HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Վիճաբանություն՝ ընտրելու իրավունքի վերաբերյալ

Թիվ 9/09 ընտրատեղամասի նախագահ Արա Կիլիչյանը (ՀՀԿ) 9:20-ի դրությամբ քվեարկողների հոսքը գնահատեց պասիվ, սակայն նշեց, որ ընթացքը նորմալ է: Մեր ներկայության պահին տեղամասում քվեարկում էին նաեւ մի խումբ զինվորականներ:

Այդուհանդերձ, նույն ժամանակ էլ գրանցվեց օրվա առաջին միջադեպը, չնայած Ա. Կիլիչյանն այն այդպես չորակեց: Բնակչուհիներից մեկը քվեարկության էր եկել երեխայի հետ, որը չափահաս էր, սակայն, ըստ էության, թերզարգացած: Նա չէր խոսում, դժվարությամբ էր կողմնորոշվում տարածության մեջ առանց ուղեկցի: 

ՀՀ Ընտրական օրենսգրքով՝ «Ընտրել եւ ընտրվել չեն կարող դատարանի վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաեւ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտված եւ քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող քաղաքացիները» (հոդված 2): Սակայն քանի որ առկա չէր որեւէ տեղեկանք անգործունակության մասին, քաղաքացուն տրամադրվեց քվեաթերթիկ: 

Հանձնաժողովի նախագահի խնդրանքով անձամբ ուղեկցեցինք քվեատուփի մոտ, չնայած մայրը զարմանում էր, որ եթե ինքն է խնամակալը, ինչու ինքը չի կարող անձամբ օգնել իր երեխային: Հանձնաժողովի անդամ Արեգ Գեւորգյանը (ՀԱԿ) հայտարարեց, որ արձանագրելու է սա որպես բաց քվեարկություն, քանի որ մայրը քվեարկության ժամանակ կանգնած էր երեխայի կողքին՝ քվեատուփի մոտ: Մեր կողմից հավելենք, որ, այնուամենայնիվ, կինը որեւէ կերպ չմիջամտեց:  

ՀՀ Ընտրական օրենսգրքի 65-րդ հոդվածի 4-րդ կետը սահմանում է. «Քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող ընտրողն  իրավունք ունի հանձնաժողովի նախագահին տեղեկացնելուց հետո քվեարկության խցիկ հրավիրելու այլ անձի, որը չպետք է լինի ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ: Անձն  իրավունք ունի օգնելու քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող միայն մեկ ընտրողի: Բացի նշված դեպքից, քվեաթերթիկը լրացնելիս քվեարկության խցիկում այլ անձի ներկայությունն արգելվում է։ Քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող ընտրողին օգնող անձի տվյալները գրառվում են տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում»: 

Այդ ընթացքում ՏԸՀ-ի անդամներից ոմանք սկսեցին բողոքել, որ մայրը ոչինչ չգիտակցող երեխային բերել է տեղամաս: Ա. Կիլիչյանն էլ մեզ հետ զրույցում համաձայնեց, որ քաղաքացին, ըստ էության, անգործունակ է: Միաժամանակ նշեց, որ նորմալ երեւույթ է, երբ քվեարկել չկարողացող անձին օգնում է մեկ այլ քաղաքացի: Այստեղ, սակայն, հարցն այն է, որ քաղաքացին ակնհայտորեն ուղղակի չէր գիտակցում իր գործողությունների էությունը: 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter