HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Գարիկ Քեռյան. Հայաստանում քաղաքական բոլոր որոշումներն ընդունվում են խաշ-խորովածային մթնոլորտում

«Հետընտրական գործընթացները թերևս ավելի ակտիվ են լինելու, քան այս ընտրականը: Ընտրությունները պետք է պարպեն լարումը, որը գոյություն է ունեցել հասարակության ներսում: Ցավոք սրտի, հանգացալուծումը այս ընտրություններով թերևս չի տրվում, և ես զգում եմ որոշակի խմորումների շարունակում հետընտրական գործընթացներում»,- այսօրվա մամուլի ասուլիսում ասաց քաղաքագետ Գարիկ Քեռյանը:

Նա հետընտրական գործընթացները կապում է նոր կառավարության ձևավորման հետ: Խորհրդարանական 2-րդ ուժը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, չմասնակցեց նախագահական ընտրություններին, և հայտնի չէ, թե անդրկուլիսային ինչ բանակցություների արդյունքում Գագիկ Ծառուկյանը որոշեց չառաջադրել իր թեկնածությունը:

Գագիկ Քեռյանը ենթադրում է, որ հետընտրական գործընթացում կբավարարվեն «Բարգավաճ Հայաստանի» որոշակի պայմաններ: Եթե կազմվի կոալիցիոն կառավարություն, «Բարգավաճ Հայաստանը» մտնի դրա մեջ, ինչպես նախկինում, և իր վրա վերցնի որոշակի քաղաքական պատասխանատվություն, ապա հնարավոր է՝ առճակատումը մարի: Հակառակ պարագան այն է, որ շարունակվի միակուսակցական կառավարության գործունեությունը:

«Հայաստանը այնպիսի քաղաքական մշակույթ ունեցող երկիր է, որ բոլոր որոշումները ընդունվում են խաշ-խորովածային մթնոլորտում, կուլիսներում: Դա բոլոր տեղերին է բնորոշ, բայց Հայաստանում դա այն աստիճանի է հասցված, որ հասարակությունը քաղաքական անցուդարձի ընդհանուր իրադարձությունների 5-6 տոկոսին է հազիվ տիրապետում»,- ասաց Գարիկ Քեռյանը:

Քաղաքագետը չի տեսնում որևէ գործչի, ով կարողանա ընտրություններից հետո ընտրազանգվածին տանել հանրահավաքային, փողոցային պայքարի: Պատճառն այն չէ, որ գործիչները շատ ավելի անկարող կամ վատն են, քան Լևոն Տեր-Պետրոսյանը, ով 2008 թ. մինչև 100 հազար մարդու ոտքի հանեց հանրահավաքների: Պատճառը Գարիկ Քեռյանը համարում հասարակության քաղաքական պասիվությունը, մասնակցության ցածր աստիճանը, մարդկանց՝ հույսն արդեն ամեն ինչից կտրած լինելը և հայկական մենթալիտետը, որը փնտրում է քաղաքական պայքարի այնպիսի ձևեր, ինչպիսին արտագաղթն է:

Քաղաքագետն արտագաղթը համարում եմ որոշակի քաղաքական ակցիա: Օրինակ՝ ուկրաինացիները, վրացիները դժգոհության դեպքում դիմում են ամենածայրահեղ միջոցների և փորձում են հասնել իրենց պահանջների ի կատար ածմանը: Հայաստանում դժգոհության դեպքում մարդը պարզապես մտածում է, թե որ երկիր արտագաղթի: Գարիկ Քեռյանն ասում է, որ հայը չի մտածում որևիցե մեկի կոչով հրապարակ դուրս գալու մասին, և հավելում է, որ հասարակության էներգիան անսպառ չէ:

«Կարո՞ղ եք ասել՝ Հայաստանում այսօր ինչքան մարդ է քաղաքականապես ակտիվ: Մարզերի բնակչությունը նայում եք: 60-70 տարեկան, անթրաշ, «անպլաշ» մարդիկ, կանգնած անտարբեր, սառը հայացքներով, որպես ասենք, կրկեսի նման, թե էդ մարդը ինչ է ասում: Շատ-շատ՝ 20-30 հոգի: Մյուս կողմից նախագահը ելույթ է ունենում, ամբողջ պարտոկրատիան, բյուրոկրատիան հավաքված է, նստած է: Սրանց դեմքերին էլ ես քաղաքական ակտիվության ինչ-որ բան չեմ տեսնում»,- ասաց Գարիկ Քեռյանը:

Նա հավելեց, որ եթե վաղը որևէ թեկնածու կոչ անի կամավոր աջակցել իրեն, դուրս գալ հանրահավաքի, ապա գուցե մարզերի ծերունիներից ոմանք գնան, բայց կուսակցական պարտոկրատիայի ներկայացուցիչներից ոչ ոք չի գնա:

Լրագրողը հարցրեց, թե արդյոք Րաֆֆի Հովհաննիսյանը կկարողանա՞ հետընտրական հանրահավաքային պայքար կազմակերպել, եթե մարդիկ դժգոհ լինեն ընտրություններից: Գարիկ Քեռյանը պատասխանեց, որ դատելով Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավին մարդկանց մասնակցությունից՝ այդ թեկնածուի ընտրազանգվածը չի գերազանցելու 10-15 տոկոսը, իսկ հանրահավաքային պայքար կազմակերպելու համար պետք է ունենալ ընտրազանգվածի գոնե 45-50 տոկոսի աջակցությունը:

«Րաֆֆի Հովհաննիսյանի վարքագիծը և նրա քարոզարշավի ընդհանուր բնույթը ցույց չեն տալիս, թե ինքը այդքան ծայրահեղ ընդդիմադիր գործիչ է: Րաֆֆի Հովհաննիսյանի ամբողջ քարոզարշավից ես այն տպավորությունը ստացա, որ ավելի շատ սա բարոյախոսական, քրիստոնեական քարոզչության է: Բարի քարոզչի նման»,- ասաց քաղաքագետը:

Նա հիշեցրեց, որ, օրինակ, Լևոն Տեր-Պետրոսյանը 2008թ. բոլորովին ուրիշ բան էր ասում իր ընտրազանգվածին. «ավազակապետություն», «գողապետություն», «ոչ մի քվե հանցագործ ռեժիմին»:

Մեկնաբանություններ (1)

Թլկատինցի
Գարիկ Քեռյանը ???? Ինչու՞ կարդամ իր կարծեքները երբ նույնիսկ չգիտեմ թե ո՞վ է նա: Փոխանակ լուրը սկսել իր մեջբերումով, լրագրողց նախ պետք է ասի թե ՈՎ է ասողը: Սա տարական լրագրության սկզբունք է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter