HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Գործ չունեմ, ուզո՞ւմ ես՝ մի ժամ հետո վերեւներից լցվեն մեր տուն»

Վերջին մի քանի տարվա սովորական երեւույթ՝ լուռ, առանց եռուզեռի փողոցներ. Արմավիրի մարզի սահմանամերձ Արազափ գյուղ: Գյուղի կենտրոնական փողոցի խանութներից մեկի պատի տակ մի քանի երիտասարդ թղթախաղով էին զբաղված, իսկ համայնքապետարանի մոտակայքում մի քանի տարեց տղամարդ քննարկում էին երկրի անցուդարձը:

Ընդհատելով նրանց զրույցը՝ հետաքրքրվեցի, թե ի՞նչ սպասելիքներ ունեն ընտրություններից եւ արդյոք նրանց հետաքրքրությունների շրջանակում ընտրական թեման տեղ ունի՞:

«Ձեռք ես առնո՞ւմ. էս երկրում գյուղացին մեռած ա, գյուղացի չկա, դու ընտրությունի՞ց ես խոսում: Էս գյուղից բոլորը կգնան, կմնան իմ նման բիձեքը, կմեռնենք սկի մեզ թաղող էլ չի ըլինի: Հենց ըտենց ա ըլնելու, հավատա: Ես քեզ 100 տոկոսով եմ ասում»,-ասաց Վարդան պապը: Թեեւ նա համարձակ խոսում եւ հերթով թվարկում էր գյուղացու խնդիրները Արազափի համայնքապետի տեղակալ Հայկազ Գալստյանի ներկայությամբ, սակայն հրաժարվեց լուսանկարվել եւ նշել ազգանունը. «Գործ չունեմ, ուզո՞ւմ ես՝ մի ժամ հետո վերեւներից լցվեն մեր տուն»:

Վարդան պապը միակը չէր, ով խուսափում էր ընտրություններից խոսել: Շատերը նշում էին, որ ընտրություններին ընդհանրապես չեն մասնակցելու, պարզապես համայնքապետարանի աշխատակիցներն են իրենց համոզում, քանի որ վերեւներից էլ նրանց են ստիպում:

Արմավիրի մարզի Արազափ գյուղի խնդիրներին «Հետքն» անդրադարձել է, սակայն դրանով Թուրքիայից 500 մետր հեռավորության վրա գտնվող գյուղի խնդիրները չեն վերջանում:

Տասնամյակներ շարունակ չի գործում գյուղի մշակույթի տունը: Շենքը կանգուն է, սակայն պատուհանների ապակիները կոտրված են, տանիքը` քայքայված: Խմելու ջրի խողովակները 30 տարվա են, եւ վթարները գյուղում անպակես են, ու նման էլի խնդիրներ:

Համայնքապետի տեղակալ Հայկազ Գալստյանը եւս հաստատեց, որ գյուղացու վիճակը ծանր է, հատկապես երիտասարդները զբաղվելու միջոց չունեն, եւ սոցիալական խնդիրներն էլ գումարած՝ ստիպված լքում են Հայաստանը:

«Երիտասարդները տներից դուրս չեն գալիս, դուրս գան ի՞նչ անեն: Մի քանի երիտասարդներ խանութի պատի տակ նստած բլոտ են խաղում. ուրիշ զբաղմունք չկա»,-ավելացրեց համայնքի Հ. Գալստյանը:

Ըստ նրա` այսօր գյուղացին հույսով է ապրում, հավատ ունի դեպի իր ղեկավարը, որ ինչ-որ բան կանի, քայլեր կձեռնարկի իրեն այդ վիճակից հանելու համար:

«Իհարկե, այսօր մեր հույսը ընտրությունների հետ չենք կապում, ընտրությունների հետ ի՞նչ կապենք: Արդեն 3-րդ նախագահն է փոխվում, ընտրություններն իրանց հունով գնում են»,-ասաց համայնքի ղեկավարը նշելով, որ ինքը ՀՀԿ անդամ է եւ ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանին է ընտրելու, քանի որ «աշնանը մի քանի պաշտոնյաների աշխատանքից ազատեց, կոռուպցիաի դեմ աշխատանքներ է իրականացնում, ստվերի դեմ է պայքարում, երեւի ինչ-որ բան կփոխվի, հույսով գնում ենք դեպի ընտրություններ»:

Հայկազ Գալստյանն ասաց, որ գյուղում մի շարք խնդիրներ էլ լուծվել են, օրինակ` արդեն գազ, մանկապարտեզ ունեն, ճանապարհները վերանորոգված են եւ այլն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter