HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լևոն Բարսեղյանի հայտարարությունը ոստիկանության հետաքրքրասիրության մասին

Վերջին օրերին, կապված իմ ֆեյսբուքյան գրառումների հետ, որոնցում ես որոշ գեղարվեստական ոճով կամ լրագրողական ռեպլիկի ժանրերում ներկայացնում եմ Գյումրիում եւ Հայաստանում բաժանվող ընտրակաշառքների եւ վարչական ռեսուրսների չարաշահումների մասին ինձ հասած տեղեկությունները եւ մեկնաբանությունները, ոստիկաններ են սկսել այցելել Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ եւ կամենում են ինձ հետ զրույցներ ունենալ ու բացատրություններ ստանալ այդ հրապարակումների մասին:

Այս հայտարարությամբ ես փոխանցում եմ իրենց, որ ես իրենց հետ զրույցների վրա վատնելու ժամանակ բոլորովին չունեմ, որ այդ ժամանակը ես սիրով ծախսում եմ Ղազարոս Աղայանի հեքիաթներից ամենահայտնին վերընթերցելու վրա: Բացի այդ, ես դժգոհ եմ իրենց աշխատանքի որակից. «Ասպարեզ» ակումբի դեմ իրականացված հարձակումների եւ կողոպուտների դեպքերից հետո հարուցված 5-9 տարվա վաղեմության 4 քրեական գործերից ոչ մեկը չեն կարողացել բացահայտել մինչ օրս, մի քանի անգամ փակել են ակումբ եկող ավտոճանապարհները, սահմանափակելով մեքենաների ազատ տեղաշարժը ավելի քան տասը թաղամասերում, իսկ այսօր ինձ հետ զրուցելու էին ուղարկել մի քննիչի, որը գյումրեցի լինելով, դատարանում ոչ մի կերպ չկարողացավ 30 հատ A4 չափսի նկարներից ճանաչել Գյումրու Սայաթ-Նովա փողոցը, եւ դժվարություն էր ունեցել հանցակազմ տեսնել այն միջադեպում, երբ Ոստիկանության մարզային վարչության պետի տեղակալը թռցնում է քաղաքացու ավտմեքենայի բանալին ու հեռանում:

Դատելով վերջին օրերին ԶԼՄ-ներին եւ հատկապես լրագրողներին անհանգստացնելու իրավապահների վարքից, տպավորություն ունեմ, որ Շիրակի մարզի իրավապահների գլխներում սկսում է համոզմունք ձեւավորվել, թե ԶԼՄ-ներն ու լրագրողները իրենց փաստահավաք խումբն է, որ աշխատում է կամավոր, իբր լրագրողերն են պարտավոր փաստեր եւ ապացույցներ հավաքել իրենց հասած եւ հրապարակված դեպքերի մասին, իսկ իրենք ընդամենը գալու են ստանան այդ տեղեկությունները մեզնից: Իմ եւ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հիմնադրած 2 լրատվամիջոցների («Գյումրի-Ասպարեզ» օրաթերթ, www.asparez.am կայք) դեպքում մեզ հասած եւ հանրությանը հասցվելիք բոլոր տեղեկությունները մենք հրապարակում ենք այնպես, ինչպես անհրաժեշտ ենք համարում, ոչ ես, ոչ իմ խմբագրած վերոհիշյալ ԶԼՄ-ները ավելին ոչինչ չունեն ասելու ոչ սովորական եւ ոչ էլ կաթոլիկ իրավապահներին, քան այն, ինչ հրապարակում ենք, ոչ մի աղբյուր եւ որեւէ լրացուցիչ տեղեկություն չունենք իրենց տրամադրելու, եւ առայժմ քաղաքավարությամբ խնդրում եմ` մեզ չանհանգստացնել: Մնացած բոլոր դեպքերում` ինձնից, մեր թղթակիցներից որեւէ բացատրություն ստանալու համար բարի եղեք համապատասխան բովանդակությամբ ծանուցագրեր ուղարկել, իսկ արդյունքում ստանալու եք հենց այս պարբերությունից քաղվածք: Այս հասարակ մտքերը հասկանալու համար դժվարությունների հանդիպելիս, հարգելի իրավապահներ, եթե չեք իմանա` ինչպես վարվել, շարժվեք օրենքով:

Միաժամանակ, պատրաստակամ եմ օժանդակել` ընտրակաշառքի եւ այլ օրինազանցությունների բացահայտման վարպետության դասընթացներ կազմակերպելու հարցում, գուցե դրանից հետո կկարողանան գտնել արդեն լուսամուտներից մտնող` կաշառք առաջարկողներին:

Համատարած ընտրակաշառքի բաշխման դեպքերի հետ կապված, տեղեկացնում եմ, որ ընտրակաշառքի բաժանման մասին տեղեկությունները վաղուց նորություն չեն, դա այնպես զանգվածային է, որ արդեն նորություն են այն լուրերը, թե այսինչ տեղում ընտրակաշառք չեն բաժանում, իրավապահները լավ կլինի զբաղվեն հենց այդ տարածքներով եւ պարզեն ընտրակաշառք չբաժանելու պատճառները, չբաժանողներին եւ չվերցնողներին:

Եթե ոստիկանությունը կամ ավելի օրինապահ մեկը համարում է, որ իմ այս կամ այլ հրապարակային կերպով հաղորդած տեղեկությունները զանգվածային ընտրակաշառքի մասին սուտ են կամ չեն համապատասխանում իրականությանը, թող այդպես էլ հայտարարի, տեսնենք հանրությունն ում վրա է քրքջալու:

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ, Չաչաչա !

Հետգրություն.

Եթե որեւէ մեկը այս հայտարարությունից հետո իրեն վիրավորված է համարում, կամ` ավելի վատ, առաջարկում եմ ծանոթանալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 մեկ հոդվածի խորախորհուրդ բովանդակությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter