HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանությունը պարզաբանում է Րաֆֆի Հովհաննիսյանի տարածած տեղեկությունները

Համացանցային կայքերում տարածվել է ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի Facebook-ի էջում կատարված գրառումը, համաձայն որի` ՀՀ տարբեր բնակավայրերի ընտրողներ ներգրավվել են Երևան քաղաքի ընտրական տեղամասերի լրացուցիչ ցուցակներում` չհանվելով իրենց հաշվառման վայրի ընտրողների ցուցակներից:

 ՀՀ ոստիկանությունը ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ համացանցում տարածված  տեղեկատվությունն ակնհայտ հերյուրանք է:

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, որպես ՀՀ ընտրողների ռեգիստրը վարող մարմին, հավաստիացնում է, որ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ընտրողի տվյալները ժամանակավորապես հանելու և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկելու վերաբերյալ քաղաքացիների կողմից ներկայացված դիմումները քննարկվել և որոշումները կայացվել են ՀՀ ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի պահանջների հստակ պահպանմամբ: Ընդ որում, այլ համայնքի հաշվառում ունեցող, ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես հանված և ըստ քվեարկելու օրը գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակ ընդգրկված ընտրողների թիվը կազմում է 14.285, իսկ 2012 թվականի մայիսի 6-ի ԱԺ ընտրությունների ժամանակ այդ թիվը կազմել է 15.399:

ՀՀ ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածով նախատեսված բոլոր լրացուցիչ ցուցակները կազմվել են բացառապես ծրագրային ապահովմամբ` ավտոմատ եղանակով, ինչը բացառում է միևնույն ընտրողի տվյալների կրկնությունը հիմնական և լրացուցիչ ցուցակներում:

Ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ ցուցակները ՀՀ ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին համապատասխան, լիազոր մարմնի կողմից տպագրվել և տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահներին են հանձնվել միաժամանակ:

Ինչ վերաբերում է ՀՀ ընտրական օրենսգրքով նախատեսված ըստ գտնվելու վայրի ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվելուն, ապա այն քաղաքացու սուբյեկտիվ իրավունքն է, որը կոչված է  ապահովել քաղաքացիների ընտրական իրավունքի առավել արդյունավետ իրականացմանը,  և ոստիկանությունը որևէ իրավական ակտով իրավասու չէ սահմանափակելու այն:

ՀՀ ոստիկանությունը կրկին անգամ հորդորում է զերծ մնալ չճշտված, առանց կոնկրետ փաստերի  ու  իրավական հիմնավորման   տեղեկությունների տարածումից:

ՀՀ ոստիկանությունը  պատրաստակամ  է իր լիազորություններին  վերաբերվող  ցանկացած հարցի  վերաբերյալ  պարզաբանումներ տալու, ինչպես և  իրավախախտումները  կանխելու,  բացահայտելու   հարցերում   թեկնածուների, քաղաքացիների,  դիտորդական կազմակերպությունների հետ համագործակցելու  հարցում: 

ՀՀ Ոստիկանություն

18.02.2013

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter