HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Քաղաքագետը թեկնածուներին բաժանում է 3 խմբի և 1 թեկնածուի, ով չպատկանեց խմբերից որևէ մեկին

Քաղաքագետ Գարիկ Քեռյանն այսօրվա մամուլի ասուլիսում նախագահի թեկնածուներին բաժանեց 3 խմբի՝ ըստ քարոզարշավի մեթոդների:

1-ին խմբում Սերժ Սարգսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը և Հրանտ Բագրատյանն են: Այս 3 գործիչներն ունեն որոշակի քաղաքական կենսագրություն ու քաղաքական թիմ, և նրանց քարոզարշավն ընդգրկեց ավելի մեծ աշխարհագրական տարածք: Սերժ Սարգսյանը եղավ գրեթե բոլոր մարզերում: Ըստ այցելած մարզերի աշխարհագրության՝ հաջորդում են Րաֆֆի Հովհաննիսյանը և Հրանտ Բագրատյանը:

Թեկնածուների 2-րդ խմբին Գարիկ Քեռյանը դասեց Արման Մելիքյանին, Արամ Հարությունյանին և Վարդան Սեդրակյանին: Այս 3 թեկնածուները փաստորեն չիրականացրին քարոզարշավ, հիմնականում դուրս չեկան Երևանի սահմաններից, չկարողացան մարզերի ընտրազանգվածին ներկայանալ իրենց նախընտրական ծրագրերով:

«Ես այս խմբի թեկնածուներին կարող եմ համարել ինքնագովազդով զբաղվող թեկնածուներ, որոնք ավելի շատ խնդիր ունեին հասարակությանը ներկայացնել իրենց անձը, դառնալ հանրաճանաչ՝ ինքնահաստատման ձևով, քան թե լուրջ քաղաքական պայքարի մեջ մտած անձնավորություններ էին»,- ասաց Գարիկ Քեռյանը:

Նրա դիտարկմամբ՝ թեկնածու Պարույր Հայրիկյանը տատանվում էր 1-ին և 2-րդ խմբերի միջև և ամբողջությամբ չներկայացրեց խմբերից որևէ մեկը: Պարույր Հայրիկյանը ևս իր քաղաքական կենսագրությամբ հայտնի գործիչ է, կուսակցության ղեկավար, եղել էր նախագահի թեկնածու և քարոզարշավի սկզբնական փուլում թվում էր, թե կարող է Հրանտ Բագրատյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի հետ համահավասար քարոզչություն իրականացնել:

«Բայց ցավոք սրտի, Պարույր Հայրիկյանը ավելի շատ թեքվեց դեպի 2-րդ խումբը, քան գնաց դեպի 1-ին խումբը, և փաստորեն, նա նույնպես չի իրականացրել լիարժեք քարոզարշավ հանրապետության ամբողջ տարածքում»,- ասաց Գարիկ Քեռյանը:

3-րդ խմբում Անդրիաս Ղուկասյանն է՝ միակը իր խմբում և իր գործունեության յուրահատկությամբ: Նա ևս չիրականացրեց քարոզարշավ, այլ ակցիա, որի նպատակն էր ներկայացնել հակաիշխանական դիրքորոշում և հասարակության մեջ նախօրոք ամրապնդել այն գաղափարը, որ գալիք ընտրությունները շինծու են:

«Սա, իհարկե, այնպիսի ակցիա էր, որը նախագահի թեկնածուն՝ որպես ավելի լսելի անձնավորություն, ավելի լավ կարող էր անել, քան, ասենք, եթե մասնավոր անձը դա իրականացներ»,- ասաց Գարիկ Քեռյանը:

Նրա կարծիքով՝ այս քարոզարշավի ընթացքում որևէ թեկնածուի գործունեության վրա ճնշումներ չկային, բոլոր լրատվամիջոցներն ազատ էին, որ թեկնածուներն իրենց կարծիքը հասցնեին ընտրողին, չկար սև PR, մեկ թեկնածուն մյուսին չէր վարկաբեկում:

Սակայն, ըստ բանախոսի, քարոզարշավը լիարժեք չդարձրեց այն, որ այս նախագահական ընտրությունները քաղաքականացվածության աստիճանով զգալիորեն զիջում են նախորդ բոլոր նախագահական ու խորհրդարանական ընտրություններին: Քաղաքականացվածության աստիճանի բացակայությունը Գարիկ Քեռյանը պայմանավորեց նրանով, որ հիմնական քաղաքական ուժերը չմասնակցեցին ընտրություններին: Սա հանգեցրեց քարոզարշավի ընթացքի նկատմամբ ընտրազանգվածի հետաքրքրության անկմանը:

Այս քարոզարշավի ընթացքում բացակայում էր նաև հակաքարոզչությունը՝ տեխնոլոգիա, որը բոլոր զարգացած ժողովրդավարություններում կիրառվում է: Հակաքարոզչություն անող թեկնածուները, մտնելով մրցակցային պայքարի մեջ, փորձում են ոչ թե սևացնել մրցակցի անձը, այլ բացահայտել նրա ներկայացրած ծրագրի թերությունները:

«Սա ընդահանրապես չկար, և զգացվում էր հետևյալ երևույթը, որ յուրաքանչյուր թեկնածու գործում է անկախ և անկապ միջավայրում և ընդհանրապես անուշադրության էր մատնում մյուսների ծրագրային դրույթները»,- ասաց Գարիկ Քեռյանը:

Քարոզարշավի ժամանակ բացակայում էին նաև ցանկացած ժողովրդավարական ընտրությունների ժամանակ չափազանց կարևոր հեռուստաբանավեճերը: Դրանք բազմաթիվ մարդկանց հնարավորություն են տալիս կողմնորոշվել, թե ինչ առավելություն ունեն թեկնածուների ծրագրերը, ինչ անձնական կարողություններ ունեն թեկնածուները, և ի վերջո, ում օգտին քվեարկել:

Հայաստանում հեռուստաբանավեճի միակ փորձը 2003թ. էր՝ նախագահի թեկնածուներ Ռոբերտ Քոչարյանի և Ստեփան Դեմիրճյանի մասնակցությամբ: Հաջորդող ընտրություններում՝ 2008-ին և 2013-ին, հեռուստաբանավեճեր այլևս չեղան: Մինչդեռ ԱՄՆ-ում վճռական ազդեցություն ունեցան Բարաք Օբամայի և Միթ Ռոմնիի հեռուստաբանավեճերը, որոնք ընթացան մի քանի փուլով, իսկ Ֆրանսիայում՝ Նիկոլա Սարկոզիի և Ֆրանսուա Օլանդի հեռուստաբանավեճը:

Գարիկ Քեռյանն այս քարոզարշավը բնութագրեց «դահլիճային և հեռուստատեսային»: Թեկնածուները խուսափեցին շատ մեծ զանգվածային միջոցառումներից, որոնք ընդունված տեխնոլոգիա են Արևմուտքում:

Բանախոսը նշեց, որ Սերժ Սարգսյանը, բացառությամբ 2-3 դեպքի, գերադասեց ելույթ ունենալ փակ դահլիճներում, որտեղ հավաքվել էին հիմնականում տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցները և տարբեր կառույցներում աշխատող բյուրոկրատական զանգվածը: Իսկ մնացած թեկնածուները գրեթե չկազմակերպեցին զանգվածային միջոցառումներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter