HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր սկանդալային բացահայտում «Նաիրիտի» վարկային պատմությունից

Քրիստինե Աղալարյան
Էդիկ Բաղդասարյան

Սկիզբը 

Մաս 2

Լուսանկարում նախկին մահուդի գործարանն է: 2005 թվականից ի վեր այն չի գործում: Այժմ այն կոչվում է «Մեգատեքս գրուպ», Երեւանի Շենգավիթ համայնքում (Շահամիրյաններ 3 հասցեում) զբաղեցնում է բավականին մեծ տարածք, ունի շինություններ:  

Ինչպես արդեն գրել ենք մեր նախորդ հրապարակման մեջ՝ 2009-ին «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն երկրորդ խոշոր` 35,5 մլրդ դրամ վարկն է ստացել Միջպետական բանկից: Այդ ժամանակ գործարանի տնօրենը Վահան Մելքոնյանն էր, նա այն ժամանակ եւ այժմ էլ Միջպետական բանկում Հայաստանի ներկայացուցիչն է: Վահան Մելքոնյանը որոշել է գնել «Մեգատեքս գրուպ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 97 տոկոսը, որոնք գրավադրված են եղել ԱՊՀ Միջպետական բանկում: Այս գործարքը գործարանի հաշվետվություններում հիմնավորված է իբրև իրացման նպատակով ձեռք բերված բաժնետոմսեր: Գործարանը «Մեգատեքս գրուպ»-ի բաժնետոմսերի համար վճարել է 9.4 մլն դոլար (3.5 մլրդ դրամ): 

2009թ. «Նաիրիտ գործարանը» չի գործել իր ամբողջ հզորությամբ, քանի որ գրանցվել է մոտ 225 օր պարապուրդ` արտադրական տեղամասերի կապիտալ վերանորոգումների և էներգամատակարարման սահմանափակման հետևանքով: Հիշեցնենք, որ նույն տարում էր տեղի ունեցել քլորոպրենի 1-12 արտադրամասի պայթյունը: Այս փաստն արձանագրված է «Նաիրիտ գործարանի» 2009թ. համախմբված ֆինանսական հաշվետվությունում: Սովորաբար էներգամատակարարման սահմանափակումներ լինում են, երբ գործարանը պարտքեր է կուտակում. «Հայռուսգազարդը» դադարեցնում է գազի մատակարարումը: Ահա այս պայմաններում գործարանը ձեռք է բերել «Մեգատեքս գրուպ»-ի գրավադրած բաժնետոմսերը` ծախսելով շուրջ 9.4 մլն դոլար:  

Ո՞ւմ էր պատկանում «Մեգատեքս գրուպ»-ը 

«Նաիրիտի» վարկային պատմության հիմնական «հերոսները»`
 Վահան Մելքոնյանը  և  նախարար Արմեն Մովսիսյանը 

Վահան Մելքոնյանը «Նաիրիտ գործարանի» գլխավոր տնօրեն է եղել 2009-2011թթ., ում օրոք գործարանը սկսեց չաշխատել և գնալ դեպի սնանկացում` չնայած միայն Միջպետական բանկից ստացած ավելի քան 170 մլն դոլար վարկին: Դրանից առաջ, ինչպես նաև հետո` երկար տարիներ, Վ. Մելքոնյանը «Նաիրիտ գործարանի» տնօրենների խորհրդի կազմում էր:  

«Մեգատեքս գրուպ»-ը նախկին մահուդի գործարանն էր: Ինչու՞ է քիմիական արտադրությամբ զբաղվող գործարանի համար անհրաժեշտություն առաջացել գնել մահուդի գործարանը, որը 2005-ից չէր աշխատում: Պաշտոնական ձեւակերպումը հետեւյալն էր` իրացման նպատակով ձեռք բերված բաժնեմաս: Ստացվում է, որ «Նաիրիտ գործարանը» իր հիմնական` կաուչուկի արտադրման ֆունկցիան թողած՝ սկսել է այլ գործարքներով զբաղվել: 

Ըստ ՀՀ պետական ռեգիստրի տվյալների՝ «Մեգատեքս գրուպ»-ի իրավանախորդները եղել են «Մահուդ» ՓԲԸ-ն և «-Նոր-» ՍՊԸ-ն: «Մահուդ» ՓԲԸ-ն 1995-ին հիմնադրել են ՀՀ թեթև արդյունաբերության նախարարությունը և բաժնետերեր: 

ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարությունը (այժմ այն կոչվում է էկոնոմիկայի նախարարություն) նախկինում կոչվել է նաև թեթև արդյունաբերության նախարարություն, իսկ 1995-ին դարձել առևտրի, սպասարկումների և զբոսաշրջության նախարարություն: Վահան Մելքոնյանը 1995-96թթ. զբաղեցրել է առևտրի, սպասարկումների և զբոսաշրջության նախարարի պաշտոնը:

Իրավանախորդ մյուս ՍՊԸ-ի` «-Նոր-»-ի հիմնադիրները երկու ընկերություն են` Ասիական «Գրուպ» և «ՆՆ ԿՕ ԼՏԴ» ՍՊԸ-ն: «Ասիական գրուպ»-ի մասին տվյալներ գրեթե չկան: Միայն հայտնի է, որ այն նաև «Արիր հայ-իրանական Հ/Ձ» ՍՊԸ-ի հիմնադիրն է` նույն «ՆՆՆ ԿՕ ԼՏԴ»-ի հետ միասին: «ՆՆՆ ԿՕ ԼՏԴ» ՍՊԸ-ն 1994-ին հիմնադրել են Վահան Մելքոնյանի հարազատները՝ քույրը` Մագդալինա Մելքոնյանը, քրոջ ամուսինը` Յուրի Նշանյանը և նրանց որդին`  Վահագն Նշանյանը: Իսկ բաժնեմաս ունեցող մասնակիցների ցանկում եղել է նաև ինքը` Վահան Մելքոնյանը:

Հիմա հասկանալի՞ է, թե ինչու է Վահան Մելքոնյանը «Նաիրիտի» միջոցով գնել «Մեգատեքս գրուպ»-ի բաժնետոմսերը: Փաստորեն, նա ինքն իր «օգնությամբ» վարկ է վերցրել իր ղեկավարած գործարանի համար, այդ միջոցների մի մասով ձեռք բերել իր ու իր հարազատների սեփականություն հանդիսացող գործարանը:   

Ովքեր են այդ խորհրդավոր իրանցիները 

«Նաիրիտ գործարանի» վարկային պատմության մեր հետաքննության ընթացքում  պարբերաբար հանդիպում են իրանական կազմակերպությունների եւ իրանցիների անուններ: Ովքեր են նրանք կամ դրանք, որ անընդհատ «ուղեկցում են» Վահան Մելքոնյանին: 

Ինչպես երևում է լուսանկարում՝ մասնակիցների ցանկում իրանցիներ և իրանական ծագման ընկերություն կա, ինչից կարելի է ենթադրել, որ Վահան Մելքոնյանն ու իր հարազատները իրանցիների հետ գործարքների մեջ են եղել: 

Նշենք, որ իրանցիների եւ իրանական ընկերությունների մասին պետռեգիստրում առկա տեղեկությունների մեծ մասն «ապատեղեկատվություն» է, այնտեղ նշված հասցեները կամ գոյություն չունեն, կամ էլ պարզապես սխալ են:

Ընթերցողներին հիշեցնենք, որ 2009թ. «Նումարդ թրեյդինգ» ՍՊԸ-ն (Numard Trading) դատի էր տվել «Նաիրիտ գործարանին» գումարի բռնագանձման պահանջով: Իսկ դրա համար հիմք էր հանդիսացել իրանական ծագման «Էսմաեիլ Մոտավալլի Սուֆիանի Թրեյդինգ» ՍՊԸ-ի (Esmaeil Motavalli Soufiani Traiding) և «Նաիրիտ Ռանսաթ» ՓԲԸ-ի միջև 2002-ին կնքված մատակարարման պայմանագիրը: Տարիներ անց` 2008-ին, «Էսմաեիլ Մոտավալլի Սուֆիանի Թրեյդինգ» ընկերությունը իր պահանջի իրավունքները զիջել է անհայտ ծագման «Նումարդ թրեյդինգ» ընկերությանը, որը և դիմել է դատարան` նշելով, որ «Նաիրիտը» չի կատարել իր պարտավորությունները և պետք է վերադարձնի 882 մլն դրամը և տոկոսները: Իսկ դա կազմում էր շուրջ 5 մլրդ դրամ, որից 882 մլն դրամը՝ որպես պայմանագրով կատարված աշխատանքների գումար, իսկ ավելի քան 4 մլրդը` որպես պարտավորությունների խախտման հետևանքով առաջացած տույժի գումար: «Նումարդ թրեյդինգ»-ին դեռ կանդրադառնանք: Այս ընկերությունը առանձնահատուկ է նաեւ այն իմաստով, որ ընկերության տնօրեններից մեկը եղել է Ստեֆան Ջոն Քելլին (Stephen John Kelly): Ստեֆան Ջոն Քելլիի անունն ընդգրկված է Մագնիցկու հայտնի ցուցակի մեջ:

ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչության կողմից «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ում համալիր ստուգման արդյունքներով 2011-ի դեկտեմբերին կազմված ակտն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն: Այս հարցի կապակցությամբ ՀՀ դատախազությունը մեր գրավոր հարցմանը պատասխանել է, որ իրականացված ստուգումների արդյունքների հիման վրա լրացուցիչ ուսումնասիրություններ են կատարվում ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում: «Անհրաժեշտություն առաջանալու կապակցությամբ 2012-ի մարտ ամսին Իրանի Իսլամական Հանրապետության դատախազություն է ուղարկվել իրավական օգնություն հայցելու վերաբերյալ միջնորդություն, որի պատասխանը դեռևս չի ստացվել, թեև մի քանի անգամ հիշեցումներ են ուղարկվել»,- տեղեկացրել է գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը: Փաստորեն, մեկ տարի է՝ գլխավոր դատախազությունը նստած սպասում է ու քննություն չի իրականացնում: Դատախազությունը կարող է ոչինչ չանել ու ասել, որ սպասում է: Դրա անհրաժեշտությունը դատախազությունը բացարձակ չունի, այս գործով հիմնական գործող անձինք Հայաստանում են, նրանք բարձաստիճան պաշտոնյաներ են: Դատախազությունը սարսափում է նրանց հարցաքննելուց, որովհետեւ ամեն ինչ կարող է շուռ գալ իրենց դեմ: 

ՀՀ ֆինանսների նախարարությանը խնդրել էինք տրամադրել ստուգման արդյունքները նաև «Մեգատեքս գրուպ»-ի մասով, սակայն նախարարությունը տրամադրել է միայն քաղվածքներ ստուգման ակտից` նշելով, որ ակտում ներառված են առևտրային գաղտնիք պարունակող փաստեր (նույն «Մեգատեքս գրուպ»-ի մասով): Իսկ քաղվածքում որևէ տեղեկություն «Մեգատեքս գրուպ»-ի և բաժնետոմսերի գործարքների մասին չկա: Ինֆորմացիան բոլոր կառույցներում փակ է հանրության համար, իսկ շուրջ 3000 աշխատատեղ ապահովող, երբեմնի քիմիական ոլորտի առաջատար «Նաիրիտը» ՀՀ պաշտոնյաների և իրավապահ մարմինների աչքի առաջ սնանկանում է ու մեծացնում պարտքերը: 

Ի՞նչ ճակատագիր են ունեցել «Մեգատեքս գրուպ»-ի բաժնետոմսերը 

«Մեգատեքս գրուպ»-ի բաժնետոմսերի գնումից հետո` 2009թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ, նույն բաժնետոմսերի վերագնահատում է արվել և արձանագրվել է արժեքի նվազում: Գործարանի ղեկավարությունը՝ ի դեմս նաև Վահան Մելքոնյանի, ըստ հաշվետվության, «դատողություններ» է արել, և «Մեգատեքս գրուպ» ՓԲԸ-ի ավելի քան 3.5 մլրդ դրամով գնված բաժնետոմսերն արդեն գնահատվել են շուրջ 2.9 մլրդ դրամ: Իսկ 2011-ի վերջում` 2.5 մլրդ դրամ (6 մլն դոլար): 

«Նաիրիտ գործարանը» 2010-ի օգոստոսի 19-ին «Ինթերնեշնլ կապիտալ գրուպ լիմիթիդ» բրիտանական  ընկերությանն է վաճառել «Մեգատեքս գրուպ»-ի բաժնետոմսերը ընդամենը 972 հազար դոլարով  և ավելի քան 3 մլն դոլարի հետգնման իրավունքով:  Հիշեցնենք ևս մեկ անգամ՝ բաժնետոմսերը գնվել են 9.4 մլն դոլարով, վաճառվել՝ 1 մլն-ին չհասնող գումարով և ավելի քան 3 մլն-ով հետգնման պայմանով: Տեսնու՞մ եք, թե մեր պաշտոնյաները փողերի լվացման ինչպիսի մեխանիզմներ են մտածել: 

 «Նաիրիտ գործարանից» փորձեցինք ճշտել, թե ինչ վերջնական ճակատագիր են ունեցել այդ բաժնետոմսերը՝ հետ գնվե՞լ են գործարանի կողմից, թե՞ ոչ: ««Մեգատեքս գրուպ»-ին վերաբերող հարցերի պատասխանները ճշտել այդ ընկերությունից»,- ստացանք «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայության պետ Անուշ Հարությունյանի պատասխանը: «Մեգատեքս գրուպի» 97 տոկոսի բաժնետերը դարձել է «Նաիրիտ գործարանը», և հարցը վերաբերում է «Նաիրիտ գործարանի» կողմից կատարած առք ու վաճառքին, այսինքն` տեղեկատվության տնօրինողը նույնպես գործարանն էր: Մեր այս դիտարկմանը Անուշ Հարությունյանը հավելյալ պատասխան տվեց. ««Մեգատեքս գրուպ»-ի հետ կապված հարցերն` առանց մեկնաբանության»: 

Նշենք նաև, որ այս հարցերին հրաժարվեց պատասխանել նաև «Մեգատեքս գրուպի» տնօրինությունը: Փոխտնօրեն Գագիկ Նազարյանը չցանկացավ որևէ ինֆորմացիա տրամադրել և մեզ առաջարկեց դիմել ՀՀ պետական ռեգիստր, «որտեղ ամեն ինչ կա»: ՓԲԸ-ի բաժնետերերի տվյալներ պետռեգիստրը չի տրամադրում:

Որոշ տվյալներ տեղ են գտել գործարանի հաշվետվություններում: «Նաիրիտ գործարանը» 2009 թվականին աշխատել է շուրջ 4.5 ամիս, 2010-ին` 3, իսկ 2011-ին գրեթե չի աշխատել, բայց իր ֆինանսական հաշվետվություններում ցույց է տվել, որ 2009-ին  շուրջ 28 մլն դրամի (պաշարներ և վարձակալության ծառայություններ) ձեռքբերումներ է կատարել «Մեգատեքս գրուպ»- ից: 2010-ի ընթացքում ձեռքբերումները կազմել են շուրջ 24 մլն դրամ: 2011թ. ընթացքում վարձակալած տարածքի վարձավճարները կազմել են ավելի քան 29 մլն դրամ: Վարձավճարների գծով մնացորդը 2011թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է ավելի քան 38 մլն դրամ (2010թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ` 15 մլն դրամ), որը ներառվել է առևտրային կրեդիտորական պարտքերում:

Զարմանալի չէ՞, թե ինչու է չաշխատող «Նաիրիտը» այդչափ մեծ վարձակալական գումարներ տալիս «Մեգատեքս գրուպ»-ին, եթե ոչ հումքի, ոչ արտադրանքի պահեստավորման խնդիր չունի:

Շարունակելի

Մեկնաբանություններ (2)

Կարապետ
Լավ էս երկրում քննչական մարմիններ չկան որ Հետքի լրագրողը պիտի բացահայտի փողերի լվացման փաստերը ?....Երևի ամեն մեկը իր փայը առել ու վայելում է կյանքը ,դրա համար էլ բոլորը լռում են
sergik
ինչ որ տեղ կարդացել եմ որ Գերմանիայի դաշնային նախագահը (հաստատ չեմ հիշում) վարկ էր ցանկացել վերցնել բանկից փոքրիկ տուն գնելու համար, բանկնել որպես նախագահ ցածր տոկոսով էր տրամադրել, իսկ պառլամենտնել պահանջում էր նրա հրաժարականը, ասելով որ նաել մյուսների նման սովորական քաղաքացի է և պարտավոր էր էն տոկոսով վերցնել ինչ մյուսները......երևի մենք երբեքել չիմանանք ինչ է իսկական ժողովրդավարությունը.....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter