HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բաց նամակ մինիստր նախագահ Քաջազնունիին

(Լեռ Կամսար-125) 

Ժամանակաշրջանը ճիշտ ըմբռնելու եւ գնահատելու համար պատմագրից առավել ազնիվ երգիծաբաններին ապավինելու է։

Ահա ձեզ «վարժապետների օպտիմալացման» մի փառահեղ նմուշ, որը դեռեւս շատ-շատ առաջ էր։

Ինչպես նաեւ մեր հայ ոգուն շատ հարազատ «հյուրընկալության» եւ «մեծ սիրո» դրսեւորումներ մեր հայրենակիցների մեկ այլ հատվածի նկատմամբ։

Գաղթականների նկատմամբ այս հոգատարությունն ու սերը հետո արդեն կվերաճի սերն առ «ախպարները», սերն առ  «փախստականները», սերն առ «ղարաբաղցիները» եւ ընդհանրապես սիրաթոթով վերաբերմունքը առ բոլոր «ոչ երեւանցիները»։

Մեր հյուրասեր կերտվածքի փոքրիկ խաթարումներ… Ինչ արած, փոքր ազգերն էլ ունեն իրենց փոքր թերությունները…

Վանուհի Թովմասյան

Հ. Գ. Անունս միշտ չեմ հավանել, քանզի մատնում էր իմ էթնիկ սկիզբը, հետո էլ, թարսի պես, ամուսինս ղարաբաղցի դուրս եկավ։ Դե արի, այս զույգ մահացու արատներով ապրիր այս «էլիտար» երեւանցիների շրջապատում։          

Բաց նամակ մինիստր նախագահ Քաջազնունիին 

Վսեմաշուք Տեր.

Կյանքիս մեջ բնավ մինիստրի հետ խոսած չունեի, այդ պատճառով Ձեզ ներկայանալուս այն վախն ունեցա, ինչ որ ունեցած էր Մովսեսը Փարավոնի առջեւը ելած պահուն։

Ձեզի կուգայինք խոսելու արեւմտահայ դպրոցի թշվառ ու անոր ուսուցչության թշվառագույն վիճակի մասին։

Լսած ըլլալով, որ կառավարությունը չի բարեհաճած հաստատել մեր դպրոցներու նախահաշիվը, ուզեցինք գիտնալ նախ` ճի՞շտ է այդ, երկրորդ` եթե ճիշտ է` ինչո՞ւ ճիշտ է,  քանի որ մեր հազարներու հասնող աշակերտությունը փողոցն է մնացեր` անուսում, իսկ հարյուրներու հասնող ուսուցչությունը տունն է մնացեր` անոթի։

Դուք ըսիք` այո, ճիշտ է, որ դպրոցները չենք ուզեր բանալ, քանի որ դուք «գնալու եք ձեր երկիրը, ու արդեն իսկ այս րոպեիս սկսել է տաճկահայոց վերադարձը»։

Մենք առարկեցինք, որ այս ձյունին- բուքին անհավանական կթվի վերադարձի որեւէ փորձ դեպի անապահով ու անբնակ երկիր մը, ու մանավանդ այդ իմաստով հրահանգ չկա պատշաճավոր իշխանութենե։ Հիմա գուցե երթան այն հուսահատները, որոնք կուզեն սահմանին այն կողմը մեռնիլ… ու վերջապես ըսենք, եթե նույնիսկ ճշմարիտ է, որ կերթան, խո՞մ կեսը կմնան, կամ կեսին կեսը. բացեք հինգ դպրոց, կամ երեքը, կամ երկուսը եւ վերջապես մեկը միայն…

- Ուրեմն, դուք կուզեք դպրոցները բանանք, որ տասնյակ մը ուսուցիչներ ամսակա՞ն ստանան,- վրա բերիք դուք այնքան դառն, որպես թե թուրքահայ ուսուցչի ամսական ստանալը ծանր հանցանք, կամ խիստ ամոթալի բան մը ըլլար։

Երբ առարկեցինք, թե թուրքահայ ուսուցիչն ալ մարդ է, ան ալ կուզե ապրիլ` ըսիք.

- Ապրիլ կուզե, թող երթա իր համար ապրի, կառավարությունն ի՞նչ պարք ունի ապրեցնելու զանոնոք։

Այնուհետեւ ուզեցինք քանի մը բան ալ առարկել` երբ ըսիք  «մի վիճեք»  ու անանկ թթու դեմք մը շինեցիք, որը կթարգմանվեր` բավական է, գլուխս մի տանեք, գացեք ձեր գործին, ավելի պարզ` կորեք այստեղեն։

Հոգ չէ, չենք վիրավորվիր։ Ես գեթ այն կարծիքին եմ, որ պետություն մը, ինչքան ալ պզտիկ ըլլա, անոր մինիստրը իրավունք պետք է ունենա իր մեկ հպատակին կորիր ըսելու։ Խնդիրը հոդ չէ, այլ հոն, որ թուրքահայ ուսուցչությունը ինչքան քիչ իրավունք է ունեցեր ապրելու այն կառավարության օրոք, որ «հայկական» կկոչվի։

Հայկական կառավարությունը չի ուզեր պահել չորս ամիս  ուսուցչություն մը, որին ռուսական կառավարությունը չորս տարի պահեց…

Վսեմաշո՛ւք Տեր, կհիշե՞ք ասկե երեք տարի առաջ, երբ հայերը դաշնակից պետություններեն ինքնավարություն խնդրելու կպատրաստվեին ու ինքզինքնին հաչս այդ պետությանց կուլտուրական ազգ մը ցուցադրելու համար իրենց բոլորտիքը նայեցան բան մը գտնելու որպես փաստ իրենց կուլտուրականության ու չգտան, մինչեւ որ Վալերի Բրյուսովը Ռուսաստանեն ելավ եկավ հայերու ունեցած գրական գանձը, Գրիգոր Նարեկացին հանեց ու դրավ իրեն առջեւ։ Կհիշե՞ք որքան ուրախացան հայերը, ինչքան խոսեցին, գրեցին, Հայ գրողներու ընկերության մեջ քննութան առին ու վերջն ալ եզրակացուցին` այն ազգը, որ Գրիգոր Նարեկացի ունի, արժանի է ինքնավարության։

Կտեսնա՞ք ազգի մը գրականությունը որքան մեծ արժեք ունի, իսկ ատիկա միայն դպրոցով կըլլա, դպրոցն ալ վարժապետով կըլլա, վարժապետն ալ ամսականով կըլլա։ Իսկ դուք կըսեք` ես դպրոց բանամ, որ վարժապետները ամսակա՞ն առնեն…

Այն անգամ Նարեկացի մը ունեինք, որ ցույց տվինք ու ինքնավարություն ստացանք, բայց եթե թուրքահայերը դպրոց չունենան ու երկրորդ Նարեկացի մըն ալ չծնին, դարեր հետո թուրքերը գան նորեն Հայաստանը տիրեն, չէ՞ որ մենք բան մը չենք կրնար ցույց տալ դաշնակիցներուն ինքնավարություն ստանալու համար…

Վսեմաշո՛ւք Տեր, մեր ուսուցիչները ոչ թե մեկ տասնյակ են, այլ երեսունյոթը տասնյակ։ Այո, անոնք երեք հարյուր յոթանասուն հոգի են, ողջ բանակ մը, դաս մը։

Այսօր, երբ ձեր պետությունը օգնության ձեռք կմեկնե կայարանի երկաթուղային ծառայողներուն, անոնց համար խանութ կբանա, որ աժան լուցկի ու պապիրոս առնեն, կօգնե քաղաքի կոոպերատիվներուն, որ իրենց անկման դրութենեն ելնեն, այդ նույն ձեր պետությունը թող կուտա, որ ողջ դաս մը հայկական գրի ու դպրության մշկներու` մեռնի… անոթի։ Գուցե, ինչպես շատերեն լսած եմ, Դուք ալ ըսեք, թե ձեր վարժապետները անպետք, տգետ են մեծ մասով։ Բայց ինչ ալ ըլլան, չէ՞ որ անոնցմե զատ ուրիշները չունինք, որ վաղը վերածնող Հայաստանը երթան ու լուսավորության ճրագները վառեն մեր ետ ինկած գավառներուն ու գյուղերուն մեջ։ Անոնք մեր ճրագներն են, մեկ մոմի լույս կուտան, անոնք ձեթի ճրագներն են, աղոտ քիչ մը, բայց այդ ճրագներեն ազատվելու դարմանը զանոնք հանգցնելը չէ, այլ ավելի լուսավորն անոր կողքին վառելն է։

Գարնանը ահա մենք երկիր կերթանք։ Կուգա՞ն մեզի հետ ձեր ցենզավոր, համալսարանական ուժերը, ձեր գիմնազիավարտ փափկասուն օրիորդները. կերթա՞ն Սասուն, Մուշ, Ալաշկերտ, Խիզան, Սպարկերտ, Շատախ, Կաճետ լուսավորելու` ոչ։ Ուրեմն ինչո՞ւ կփչեք մեր ձեթե ճրագները, երբ տեղը էլեկտրական ճրագներ չեք կախեր։ Մենք մութ-մութ  ինդո՞ր երթանք մեր Երկիրը։

Ժամանակով Լոբանովն ըսեր է` Հայաստանը առանց հայերու։ Իսկ դուք հիմա կըսեք, Հայաստանը առանց լույսի… Եղա՞վ։ Չէ՞ որ Հայաստանը առաջավոր Ասիայի լուսավոր երկրներեն մեկն է… Եվ այս բոլորը անոր համար, որ կես միլիոնի նախահաշիվ մը չհաստատվի։

Այո՛, կառավարությունը ֆինանսապես կես միլիոն շահեցավ, բայց բարոյապես մեկ ու կես միլիոն կորսնցուց։ Եվ ապագա պատմագիրը պիտի գրե.

«…Երբ Հայաստանի մինիստրության աթոռը բարձրացավ Հովհաննես Քաջազնունին, ռուսահայ դպրոցները բացավ, թուրքահայոցը` գոցեց…»։

Թեեւ այսպես գրելն ալ քիչ մը սխալ պիտի ըլլա, վասնզի դուք ձեր դպրոցներն ալ չեք բացեր։ Նախահաշիվը հաստատեր եք, ուսուցիչները ըստ այդմ ամսական կառնեն, բանալու հրամանը արձակված է, բայց մարդ չկա, որ դռները հրե բանա։ Անցած օր Խրիմյան դպրոցի դուռնեն ացածս պահուն` տեսա քամին զարկեր դուռը բացեր էր,  բայց մարդ չկար մեջը…

Վսեմաշուք Տեր, թույլ տվեք խոնարհաբար վայ տալու այն կառավարության, որուն դպրոցին դռները  քամիները կբանան… Իսկ գալով ուսուցիչներուն, այդ նույն պատմագիրը այսպես պիտի շարունակե.

«… Այդ նույն մինիստրի օրով` ռուսահայ ուսուցիչները ամսական կառնեին` կապրեին, իսկ թուքահայ ուսուցիչներն անոթի կմեռնեին…»։

Իսկ այդ ուսուցիչներեն շատերը զինվոր էին ամառս ու սահմանը կպաշտպանեին։ Անոնք հագեր էին սալդաթի լոք-լոք կոշիկներ ու անոնց ոտներուն տակ տասը տեղով  «պողոճակ» էր գայացեր…

Կհիշեմ, երբ 1915-ի հերոսամարտեն ետքը Վանն ազատվեցավ, իշխանությունը դեռ շաբաթ մը հայոց չանցած` Կովկասեն պաշտոնացուներու տեղատարափ էր, որ սկսավ տեղալ։ Կարեւորագույն պաշտոնները` «պատրաստի մարդիկ չունենալուս համար», կովկասահայերը բռնեցին, մեզի մնաց միայն գրագրությունն ու դռնապանությունը…

Արդ, Վսեմաշուք Տեր, եթե Դուք, որպես հայկական կառավարության գլուխ, համահայկական ոգով եք տոգորված, եթե ռուսահայերը ձեր մեկ աչքն են, թուրքահայերը` մեկալ, պետք չէ՞ սրտանց ցավիք ապագա Հայաստանի այն խոշոր հատվածին վրա, որ գրագիրներ ու դռնապաներ միայն կրնա տալ…

Ու այս բոլորը, փոքրիկ գումարի մը համար…

Գումար մը, որ եթե Պոլիս ու Եվրոպա գացող ձեր պատվիրակները շաբաթ մը չածիլվեին` պիտի գայանար։

Հետո ալ կելնեք կըսեք` եղբայրներ ենք։

Այո՛, եղբայրներ, բայց լայն օրերու համար։

Երբ ռուս կառավարությունը (Աստված իր տունը շեն պահե) առատ-առատ դրամ կհոսցներ մեզի համար, կուգայիք ամսականով մեզի «Բարեգործություն», «Եղբայրական օգնություն», «Լիազորություն» կընեիք, իսկ հիմա, որ կըսենք մեր վարժապետները սովամահութենե ազատեցեք մինչեւ քանի մը ամիսեն Երկիր երթանք, դուք մեզի Բարդողյան ձյունապատ լեռնաշղթան կցուցնեք…

Ամսականո~վ եղբայրներ…

Ու քանի որ ութժամյա բանվորական օրը կդավանեք` կըսեմ.

- Ութժամյա~ եղբայրներ…

Մինչդեռ մե՞նք։ Տեսեք ի՞նչ կըսե Երեւանի առաջնորդական փոխանորդ ու թուրքահայ դպրոցներու հոգաբարձու Խորեն եպիսկոպոսը.

- Շնորհիվ թուքահայ գաղթականների, ռուսահայ այնպիսի գյուղերում դպրոցներ բացվեցան, որոնք իրենց օրումը չէին տեսել…

Այսպես կըսե ձեր եպիսկոպոսը մեր մասին։

Վերջապես, Վսեմաշո՛ւք Տե՛ր, ի՞նչ երկարացնեմ, սատիկ բարկացած եմ Ձեր այդ եսասեր կարգադրությանը դեմ, ու եթե ինձպես մարդ մը իրավունք ունենար բարկանալու մինիստրի մը վրա` պիտի բարկանայի…

Մնամ խորին հարգանոք`
Լեռ Կամսար

919թ. հունվար 17, Երեւան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter