HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քոչինյանը՝ դատախազության դեմ

Փետրվարի 15-ին  Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում,   դատավոր Մարինե Մելքոնյանի  նախագահությամբ, շարունակվեց Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանի կողմից  քրեական գործ հարուցելու մասին  որոշման դեմ Շնողի նախկին գյուղապետ Հայկազ Քոչինյանի բողոքի քննությունը:  Հայկազ Քոչինյանի  ներկայացուցիչ Արտակ Ոսկանյանը   դատարանին հայտնեց, որ ի լրումն իր պաշտպանյալի կողմից ներկայացրած նախկին հիմնավորումների, այս դատական նիստում ներկայացնում է  լրացուցիչ նոր հիմնավորումներ:

Նա դա պայմանավորեց դատախազ Արմեն Շիրոյանի կողմից  նախորդ  նիստին ներկայացված քրեական գործ հարուցելու հիմք հանդիսացած փաստաթղթերով, որը բացառապես հանդիսանում էր «Հետք» կայքէջի  04.12.2012թ.-ի «Բացահայտվում են  Հայկազ Քոչինյանի ապօրինությունները» վերնագրով հոդվածը:  Հայկազ Քոչինյանը դատախազի որոշման դեմ  դատարան բողոք է ներկայացրել ՀՀ դատաիրավական օրենսգրքի 290 հոդվածի պահանջներով:  Հիմնավորումներում, սակայն, պաշտպան  Ոսկանյանը  դատախազի որոշմամբ իր պաշտպանյալի իրավունքները և  ազատությունները  խախտելու վերաբերյալ ինչպես նախկին 2 նիստերում, այնպես էլ փետրվարի 15-ի նիստին դատարանին որևէ հիմնավորում չներկայացրեց: Դրա փոխարեն պաշտպանն անդրադարձավ  ՀՀ քրեադատավարական օրենսգրքի 175,180 և 182  հոդվածներով սահմանված   լրատվամիջոցների հրապարակումներով քրեական գործ հարուցելու  գործառույթներին, որոնց վերլուծություններից էլ ենթադրեց, որ  Լոռու մարզի դատախազը Հայկազ Քոչինյանի դեմ  քրեական գործ հարուցելու մասին իր որոշման մեջ շարադրել է այնպիսի տվյալներ, որոնք  չեն համապատասխանում ՀՀ քր օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով և 179 հոդվածի 3-րդ մասի առաջին  կետով  նախատեսված  հանցագործությունների հատկանիշներին:

Նա նշեց, որ քրեկան գործ հարուցելու համար նախնական հիմքերը  դատախազի որոշման մեջ իսպառ բացակայում են:  Դրանից եզրահանգելով`  պաշտպան Արտակ Ոսկանյանը ավելի հեռուն գնաց` դատարանին հայտնեց,  որ դատախազի  որոշման մտացածին  տվյալները  նույնիսկ առկա չեն  «Հետքի»`«Բացահայտվում են Հայկազ Քոչինյանի կատարած  ապօրինությունները» հոդվածում: Այսուհանդերձ, պաշտպանը շարունակեց  գնահատականներ տալ դատախազի 05.12.2012թ.-ի որոշման առանձին կետերին:  Իր որոշման  1-ին կետով դատախազը հայտնում է, որ Հայկազ Քոչինյանը 1996 թ.-ից մինչև 2012թ.նոյեմբերը, աշխատելով Շնող համայնքի  ղեկավար, հանդիսանալով պաշտոնատար անձ՝ 2007թ.-ին  անձնական շահագրգռությունից ելնելով `իր պաշտոնական  դիրքը  ծառայության շահերին հակառակ օգտագործելով` իր որդի Էդգար Քոչինյանից  շուկայականից զգալի ավել արժեքով` 4.9մլն դրամով գնել է 1991 թ.-ի արտադրության  «Մերսեդես Բենց» T-500  մակնիշի անսարք ավտոմեքենա, որը մինչև 2012թ.-ը չի շահագործվել և անսարք վիճակում կանգնած է եղել  գյուղապետարանի վարչական շենքի բակում: 

Պաշտպանը դատարանին որևէ իրեղեն ապացույց կամ փաստարկ չներկայացրեց Հայկազ Քոչինյանի այս գործարքը հերքելու մասին, սակայն  հայտնեց, որ դատախազը այդ հանգամանքը պարզել է՝ մատնանշելով «Հետքի» 2012թ.-ի  դեկտեմբերի 4-ի  հոդվածը. «Մինչդեռ այդ հոդվածում որևէ նշում չկա այն մասին, որ  Հայկազ Քոչինյանը  Շնողի համայնքի  ղեկավար աշխատելիս 1996-2012թ.թ.-ի նոյեմբեր ամիսը ավտոմեքենան գնել է անձնական շահագրգռությունից ելնելով,  պաշտոնական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և ավտոմեքենան գնել է շուկայականից  զգալի ավել  արժեքով»:

Արտակ Ոսկանյանը անտեսում էր այն պարզ հանգամանքը, որ  դատախազի և լրագրողի  մասնագիտական որակումները չեն կարող նույնատիպ լինել: Որոշման հիմք հանդիսացող անսարք ավտոմեքենայի համար «Կայծոնգազ» ՍՊԸ-ին տարեկան 1,2մլն. դրամ փոխանցելու և յուրացնելու  դատախազի գնահատականների վերաբերյալ Արտակ Ոսկանյանը ասաց. «Այսինքն՝ լրատվամիջոցի հաղորդումը, եթե հիմք ենք ընդունում, լրատվամիջոցը հստակ նշում է, որ գումարը փոխանցվել է  ՍՊԸ-ին, մինչդեռ, ըստ դատախազի, գումարը փոխանցվել է  ՍՊԸ-ին, համայնքի ղեկավարը այդ գումարը հանել ու յուրացրել է»:  

Այստեղ էլ պաշտպանը մեղանչում էր ճշմարտության դեմ, քանի որ  լրատվամիջոցը հստակ հայտնում է, որ «Կայծոնգազ» ՍՊԸ-ն  գրանցված է Հայկազ Քոչինյանի կնոջ՝  Մարինե Ավետյանի և ոստիկանության  Թումանյանի բաժնի նախկին ոստիկանապետ Արտուշ Բոշյանի քրոջ` Անժելա Բոշյանի անունով:

«Բացահայտվում են Հայկազ Քոչինյանի կատարած ապօրինությունները»  հոդվածում նշված իր պաշտպանյալի կատարած մնացած  հանցավոր արարքների համար  Արտակ Ոսկանյանը մեղավոր համարեց անգամ  ՀՀ գյուղատնտեսության նախարարությանն ու գանձապետական մարմիններին: «Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ մենք Հայկազ Քոչինյանի դեմ  մեղադրանք ենք  ներկայացրել և արդեն պատրաստվում ենք  նրան դատարանում դատապարտել»,- իր պատասխան խոսքում նկատեց  դատախազ Արմեն Շիրոյանը: 

Վերջինս  դատարանում մեկ անգամ էլ բացատրեց, որ  Հայկազ Քոչինյանի դեմ քրեական գործ հարուցելու հիմնական նպատակը ոչ թե անձին դատավարական կարգավիճակ տալն է, այլ  իրավական քննության  համար հիմք ստեղծելը. «Նախաքննական մարմինը  դեռևս Հայկազ Քոչինյանին մեղադրանք չի առաջադրել և ամբողջ  նպատակը եղել է նրանում, որ կատարվի օբյեկտիվ և բազմակողմանի քննություն` քրեական գործի շրջանակներում»,- ասաց դատախազ Շիրոյանը: Վերջինս  մեկ անգամ ևս փաստեց, որ  լրատվամիջոցի հաղորդումը դատախազությունը իսկապես  դիտում է  հանցագործության մասին հաղորդում:  Հաջորդ դատական նիստը տեղի կունենա  փետրվարի 20-ին: 

Մեկնաբանություններ (1)

sergik
lratvamichoci haghordume himq e endunvel prn pastaban gorc harucelu hamar etqan ban, mnacace arden dataxazutjan gorcna togh gnan qnen , mardkanc harcaqnen, pastatghtere argraven hamematen, tvjalnere stugen......incha uzum eq asel lusnic eq ichel....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter