HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Մյունհաուզենների ավանտյուրիստական ընտրությունները, կամ վարագույրը փակվելուց առաջ

Եթե Մարկեսը լիներ Հայաստանում... 

Փետրվարյան այն տրագիկոմեդիան, որն ընդունված է անվանել 2013-ի նախագահական ընտրություններ, մոտենում է ավարտին: Այն մթնոլորտը, որում գտնվում էր Հայաստանը` սկսած թեկնածությունների առաջադրման մեկնարկից, վերջացրած քարոզարշավի վերջին օրով, ամբողջությամբ հիշեցնում էր մարկեսյան աբսուրդային իրականություն, որը դուրս էր բոլոր տեսակի պայմանականություններից, օրինաչափություններից և առհասարակ չափումներից: 

Քաղաքականությանը, քաղաքական տեխնոլոգիաներին, ծրագրերին, իդեալներին ու կերպարներին, որոնք դասական ընտրարշավի անքակտելի բաղադրիչներն են, փոխարինելու էին եկել մի կողմից ավանտյուրիզմը, մյունհաուզենյան արկածախնդրությունը, առանձին դրվագներում՝ դոնքիշոտյան ռոմանտիզմը, իսկ մյուս կողմից` իրականության ուղղակի անհավանական վերախմբագրումները: 

Այս իրավիճակի ստեղծման հիմնական, գուցե միակ պատճառը գործող նախագահի վերընտրության անխուսափելիության գիտակցումն էր քաղաքական ու հասարակական բոլոր մակարդակներում, ինչպես նաև այդ ընթացքը կասեցնելու համընդհանուր անկարողությունը: Ի սկզբանե ընտրությունները սկսվել էին թե՛ քաղաքական համակարգի, թե՛ հասարակական ու քաղաքացիական շրջանակների հանդեպ իշխանության տարած կապիտուլյացիոն հաղթանակով, որը կնքվեց ու ստորագրվեց խորհրդարանական ընտրություններում:

Նախագահական ընտրություններն ավարտված էին` փաստացի դեռ չսկսված: Այն ուժերը, որոնք չհամակերպվեցին այս իրականության հետ, պարզապես մի կողմ քաշվեցին: Ասպարեզում մնացին հիմնականում մի կողմից նրանք, ովքեր կամ անձնական վարկանիշի ապահովման, ճանաչելիություն ձեռք բերելու բարդույթներ ունեին, կամ նրանք, ում խնդիրն ընդամենը մրցակցայնության էֆեկտի, իմիտացիայի ստեղծումն էր, որն անհրաժեշտ էր հատկապես իշխանությանը` վերարտադրման հերթական ակտը լեգիտիմացնելու համար: 

Նման իրավիճակում, բնականաբար, չէր կարող բովանդակային, բանավիճային  ընտրարշավ ծավալվել, որովհետև գրեթե բոլորը ոչ թե պայքարելու համար էին մտել ասպարեզ, այլ ընդամենը սեփական դերերը խաղալու: Եվ պատահական չէ, որ նրանցից և ոչ մեկը, բացառությամբ Հրանտ Բագրատյանի, իր «քարոզարշավի» առանցքը չէր դարձրել հրապարակած նախընտրական ծրագիրը: Եթե կարելի էր գոնե որոշ մակարդակով բանավեճ ակնկալել այս ընտրարշավում, ապա` միայն Բագրատյանի ներգրավմամբ: Սակայն փաստն այն է, որ ընտրարշավ անցկացնող թեկնածուներից և ոչ մեկն այդպես էլ չհամարձակվեց նրա հետ ֆորմալ և ոչ ֆորմալ բովանդակային բանավեճ ծավալել: 

«Ծուռ հայելիների» ֆենոմենը

Զուտ տեխնոլոգիական հագեցվածության տեսանկյունից ընտրությունները գրեթե սնանկ էին և նշանավորվեցին չափազանց աղքատ ներկապնակով ու բյուջեով, առանց ստեղծագործական մոտեցման և վառ երևակայության: Որոշակի բացառություն կարելի է անել միայն Սերժ Սարգսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի առումով: Իշխանության թեկնածուն փորձում էր ստեղծել «ապահով երկրի» տեսլական և հանդես գալ այս գաղափարի կենսագործման կնքահոր, երաշխավորի կերպարով, իսկ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը փորձում էր հակադրել իր Հայաստանի տեսլականը Սերժ Սարգսյանի ռեալ ու իր կարծիքով գորշ «Հայաստանին»:

Սակայն չնայած այս երկու թեկնածուների միջև մրցակցության տպավորություն թողնելու որոշ արհեստական ձգտումներին, որոնք դրսևորվում էին միտումնավոր՝ Հովհաննիսյանի օգտին հեռուստատեսային լուսաբանումների, թեկնածուների միջև հեռակա ռեպլիկների միջոցով, նրանք հատման կետ, ըստ էության, չունեին: Դա ավելի շուտ ձևական, քան բովանդակային հակադրության տպավորություն էր թողնում: 

Սակայն մրցակցությունից դուրս գտնվելը, ընտրությունների ելքի կանխորոշվածությունը Սերժ Սարգսյանին թույլ տվեցին այնպիսի մանևրումներ ու ռևերանսներ կատարել, որոնք ստանդարտ իրավիճակներում ուղղակի կարող էին նրա համար բումերանգի էֆեկտ ունենալ: Ընտրարշավի վերջում նա արդեն սկսեց փորձեր կատարել` տարանջատվելու սեփական իշխանությունից, սեփական քաղաքական ու ոչ քաղաքական հենարաններից, միով բանիվ` նոմենկլատուրայի, քրեաօլիգարխիկ արատավոր համակարգից` այն դեպքում, երբ հինգ տարի շարունակ հենվում էր այդ խեղված համակարգի, այնտեղ հաստատված հոռի բարքերի ու ավանդույթների վրա:

Քվեն ինչ-որ մութ հետադիմական ուժերի, հասարակության ինչ-որ վիրտուալ թշնամիների չվաճառելու, չհանձնելու միակ երաշխիք ներկայացնելով ընտրություններում իրեն վստահելը` Սերժ Սարգսյանը համընդհանուր գորշության ու չարիքի այդ ֆոնին փորձեց հանդես գալ «մաքուր, սպիտակ, օսլայած օձիքավորի» կամ «բարի սամարացու» կերպարով: 

Նույն պատճառներով նա երբեմն այնպիսի անբռնազբոս, անհաշվենկատ վարքագիծ էր դրսևորում ընտրողների հետ հանդիպումերում ու հրապարակային ելույթներում, որ բացարձակապես չէր տեղավորվում երկրի նախագահի կերպարի շրջանակում: Բանավիճային, մրցակցային ընտրությունների պարագայում նման վարքագիծը, իրականության շրջման նման փորձերը որևէ թեկնածուի վրա հաստատապես էժան չէին նստի: Թեև մյուս կողմից` այդ դեպքում որևէ մեկն իրեն հազիվ թե նման ազատություն ու ճոխություն թույլ տար:  

Ինչևէ, վերոնշյալ երեք թեկնածուներից զատ, բացառությամբ Պարույր Հայրիկյանի և Վարդան Սեդրակյանի, մնացած 3 թեկնածուները փորձում էին խաղարկել ընտրությունների իմիտացիոն էությունը: Թե՛ ինքնաբացարկ հայտնած Արամ Հարությունյանը, թե՛ Արման Մելիքյանը և թե՛ հացադուլ հայտարարած Անդրիաս Ղուկասյանն իրենց մարտավարությունը փորձում էին կառուցել ընտրական համակարգի վերակառուցման թեզի հիման վրա` առաջարկելով ծայրահեղ տարբեր, ընդհուպ անհասկանալի կամ ավելի ճիշտ պատճառահետևանքային ընդհանուր առանցքից զուրկ մոտեցումներ: Բայց ի տարբերություն առաջին երկուսի` Անդրիաս Ղուկասյանը գոնե կոնկրետ գործողության` հացադուլի միջոցով փորձեց այդ թեզը բարձրացնել քաղաքական օրակարգի մակարդակի, թեև իրավամբ դա ավելի շատ դոնքիշոտյան ռոմանտիկ գործողություն էր հողմաղացների դեմ:

Սակայն այդ հանգամանքը, չնայած կոնցեպտուալ սխալ ձևակերպումներով արված պահանջներին, նրա համար որոշակի քաղաքական կապիտալ է ստեղծում, որը Ղուկասյանին պետք կգա հետագա հասարակական գործունեության, ինչու ոչ` հետագայում քաղաքականություն մտնելիս: Բայցևայնպես, միայն այն փաստը, որ ընտրական համակարգի արժեզրկման գաղափարը փորձ արվեց խաղարկել կամ հասունացնել հենց թեկնածուների` իմիտացիոն ընտրությունների մասը դառնալու, այդքանով հանդերձ նման ընտրությունները լեգիտիմացնելու պարագայում, ընդհանրապես անլրջացնում էր առանց այն էլ չափազանց անլուրջ, անալի այս պրոցեսը: 

Դրամա և ավանտյուրա 

Որքան էլ առաջին հայացքից թվա, թե քաշային լրիվ տարբեր կատեգորիաների մասին է խոսքը, սակայն մյուս երկու թեկնածուները` Պարույր Հայրիկյանը և Վարդան Սեդրակյանը, համադրելի էին երեք հարթություններում: Առաջին` նրանք երկուսն էլ, ըստ էության, քարոզարշավ արեցին` առանց քարոզաշավի և ինքնաբերաբար վերածվեցին այս ընտրությունների հիմնական հերոսների: Երկրորդ` երկուսն էլ, կամա թե ակամա, ընտրությունները վերածեցին ամեն ինչի, բացի ընտրություններից: Եվ երրորդ` երկուսն էլ այս պրոցեսից և իրենց շուրջը բարձրացված աղմուկից առավելագույն դիվիդենտներ շահելու մոլուցքից գլխակորույս` ամենաշատ կորուստներն ունեցան, Հայրիկյանը` հընթացս, Սեդրակյանը` արդեն իսկ կանխատեսելի` պայմանավորված Հայրիկյանի դեմ մահափորձի հետ ունեցած հնարավոր առնչություններով: 

Սեդրակյանն իր շուրջը աժիոտաժ առաջացրեց` բառի բուն իմաստով ասուլիսային ակումբներից դուրս չգալով, Պարույր Հայրիկյանը` որքան էլ կոպիտ հնչի` բացառապես իր նկատմամբ իրականացված մահափորձի միջոցով: Հանրությանը նորովի ներկայանալու ռեսուրս վերջինս ընդհանրապես չուներ: Սեդրակյանին ուղղակի ոչնչից թեկնածու դարձրին լրատվամիջոցները: Նրա պարագայում գործեց «ծաղրածուի» ֆենոմենը, երբ մարդը սկսում է իրեն առաջարկել ոչ թե իբրև ինդիվիդ, այլ այդ անհատականությունը շղարշող էքսցենտրիկ տիպ` կատարելապես նույնականանալով իր իսկ ստեղծած կերպարի հետ:

Քաղաքական ավանտյուրան, հատկապես Հայրիկյանի նկատմամբ իրականացված մահափորձի և հենց Սեդրակյանի կողմից իր անունը դրա հետ համառորեն կապելու ջանքերի շնորհիվ, մղվեց առաջին պլան և դարձավ այս ընտրությունների հիմնական բնորոշիչը: Այն կատարելապես երկրորդական դարձրեց բուն ընտրական գործընթացը: Սակայն եթե Սեդրակյանի պարագայում գործ ունենք տրագիկոմիկ կերպարի հետ, ապա Հայրիկյանի դեպքում` հիրավի դրամատիկ: Ուղղակի տխուր էր հետևելը, թե ինչպես է ողջ երիտասարդական կյանքը երկրի անկախության, ինքնորոշման գաղափարին նվիրաբերած գործիչը ՍԴ դիմել-չդիմելու նման պրիմիտիվ խաղերում վատնում տարիներ, առողջություն ու հսկայական վաստակ արժեցած իր քաղաքական կապիտալը: 

Ինչևէ, ներկայացումն ավարտվում է: Մնում է վերջին արարի վերջին գործողությունը, և նախագահական ընտրությունների վարագույրը կփակվի: Փետրվարի 18-ին կհաջորդի փետրվարի 19-ը` արտաքուստ սովորական փետրվարյան օրերից մեկը: Բայց այդ օրը Հայաստանը նոր իրականություն կմտնի` նոր քաղաքական պրոցեսների, խմորումների սպասումով, որովհետև բազմաթիվ հարցեր դեռ պատասխաններ չեն ստացել, և որովհետև... կյանքը շարունակվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter