HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ՀՀ նախագահի ընտրություն. 2 մլն 505 հազար 980 ընտրող, 1988 ընտրատեղամաս և գաղտնիության երաշխիքներ

Փետրվարի 18-ին կայանալիք ՀՀ նախագահի ընտրության քվեարկության եւ դրան նախորդող օրը, քարոզչությունն արգելվում է, այսինքն` «լռության օր» է: Ըստ ոստիկանության հրապարակած տվյալների` ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը, փետրվարի 17-ի դրությամբ, 2 մլն 505 հազար 980 է, որից` այլ համայնքի հաշվառում ունեցող, ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես հանված եւ ըստ քվեարկելու օրը գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկված է 14 հազար 285 ընտրող, ՀՀ հաշվառում չունեցող, քվեարկության օրը ՀՀ-ում գտնվելու վայրի մոտակա ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկված է 502 ընտրող:

Քվեարկության օրը ընտրական տեղամասեր գործուղվող, իրենց հաշվառման վայրի ընտրողների ցուցակից հանված եւ ընտրական տեղամասում քվեարկող ոստիկաների լրացուցիչ ցուցակ ընդգրկված է 1719 ընտրող, իսկ ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում քվեարկությանը մասնակցող ընտրողների լրացուցիչ ցուցակ ընդգրկված է 1628 ընտրող:

ՀՀ նախագահի ընտրությունները կանցկացվեն վաղը` փետրվարի 18-ին: Քաղաքացիները կարող են ընտրությանը մասնակցել առավոտյան ժամը 8.00-ից մինչեւ 20.00-ը: Հանրապետության ամբողջ տարածքում գործում է 41 ընտրատարածք` ձեւավորված 1988 ընտրատեղամասերով:

Երկրի ղեկավարի պաշտոնի համար պայքարում է 7 թեկնածու` Հրանտ Բագրատյան,  Պարույր Հայրիկյան, Րաֆֆի Հովհաննիսյան, Անդրիաս Ղուկասյան, Արման Մելիքյան, Սերժ Սարգսյան, Վարդան Սեդրակյան:

Քաղաքացիների շրջանում անհանգստություն կա, թե իրենց քվեարկությունը վերահսկվում է եւ գաղտնի չէ: Նշում ենք ընտրական իրավունքին վերաբերող օրենսգրքերից մի քանի հոդվածներ, ըստ որի՝ պետությունը պարտավոր է ապահովել քվեարկության գաղտնիությունը, եւ քվեախցում բացի ընտրողից, որեւէ այլ անձ չի կարող տեսնել, թե ինչպես է նա քվեարկում կամ ում օգտին: 

Իսկ թեկնածուներին արգելվում է քարոզչության ժամանակ, ինչպես նաեւ քվեարկության ու դրա նախորդ օրը, որեւէ ձեւով շահագրգռել ընտրողին կամ այլ նպաստավոր պայմաններ առաջարկելով քվե «կորզել»:

  • «Քվեարկությունը գաղտնի է: Ընտրողի համար քվեարկության գաղտնիությունը ոչ միայն իրավունք է, այլեւ պարտականություն: Քվեարկողի կամքի ազատ արտահայտման նկատմամբ վերահսկողությունն արգելվում է»:

Ընտրական օրենսգիրք, հոդված 5.

  • «Նախընտրական քարոզչության ժամանակ, ինչպես նաև քվեարկության նախորդ և քվեարկության օրը թեկնածուներին, կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին արգելվում է անձամբ կամ նրանց անունից կամ որևէ այլ եղանակով ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել (խոստանալ) ծառայություններ...»:

Ընտրական օրենսգիրք, հոդված 18, կետ 7.

  • «Ընտրողը քվեաթերթիկը լրացնում է գաղտնի՝ քվեարկության խցիկում: Արգելվում է որեւէ ձևով տեղեկանալ, թե ընտրողն ինչպես է քվեարկում»:

Ընտրական օրենսգիրք, հոդված 65, կետ 3.

  • «Տեղամասային կենտրոնում արգելվում է կատարած քվեարկության մասին տեղեկություններ հայտնելը»:

Ընտրական օրենսգիրք, հոդված 65, կետ 7.

  • «Քվեարկության գաղտնիությունը խախտելու նպատակով ընտրողին քվեարկության արդյունքը հայտնելուն հարկադրելը, քվեարկության արդյունքը բացահայտելու նպատակով քվեարկած քվեաթերթիկը ստուգելը, քվեարկության խցիկ (սենյակ) մուտք գործելը, ինչպես նաև քվեարկության գաղտնիությունն այլ կերպ խախտելը՝ պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից երեք տարի ժամկետով»:

ՀՀ քրեական օրենսգիրք, հոդված 154:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter