բաժանմունքի վարիչն ասում է, որ մինչև 7 տարեկան երեխաները ՈւԱԿ-ում բուժվում են ամբողջովին պետպատվերի շրջանակներում, ինչպես և մյուս բուժհաստատություններում: 2012թ.-ից կենտրոնում 7 տարեկանից բարձր տարիքի և երեխաները, և մեծահասկաները բուժվում են համավճարի սկզբունքով, այսինքն՝ պետությունը հիվանդի համար հատկացնում է գումար, որի մեջ մտնում է բուժումը:

Ասուլիսի մյուս բանախոսը՝ ՈւԱԿ-ի փոխտնօրեն, որովայնային և էնդովիրաբուժության բաժնի վարիչ, ուռուցքաբան Արմեն Տանանյանը, հավելում է, որ բացի դրանից՝ կոնկրետ քիմիաթերապիայի համար սոցիալապես ապահով խմբի հիվանդի համար հատկացվում է հավելյալ 30 հազար, իսկ սոցիալապես անապահով խմբի հիվանդի համար՝ 60 հազար դրամ, որը ծախսվում է միայն դեղորայք ձեռք բերելու վրա:

«Կան բազմաթիվ սխեմաներ, որոնք համարվում են այսօրվա լավագույն սխեմաները, որ այդ գումարների մեջ միանշանակ հիվանդ երեխաների ծնողները կամ ընդհանրապես հիվանդները, որոնք կարիք ունեն քիմիաթերապիայի, պրակտիկորեն ոչ մի հավելյալ գումար այլևս չեն ծախսում: Իհարկե կան սխեմաներ, որոնց մեջ կա դեղորայք, որտեղ, բացի այդ հատկացված գումարից, հիվանդը կամ հիվանդի հարազատը պետք է նաև վճարում անի, որ այդ դեղորայքը կարողանա ձեռք բերել»,- ասում է Արմեն Տանանյանը:

Մեկ այլ խնդիր է քաղցկեղը բուժելու համար Հայաստան ներմուծել այն դեղը, որը գրանցված չէ երկրում: Դեղ գրանցելը շատ բարդ և թանկարժեք գործընթաց է, որը կատարում են դեղագործական ընկերությունները:

«Շատ անգամ պրոտոկոլներով կարիք կա այն դեղի, որը չկա Հայաստանում: Մենք անձամբ դեղ երբևիցե չենք բերում, մենք զբաղվում ենք միայն բուժումով: Կան եզակի դեպքեր: Եթե ծնողը, օրինակ, եկավ Մոսկվայից՝ բուժումը շարունակելու, գնել է օֆիցիալ Ռուսաստանի դեղը, մենք դիմում ենք մեր ադմինիստրացիային հատուկ խնդրանքով՝ թույլ տվեք այս դեղը, որը իրոք լուրջ դեղ է: Հիմնականում, իհարկե, մերժում չի լինում, և երեխան ստանում է այդ դեղորայքը»,- ասում է Գրիգոր Բադալյանը:

Արմեն Տանանյանը հավելում է, որ վերջին 1 տարում դաշտը կանոնակարգվել է, քանի որ բոլոր դեղագործական ընկերությունները վերոնշյալ թանկարժեք դեղորայքը գրանցել են Հայաստանում, և այսօր ՈւԱԿ-ում օգտագործվում է հիմնականում գրանցված դեղորայք:

«Հարցի մյուս կողմն է՝ արդյոք այդ դեղորայքը հիվանդը կամ հիվանդի հարազատները կկարողանա՞ն ձեռք բերել, որովհետև կան այնպիսի թանկարժեք դեղորայքներ, որ այսօր, ցավոք սրտի, Հայաստանում ոչ բոլորը կարող են ձեռք բերել: Բայց միանշանակ նախապատվությունը մենք տալիս ենք երեխաներին»,- ասում է Արմեն Տանանյանը:

ՈւԱԿ-ը թանկարժեք դեղորայք (թեև փոքր քանակությամբ) ստանում է նաև մարդասիրական տարբեր կազմակերպություններից: Գրիգոր Բադալյանի խոսքով՝ վերջին 2 տարում թանկարժեք դեղեր ձեռք բերելու խնդրին օգնում է «Նվիրիր կյանք» հիմնադրամը:

«Հիվանդը, ոչ բժիշկը դիմում է այդ հիմնադրամին: Իրենք ապահովում են ամբողջ անհրաժեշտ դեղորայքով, բայց այն դեղորայքով, որը գրանցված է Երևանում և շատ թանկարժեք դեղորայք է: Այդ հարցով ոնց որ մենք ապահովված ենք եթե ոչ 100 տոկոսվ, բայց հասնում է 90 տոկոսի»,- ասում է Գրիգոր Բադալյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter