HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Նիկոլ Մարգարյան. «Երիտասարդին պետք է հնարավորություն տաս, որ ինքը ձևակերպի իր խնդիրները»

Թե որքանով են հայ երիտասարդները հետաքրքրված ընտրական գործընթացներով, փորձեցինք պարզել մշակութաբան-ազգագրագետ, պատմական գիտությունների թեկնածու Նիկոլ Մարգարյանի հետ զրույցում:

Ինչպիսի վերաբերմունք ունեն երիտասարդները ընտրական գործընթացների նկատմամբ :

Վարքի տեսակետից բոլոր հասարակություններում քաղաքական գործընթացների մեջ ներգրավվածության առումով ամենապասիվը երիտասարդներն են: Բայց որոշ երկրներում պասիվությունն ավելի մեծ չափերի է հասնում: Նման պասիվությունը հատկապես նկատելի է ավելի ավանդական հասարակություններում, որտեղ երիտասարդների շատ առօրեական, կենցաղային, իրացման խնդիրներ ձևակերպվում և լուծվում են ոչ թե անմիջապես երիտասարդների, այլ նրանց ծնողների, ազգականների, հովանավորների կողմից:

Դա նշանակում է, որ երիտասարդներն անձամբ չեն բախվում այդ խնդիրներին: Ազգականներն են սովորաբար լուծում ուսման վարձի կամ աշխատանք գտնելու խնդիրը, այնուհետև, ինչու չէ` ամուսնության, բնակարան ձեռք բերելու խնդիրները: Սա պասիվության է մատնում երիտասարդներին: 

Քաղաքական պրոցեսները,  մասնավորապես ընտրությունները, այնպիսի հնարավորություն են, որտեղ մարդիկ կարող են հայտնվել և որոնցով մարդիկ կարող են հետաքրքրվել այն դեպքում, երբ կոնկրետ շահեր ու հետաքրքրություններ ունեն, որոնք կարող են բավարարել ընտրությունների միջոցով:

Եթե իրենց շահերն իրենց կողմից չեն ձևակերպված, և իրենք ուղղակիորեն այդ շահերը բավարարելու հարցում չեն բախվում որոշակի ֆինանսական, իրավական խնդիրների, որոնց պատճառները և լուծումները հաճախ քաղաքականությունում են, բնականաբար, նրանք առանձնակի հետաքրքրություն չեն ունենա քաղաքական պրոցեսների նկատմամբ:

Իսկ, եթե, այնուամենայնիվ, նման երիտասարդները մասնակցում են ընտրություններին, ապա դա տեղի է ունենում անուղակի կերպով: Նրանք իրենց շահերով չեն մասնակցում ընտրություններին, այլ` հայրիկի, ազգականի, թաղի հեղինակության հորդորով, գուցե նաև ընտրակաշառքի հնարավորությունը բաց չթողնելու պատճառով:  Նման երիտասարդների մեծ մասի համար միևնույն է. ընտրություններ կան թե չկան, կլինեն թե չեն լինի:

Եվ ավելի փոքր թվով երիտասարդներ կան Հայաստանում, որոնք ակտիվ են, ուղղակի մասնակցություն են ունենում ընտրություններին, քանի որ իրենք են ձևակերպում իրենց շահերը. իրենք են ընտրում իրենց մասնագիտացումը, վճարում ուսման վարձը, լուծում իրենց աշխատանքի խնդիրները: Նրանք բախվում են որոշակի խնդիրների, որոնց լուծումները գտնվում են քաղաքական ինստիտուտներում, քաղաքական պրոցեսներում: Սովորաբար, նաև նրանք ավելի լավ գիտեն` ինչպես են աշխատում քաղաքական ինստիտուտները, ինչպես է գործում ընտրական մեխանիզմը:

Իսկ կարելի՞ է առանձնացնել երիտասարդների մի շերտ, որոնք ընտրությունների արդյունքներով են պայմանավորում իրենց ապագան:

Սովորաբար, դրանք այն երիտասարդներն են, որոնք անձամբ են բախվում այնպիսի խնդիրների, որոնց թե հարուցիչները, թե լուծման բանալիները քաղաքական պրոցեսներում են: Օրինակ` աշխատատեղ փնտրելու, գտնելու, նաև ստեղծելու հետ կապված նրանք բախվում են հովանավորչական և իրավական բնույթի խնդիրների, որոնց թելերը տանում են դեպի որոշակի քաղաքական ինստիտուտներ, օրենսդիր ու գործադիր մարմիններ: Այդ երիտասարդները, այդպիսով, շահագրգռված են քաղաքականությանը մասնակցել և փոխել իրենց խնդիրները քաղաքական ինստիտուտների հետ կապող հյուսվածքը:

Բայց ձևակերպված շահ ունենալը դեռ բավարար չէ: Որպեսզի նրանք վերջին քայլն անեն և գնան ընտրության, պետք է վստահ լինեն, որ իրենց առաջարկած կամ պաշտպանած մոտեցումները  իրենց նախընտրած թեկնածուի միջոցով կանցնեն և կվերարտադրվեն քաղաքական համակարգում: Այսինքն, կոնկրետ դեպքում`նրանք պիտի վստահեն ընտրական մեխանիզմին և առաջադրված թեկնածուներին: Եթե նման վստահության առիթ չկա, և առավել ևս` եթե դրա բացակայությունը հիմնված է բազմիցս կրկնված տխուր փորձի վրա, ապա մեծ է հնարավորությունը, որ նրանք չեն մասնակցի ընտրություններին:

Միաժամանակ կան երիտասարդներ, որոնք հետաքրքրված չեն քաղաքական գործըթնացներով, բայց երբ ծնողն ասում է, որ ոչինչ չի փոխվելու, մեխանիկորեն այդ մտածելակերպը նրանց է փոխանցվում:

Այդ երևույթը կա և կարող է ազդել ոչ միայն չհետաքրքրված, այլև հետաքրքրված երիտասարդների վարքագծի վրա: Բայց ամենակարևորը երկու գործոնների առկայությունն է. մեկը, որ լինի շահը ձևակերպող մարդը, ով իր խնդիրների լուծման հնարավորությունը տեսնում է ընտրական գործընթացում, և մյուսը, որ ընտրությունների մեխանիզմը գործի: Եթե մեխանիզմը գործում է, բայց շահը ձևակերպող չկա, ընտրական համակարգը չի աշխատում, եթե շահը ձևակերպողը կա, բայց մեխանիզմը սխալ է գործում, համակարգը կրկին չի աշխատի:

Եթե քաղաքական ինստիտուտներն աշխատում են փոքրաթիվ մարդկանց օգտին, ուրեմն մասնակցությունը, միևնույնն է, նվազ կլինի: Երբ մարդիկ չեն հավատում, որ ընտրական մեխանիզմը ճիշտ է աշխատում, հետաքրքրվածությունը պակասում է: Երիտասարդն ասում է` միևնույնն է մեր ուզածը չի լինելու, ինչո՞ւ գնանք այդ մեխանիզմը պաշտպանենք: Ենթագիտակցաբար մարդիկ երևի հասկանում են, որ եթե մասնակցեն ընտրություններին, բայց իրենց ձայները հաշվի չառնվեն, կնշանակի` իրենք լեգիտիմացնում են անօրինական ընտրությունները:

Բայց ավելի լավ չի՞, որ մասնակցեն ընտրություններին, և այդ քվեաթերթիկն այլ կերպ չօգտագործվի:

Ոչ, նրանք ելնում են արդյունքից: Թե ինչ կկատարվի քվեաթերթիկի հետ, դա նրանց չի հետաքրքրում: Միևնույնն է, նրանք գիտեն, որ այս իշխանությունները վերարտադրվում են: Գնան մասնակից դառնան, որ ի՞նչ:

Կարծում եմ` այսօր նաև խնդիր կա ձեր ասած ակտիվ և իր շահերը ձևավորած երիտասարդի քաղաքական դաշտ ներգրավվելու հարցում, որովհետև եթե երիտասարդը ցանկանում է մտնել այդ դաշտը, ապա պետք է կուսակցական լինի:

Եթե ցանկանում ես երիտասարդին բերել քաղաքական դաշտ, պետք է հնարավորություն տաս, որ ինքը ձևակերպի իր խնդիրները: Այսօր մենք այլասերված տարբերակի հետ գործ ունենք, և տեսնում ենք`թե հանրապետականները, ինչպես նաև այլ կուսակցություններ, ինչ եղանակով են համալրում իրենց երիտասարդական թևը. նույն ընտանիքի «պապաների» տարբերակով կանչում և ասում են` ինչ անել: Իհարկե, այդ երիտասարդները, կարող են ավելի լավ տեղեկացված լինել` թե ինչպես են աշխատում քաղաքական ինստիտուտները, քան կենսաբանական «պապաների» հովանավորության տակ գտնվող երիտասարդները:

Բայց, ամեն դեպքում, այդ շահերը ձևակերպվում են ավագների կողմից: Այդ երիտասարդներն ընդամենը կարիերիստներ են` բառի վատ իմաստով: Կատարվում է գործարք փոխհատուցման ճանապարհով` որևէ պաշտոն, «գործ» ստանալու ակնկալիքով: Բայց դա անառողջ երևույթ է, այդ երիտասարդները վտանգավոր են այնքան, որքան այն դեպքում, երբ սեփական ձևակերպված շահ չունեցողները ազգականի կամ ծանոթի հորդորով գնում են ընտրության:

Ավելի լավ է չգնան: Թող 10 երիտասարդ մասնակցի, բայց գիտակցված և իր համոզմունքների համաձայն ընտրություն կատարի, քան 10 հազարը, որ ընտրության են մասնակցում ինչ-որ մեկի ասածով: Դա  վտնագավոր է թե իշխանության համար, թե հասարակության համար, որովհետև, ի վերջո մարդիկ թվերն են տեսնում: Պատճառները չեն տեսնում` թե ինչու և ինչպես են ընտրել:

Իսկ ուղի կա՞ այդ ակտիվ երիտասարդի համար, ով չի ուզում մտնել կուսակցություն, բայց ցանկանում է իրեն դրսևորել քաղաքական դաշտում:

Այո, կա: Ուղին հետևյալն է. աստիճանաբար ընտանիքում պետք է հարգեն երիտասարդի անհատականությունը և թույլ տան ինքը լուծի իր հարցերը: Այնպես չէ, որ ծնողները բազմակողմանիորեն հովանավորելով իրենց զավակներին, միայն դրական իմաստով են ազդում նրանց ճակատագրի վրա. նրանք նաև կառավարում են երեխաներին, սահմանափակում են նրանց ազատությունը, զրկում պատասխանատու լինելու կարողությունից:

Եթե զավակներին խրախուսվի, որ ինքնակազմակերպվեն ու անձամբ ձևակերպեն իրենց շահերը, ապա վերջիններս կգտնեն եղանակներ արդեն գոյություն ունեցող կազմակերպություններից, այդ թվում` քաղաքական,  դուրս ինքնակազմակերպվելու և քաղաքական դաշտի վրա ավելի լուրջ ներգործություն ունենալու առումով: Վերջին տարիներին մեզանում եղել են ինքնակազմակերպման նման, թեկուզև փոքրաթիվ, փորձեր: Իհարկե, զուգահեռ եղել են նաև իշխանական ու ընդդիմադիր կուսակցությունների կողմից այդ շարժումները և կազմակերպությունները ուզուրպացնելու, ձուլելու փորձեր:

Բայց կարծում եմ` կա նաև հետևյալ խնդիրը. երբ իր շահերը գիտակցող երիտասարդը տեսնում է, որ փոփոխություն չի կատարվում, նա ձգտում է դուրս գնալ:

Չի՞ լինում, որ երբ մեծերը ֆուտբոլ են խաղում, երեխան ուզում  մասնակցել խաղին, բայց նրան թույլ չեն տալիս: Եթե դա մի քանի անգամ շարունակվի կրկնվել` երեխան կդադարի դիմել թույլ տալու խնդրանքով և կգնա ուրիշ խաղի հետևելու, որտեղ իրեն թույլ կտան խաղալ: Սա էլ խաղ է. քաղաքականությունը խաղ է:  

Եթե քեզ հետաքրքրող որևէ խաղի մեջ դու հնարավորություն չունես ուղղակի կամ անուղղակի մասնակցելու, ուրեմն մեծ է հավանականությունը, որ կփնտրես մեկ այլ նման խաղ, և այդ խաղը կարող է ուրիշ բակում գտնես: Դուրս գնալը նաև իր բացասական հետևանքներն է ունենում ներսում` փոփոխություններ կատարելու տեսանկյունից:

Իսկ որո՞նք են այն քայլերը, որոնցով կարելի է այս խնդիրները լուծել :

Կարծում եմ` այս գործընթացն ինքնուրույն ճանապարհով կգնա դրան հատուկ միջամտելու կարիք չկա: Այդ գործընթացի որոշ նշաններն արդեն երևում են: Գնալով ավելի շատ երիտասարդներ են ինքնուրույնանում և փորձում իրենց առջև ծառացած խնդիրներն անձամբ լուծել: 5-6 տարի առաջ ավելի քիչ թվով ուսանողներ ունեինք, որ ավարտական կուրսերում, սովորելուն զուգահեռ, աշխատում էին: Կուրսեր կային, որ այդպիսիք գրեթե չկային: Այսօր այդպիսինների թիվը շատացել է:

Դա մեծաթիվ դեպքերում նպաստել է քաղաքականության նկատմամբ հետաքրքրվածության աճին: Բայց, որպեսզի նշված հետաքրքրությունը վերածվի գործողության, և ոչ թե տեղափոխվի արտասահման, պետք է նախ ընտրական ինստիտուտն աշխատի. որ երիտասարդը անձնական շահագրգռություն ունենա` ընտրատեղամաս  գնալու և ընտրելու: Եթե վերջինս շարունակի տեսնել, որ ընտրությունները կեղծում են, որ քարոզարշավում մարդկանց անօրինական միջոցներով են մասնակից դարձնում, մեծ է հավանականությունը, որ ընտրելու չգնա:

Բայց ձևակերպված շահը կմնա, և երիտասարդը կփորձի այն  այլ «բակում» իրացնել: Չնայած, երիտասարդների` նշածս ինքուրույնացման բարձր տեմպերի դեպքում, հնարավոր է, որ, ի վերջո երիտասարդներն իրենց «բակում» էլ ստիպեն, որ ընտրական մեխանիզմը և քաղաքական հաստատությունները աշխատեն` համաձայն դրանց սահմանման և ինստիտուցիոնալ առաքելության:

Մեկնաբանություններ (2)

Արմինե Առաքելյան
Լավ հարցազրույց է, լավ կլիներ քաղաքական և քաղաքացիական մշակույթի ձևավորման մասին ու դրա անդարձելի ազդեցության մասին ևս հանգամանալից ակնարկ կատարվեր: Կրթությունը և ինքնակրթույթունը անհրաժեշտ են այդ մշակույթի ձևավերմանը երիտասարդների մոտ: Այդ մշակույթի կրողը լիարժեք քաղաքացին մասնակցում է քաղաքականության մշակման ու կենսագործման պրոցեսներին և ձևավորում է ներգործուն կերպով սահամանդադրականության խաղի օրենքները հաստատելուն և օպերացիենալ դարձնելուն:
Նիկոլ Մարգարյան
Հարգելի Արմինե Առաքելյան Անշուշտ քաղաքական ու քաղաքացիական մշակույթների ձևավորման համար կարեւոր պայմաններ են կրթությունն ու ինքնակրթությունը: Բայց վերջիններս որոշակի կայացած հաստատություններ և միջավայրի օժանդակ տրամադրություններ են պահանջում, որոնց պայմաններում հնարավոր ու ցանկալի կլինի իրացնել կրթվելու և ինքնակրթվելու նպատակադրումը: Եւ, հավանաբար շատ լավ գիտեք, որ Հայաստանի ներկա իշխող տրամադրությունների պայմաններում, ինչպես նաև կրթական հիմնարկություններում իշխող գաղափարականացվածության և մեծմասամբ` արխայիկ մեթոդաբանության պայմաններում որքան դժվար է նման նպատակադրում իրացնելը: Նույնիսկ հասարակական շատ կազմակերպություններ, որ կոչված են այդ խնդրին, դեռ տուրք են տալիս այդ արխայիզմին: Դրա համար ես նախադրյալային եմ համարում երիտասարդների էմանսիպացիան, որոնք այդուհետ կստեղծեն կամ կվերափոխեն իրենց կրթական հաստատությունները ու համապատասխան արժեքային միջավայր կձևավորեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter