HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Յուվեցի Կարոն կարուսել է արե՞լ

Արարատի մարզի թիվ 17/02 տեղամասում այսօր քվեարկությունն ընթացել է մի շարք միջադեպերով: «Իրավունքի Եվրոպա» միավորման դիտորդ Նարեկ Բաբայանն ականատես է եղել այդ ամենին: Առաջինը նրան զարմացրել է այն, որ երբ ընտրողների թիվը հաշվելու համար ցուցակ է առաջարկել Հրանտ Բագրատյանի վստահված անձ Անդրանիկ Խաչատրյանին, վերջինս կանչել է ՏԸՀ նախագահ, ՀՀԿ-ական Հրաչյա Հովհաննիսյանին ու զարմացել, թե ինչ է ուզում իրենից դիտորդը:

«Ես հասկացա, որ Բագրատյանի ու Հովհաննիսյանի վստահված անձինք մյուսների հետ թայֆայական, ախպերական կապի մեջ են»,- պատմում է Ն. Բաբայանը:

«Ժամը 12-ին ներկայացավ մի մարդ եւ մեծ խումբ: Սկզբից ասաց, որ իր անունը Կարո է, Կարո Կարապետյան (Յուվեցի Կարո, ՀՀ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր), ու ինքը մեր կազմակերպության անդամ Տիգրան Եգորյանի ընկերն է, ու նրա անունից բան ունի ինձ փոխանցելու, բայց չի ուզում ուրիշների ներկայությամբ հայտնի: Շատ համոզելով՝ ինձ մի քանի քայլ հեռու տարավ: Ասաց՝ կարա՞մ մի բան ասեմ, որ մեր մեջ կմնա: Ասացի՝ ոչ մի դեպքում, ամեն ինչ բաց է ու հրապարակային: Ասաց՝ հիմա ես էստեղ պիտի կարուսել անեմ, էդ իմ վզին դրած է: Որ դու չխոչընդոտես, մենք իրար հետ լավ կլինենք, առանց իրարից նեղանալու:

Ես դուրս եկա էդ ժամանակ, վերցրի տեսախցիկն ու սկսեցի նկարել թե իրեն, թե իր հետ եկածներին: Բայց կասկածում եմ, որ այդ ժամանակ՝ երբ մենք խոսում էինք, լցոնում են արել: Այդ ամենի մասին հայտնեցի ՄԻՊ-ին, ԵԱՀԿ դիտորդներին, հետո ինքը (Կարապետյանը) գնաց մյուս՝ կողքի տեղամաս: Շատ մեծ կասկած ունեի, որ արդեն լցրել են ահագին,- ներկայացնում է Նարեկ Բաբայանը: Ավելի ուշ ԱՄՆ-ի դեսպանը եկավ: Իմացա, որ կնիքները շատ հեշտ ջնջվում են ու ինքս փորձեցի եւ նկարեցի, տեղում դեսպանին ցույց տվեցինք»:

«Ժամը 14-ին մոտ տեսա, որ քվեախցիկներից մեկի հետեւի դռներից մեկը կիսաբաց է: Այդտեղից դուրս եկավ հանձնաժողովի նախագահը, տեսա, որ այնտեղ էր անդամներից մեկը, իսկ սեղանին դրված էին մի քանի հարյուր հատ քվեաթերթիկ ու ծրարներ: Երբ տեսա, որ նախագահը դուրս եկավ, փորձեցի տեսախցիկով մտնեմ, չթողեց, ասաց, թե իբր այդ կինն իրեն վատ է զգում: Ու նախագահը դուռը դրսից էր սեղմում, նա՝ կինը, ներսից քաշում էր: Միջադեպից մի քանի րոպե հետո այդ կինը դուրս եկավ սենյակից, ու ես մտա, տեսա, որ սեղանին էլ բան չկա, նկատեցի, որ պատուհանի մոտից ջահելներ կան հեռացող: Փաստորեն քվեաթերթիկ են դուրս հանել: Այդպես եմ ենթադրում: Եթե ժամը 12-ին լցրել էին, դրա փոխարեն դուրս հանեցին: Այս ամենի մասին պատմել եմ ԵԱՀԿ դիտորդներին,- պատմում է դիտորդը,- հետո տեսախցիկը դրել էի լիցքավորման: Ավելի ուշ, երբ հանձնաժողովի նախագահը նստած հաշվում էր մասնակիցների թիվը, ուզում էի նկարել, տեսա, որ կամերայի քարտը միջից հանած է: Ոստիկանությանը չիպի գողության մասին էլ եմ բացատրություն տվել»:  

Աշոտ Միրզոյան (ՀԱԿ), Գեղեցիկ Ստեփանյան (Ժառանգություն), Հրաչյա Հովհաննիսյան (ՀՀԿ)

ՏԸՀ նախագահ Հրաչ Հովհաննիսյանը «Հետքի» հետ զրույցում հերքեց Բաբայանի ասածները՝ նշելով, թե դա նրա վառ երեւակայության արդյունքն է:

Տեղի ունեցածի մասին որեւէ կոնկրետ բան չկարողացան հայտնել նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձ Գագիկ Թառոյանն ու Հրանտ Բագրատյանի ներկայացուցիչ Անդրանիկ Խաչատրյանը:

Երբ հետաքննիչը կատարվածի վերաբերյալ զրուցում էր «Ժառանգության» ներկայացուցիչ Գեղեցիկ Ստեփանյանի հետ, քվեաթերթիկների մարման գործընթացն արդեն 20 րոպե ընթացքի մեջ էր:

Իսկ ահա ՏԸՀ քարտուղար, ՀՅԴ-ական Վերա Սաղաթելյանը, ինչպես ասացին հանձնաժողովում, վատ լինելու պատճառով դուրս է եկել ու բացակայել մեկ ժամից ավելի:

Լուս.՝ Հակոբ Պողոսյանի  

Մեկնաբանություններ (1)

aram
Yuvezi Karon BHKin hamapatasxanum e amboxjutyamb.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter