HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարդու իրավունքների պաշտպանի նախնական դիտարկումները՝ ընտրությունների վերաբերյալ

Հարգելի հայրենակիցներ,

Յուրաքանչյուր ընտրություներից հետո էլ լինում են որոշակի արդյունքներ և բազմատեսակ գնահատականներ: Ընտրությունների արդյունքներից առավել կարևոր է հանրության վստահությունը այդ արդյունքների նկատմամբ: Հանրության վստահությունը կարող է ձևավորվել միայն չեզոք և օբյեկտիվ գնահատականներով: Այսօրվանից շատ տեղական և միջազգային կազմակերպություններ կներկայացնեն իրենց գնահատականները այս ընտրությունների վերաբերյալ:

Այդուհանդերձ, որևէ գնահատական չի կարող լինել հայ հանրության համար լիարժեք և վստահելի, եթե Հայաստանի Ոստիկանությունը օբյեկտիվորեն չներկայացնի, թե hետևյալ լրջագույն ընտրախախտումների վերաբերյալ քանի ահազանգ է եղել, և դրանցից քանիսն են եղել հիմնավոր՝

  • ընտրակաշառքի բաժանում,
  • կրկնակի քվեարկություն,
  • ուղղորդված քվեարկություն,
  • քվեաթերթիկի լցոնում,
  • հանձնաժողովի անդամի կամ վստահված անձի ճնշում ձայների հաշվարկի ընթացքում,
  • ձայների հաշվարկի արդյունքների կեղծում:

Ընդ որում, Ոստիկանությունը պետք է հրապարակի նաև այդ ահազանգերը հիմնավոր կամ անհիմն գնահատելու հիմքերն ու պատճառները:

Չափազանց կարևոր է նաև հրատապ պարզել և հանրությանը ներկայացնել, թե ինչու էր քվեարկության օրը խափանվել «Գալա» հեռուստաընկերության կայքի աշխատանքը: Անհրաժեշտ  է նաև հրատապ բացահայտել լրագրողների ու դիտորդների գործունեության խոչընդոտման բոլոր դեպքերը և պատասխանատվության ենթարկել մեղավորներին:

Ոստիկանության ոչ արժանահավատ աշխատանքը կարող է ստվերել այս ընտրությունների բոլոր փուլերի դրական ձեռքբերումները: Այսպիսով, ընտրությունների արդյունքների նկատմամբ հանրության վստահության և ընտրությունների ընդհանուր գնահատականի համար պատասխանատվության ողջ ծանրությունն ընկած է Հայաստանի Ոստիկանության վրա:

Կոչ եմ անում բոլոր կառույցներին և անհատներին սերտորեն համագործակցել Ոստիկանության հետ, որպեսզի հնարավորինս արագ և արդյունավետ բացահայտվեն բոլոր ընտրական հանցագործությունները, և հանրությունը ստանա ընտրախախտումների իրական ծավալները և պատկերը:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը վերոհիշյալ էական և այլ  ընտրախախտումների վերաբերյալ ստացել է 253 ահազանգ: Մինչև առաջիկայում ընտրությունների վերաբերյալ մեր համապարփակ գնահատականը ներկայացնելը մենք կշարունակենք ընդունել ընտրության փուլերում կատարված խախտումների վերաբերյալ ահազանգեր, հետևել զանգվածային լրատվության միջոցների համապատասխան հրապարակումներին, դիտորդական կազմակերպությունների գնահատականներին և հետընտրական զարգացումներին:

Կարեն Անդրեասյան
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

Մեկնաբանություններ (1)

Վ. Առաքելյան
Հարգելի Կարեն, ամեն ինչ լավ եք թվարկում, սակայն ինչու դիմել ոստիկանությանը երբ պարզից էլ պարզ է, որ նրանք մասն են հանցագործ իշխնության և դիմողների բերած տվյալները կաշխատեն ահաբեկչությամբ կամ այլ ստոր միջոցներով շրջել նրանց և ժողովրդի դեմ: ԵՎ ինչու՞ ընտրությունների արդյունքների նկատմամբ ողջ ծանրությունը ընկած է Հայաստանի Ոստիկանության և ոչ թե նրանց տերերի վրա: Սխալ ձևակերպումները ծնում են սխալ հասարակական կարծիք: Մեծագույն հանցագործների տեղը բանտն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter