Օձնունում միայն Ս.Սարգսյանը վստահվաձ անձ ունի
Լոռու մարզի Օձուն գյուղի ընտրական 3` թիվ 32/63, թիվ 32 /64 և թիվ 32/65 տեղամասերում նախագահի թեկնածուներից Ռաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բագրատյանը, Պարույր Հայրիկյանը, Անդրիաս Ղուկասյանը, Արման Մելիքյանը ևՎարդան Սեդրակյանը վստահված անձինք չունեն:
Թիվ 32/63 և թիվ 32/65 տեղամասային հանձնաժողոների նախագահները ներկայացնում էին Հանրապետական կուսակցությունը:
Բացակայում էին նաև դիտորդները: Օձունի թիվ 32/64 տեղամասային հանձնաժողովի նախագահը ներկայացնում էր ԲՀԿ-ն: Թիվ 32/63 տեղամասում գրանցված են 1426 ընտրողներ, ժամը 13:30-ի դրությամբ ընտրությանը մասնակցել էր 400 ընտրող:
Սարգիս Դալլաքյանը 13:30-ին ընտրացուցակներում չէր կարողանում գտնել իր ազգանունը. «Գնացեք դրսում փակցված ցուցակներում փնտրեք, ընտրությունը մի ընդհատեք, եթե չգտնեք, Ձեզ կօգնենք»,- ասաց տեղամասային հանձնաժողովի նախագահՍեյրան Տիտանյանը:
«Սկի պետքս էլ չի, դրսի ցուցակում կամ, ներսի ցուցակում չկամ»,- դժգոհեց տարեց ընտրողը:
Ընտրատեղամասից դուրս եկող ընտրողներից մեկը բարձրաձայն ասաց. «Էս մի պարտքը պրծա, մնաց խանութի պարտքը»:Թիվ 32/63 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Սեյրան Տիտանյանը հայտնեց, որ հանձնաժողովում գրանցված է միայն նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի վստահված անձը, վերջինս, սակայն բացակայում էր տեղամասից: «Մնացած թեկնածուներից որևէ վստահված անձ չի ներկայացել և չի գրանցվել հանձնաժողովում: Հանձնաժողովում «Ընտրությունը քոնն է» ՀԿ-ից գրանցվել է մեկ դիտորդ` Արմեն Աղեկյանը»,- ասաց Սեյրան Տիտանյանը:
Մեր այցելության պահին դիտորդը նույնպես տեղում չէր: Թիվ 32 /64 հանձնաժողովում ուղղակի տնավարություն էր:
Առանց հանձնաժողովի թույլտվության 13:50-ին տեղամասի խցիկ մտան ընտրողներ Ռուզան Մոսինյանը և իր տատը: Ռուզանը ընտրեց տատի փոխարեն և միայն «Հետքի» միջամտությունից հետո նա գրանցվեց հանձնաժողովի կողմից:
Ի դեպ, Ռուզանի տատը ընդունակ էր միայնակ սեփական ընտրությունը կատարելու: Վստահված անձերի մասին մեր հարցմանը տեղամասային հանձնաժողովի նախագահը պատասխանեց. «Կար վստահված անձ, գնացել ա, Հանրապետականից էր»:
Թիվ 32/64 ընտրատեղամասում գրանցված է 1500 ընտրող: Թիվ 32/65 ընտրատեղամասում գրանցված 1016 ընտրողներից ժամը 14:00-ի մասնակցել է 260 ընտրող, որը կազմում է ընտրողների 26 տոկոսը: Այստեղ նույնպես թեկնածուների վստահված անձինք չկային: Նախագահի ընտրությունները Օձունում վերահսկում են Հանրապետական կուսակցության առաջնորդ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի թիմակիցները:
Մեկնաբանել