HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Մի գիշերվա ընտրատանջանք (վիդեո)

Հակասական զգացումներ

Արտաշատ, N 2 դպրոց, գիշերվա 1:10, թիվ 17/2 ընտրատեղամաս: Ներս են մտնում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդներ Ահարոն Ջոհանսոնը եւ Էկարտ Ռոհդեն: Դրանից ուղիղ 5,5 ժամ առաջ նրանց հանդիպեցի հարեւան՝ 17/5 ընտրատեղամասում: Այստեղ կատարված լցոնման մասին ահազանգել էին դիտորդներ Արտակն ու Նարինեն, բայց վերջիններս ասացին, որ քվեաթերթիկների հաշվմանը հավանաբար չեն մասնակցելու, ու ես շատ ուրախացա, երբ իմացա, որ այդ գործընթացն ընթանալու է Ջոհանսոնի ու Ռոհդենի ներկայությամբ:

Ժամը 20:00-ին շատ մոտ էր, «Հետքի» օպերատոր Հակոբ Պողոսյանի հետ արագ մտանք 17/2 ընտրատեղամաս, ու գրեթե մեր հետեւից դռները կողպեցին: Կեսգիշերն անց, տեղեկանալով կատարվածի մասին, այստեղ էին եկել նաեւ տեղական մի քանի դիտորդ, բայց դռները չէին բացվել: Եվ ահա, «միջազգային» լինելու հաղթաթղթով, ժամանել էին դիտորդներ Ջոհանսոնը եւ Ռոհդենը՝ հետեւում թողնելով բոլոր փակ դռները:

Էկարտ Ռոհդեն եւ Ահարոն Ջոհանսոնը  

- Մենք լսել ենք, որ այստեղ քվեաթերթիկները հաշվելու գործընթացը դադարեցվել է,- միջազգային դիտորդների գալու նպատակը մանրամասնեց նրանց ուղեկցող թարգմանիչը:

- Հեսա ավարտում ենք, ո՞վ ա ասել, արդեն ծրարներն ենք ստորագրել,- մուննաթախառը շպրտեց հանձնաժողովի նախագահ Հրաչ Հովհաննիսյանը:

- Յա (կամ՝ աաա)... Good, they are finished,- արձագանքեց միջազգայիններից մեկը՝ դիմելով մյուսին:

Ես չեմ ուզում անցնել կոռեկտության սահմանները եւ ասել, թե արդեն այս անգամ ինչ էի զգում վերջիններիս ներկայությունից: Նրանք ոչ մեզնից, ոչ հանձնաժողովի ինչ-որ անդամից, ոչ էլ ներկա դիտորդներից որեւէ բան չհարցրին: Ուղղակի «վայելում» էին իրենց մոտեցած Սերժ Սարգսյանի վստահված անձ Գեղամ Միրզոյանի կատակները: Ժպիտ, ծիծաղ ու հաճոյախոսություն. քիչ առաջ դպրոցի երկար միջանցքում թեւածող լարված մթնոլորտն առեւրեւույթ անետացել էր: Րոպեներ անց մենք հեռացանք՝ ընտրատեղամասում թողնելով մեծ ու դեռեւս բաց պարկը՝ քվեաթերթիկներով լցված ծրարներով, եւ մեզ հետ տարանք այդ քվեների բաշխումն արձանագրող պաշտոնական փաստաթուղթը. Սերժ Սարգսյան՝ 1411, Րաֆֆի Հովհաննիսյան՝ 287, Հրանտ Բագրատյան՝ 13... :

ՀՀԿ հանձնաժողովի անդամները եւ Սերժ Սարգսյանի վստահված անձինք

Ի պաշտոնե 17/2 ընտրատեղամասում կային ՀԱԿ, «Ժառանգության», ԲՀԿ... ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի (ԸԸՀ) ներկայացուցիչներ, նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Հրանտ Բագրատյանի վստահված անձինք: Բայց իրականում նրանք բոլորը մեկ էին, եւ ամեն ինչ՝ նույնիսկ հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Հրաչ Հովհաննիսյանի գործողությունները, համակարգում էր գործող կամ նորընտիր նախագահի վստահված անձ Միրզոյանը:

Հրաչ Հովհաննիսյանը Գեղամ Միրզոյանը

Հակառակ բեւեռում «Իրավունքի Եվրոպա» միավորման դիտորդ Նարեկ Բաբայանն էր, ով համառորեն փորձում էր իր գործն անել, բարձրաձայնում էր խախտումների մասին եւ արժանանում սպառնալիքների, ծաղրի ու վիրավորանքների՝ հատկապես Գեղամ Միրզոյանի, ոմն Արմենի (որքան հասկացա՝ վերջինիս որդին էր), Արմենի ընկերների եւ հանձնաժողովի նախագահի կողմից:

Առհասարակ, ընտրատեղամասում գտնվող գրեթե ամեն ոք իր պարտքն էր համարում Նարեկին գոնե թարս նայել, իսկ ներսում մոտ մեկ տասնյակ մարդ կար, որոնց այդպես էլ հանձնաժողովի նախագահը դուրս չհրավիրեց, թեեւ Նարեկը հայտարարեց, որ կողմնակի ոչ մի անձ իրավունք չունի գտնվել ընտրատեղամասում: Փոխարենը, հանձնաժողովի նախագահը հեռվում լուռումունջ կանգնած ոստիկաններին խնդրում էր, որ իրենց աշխատանքները խոչընդոտելու համար ընտրատեղամասից դուրս հրավիրեն հենց Նարեկին: Բայց, բարեբախտաբար, ոստիկանները կրկին ոչինչ չձեռնարկեցին:

Չնայած՝ նրանք այնքան էլ անդրդվելի չէին, որովհետեւ հետեւելով Սերժ Սարգսյանի վստահված անձի խնդրանք-հորդորներին՝ դրսի կողմից դպրոցի միջանցքի պատուհանի մոտ հավաքված մի քանի դիտորդներին, որոնք ահազանգով շտապել էին դեպքի վայր, ոստիկանները տարածքից հեռացրին:

Հավեսով, ջան-ջիգյարով. «հարամված» քվեահաշվարկ

Առաջին բանը, որ քվեաթերթիկների հաշվարկի ընթացքում ուշադրություն գրավեց, քվեատուփից հանվող հավասար դարսված քվեաթերթիկներն էին: Դրանք, առանց բացառության, բոլորը քվեարկված էին Սերժ Սարգսյանի օգտին: Ընդհանուր հաշվով՝ 10-11 նման տրցակ կար: Իսկ երբ քվեատուփից հանվում էին խառը դասավորված քվեաթերթիկներ, ձայների գերակշիռ մասը Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին էին:

Սերժ Սարգսյանն անվիճելի առաջատար էր. աչքաչափով նրա քվեաթերթիկները 1/3-ով ավելի էին Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին քվեարկված թերթիկներից, իսկ քվեատուփից շարունակ հանում էին հավասար դարսված քվեաթերթիկներ: Մի պահ Նարեկը դուրս եկավ ծխելու, ես նույն բանն անում էի միջանցքի հակառակ կողմում, իսկ օպերատոր Հակոբ Պողոսյանը նկարահանում էր հաշվման գործընթացը: Նա մոտեցավ ինձ եւ ասաց, որ ինչ-որ բան կատարվեց. մի քանի հոգի միտումնավոր կանգնել են նրա դիմաց՝ ծածկելով տեսախցիկի «տեսադաշտը», եւ այդ վայրկյանների ընթացքում կարծես Րաֆֆի Հովհաննիսյանի քվեաթերթիկները զգալիորեն պակասել են:

Կողմնակի անձինք 17/2 ընտրատեղամասում

Հակոբի ենթադրությունն անհիմն չէր. Հովհաննիսյանի քվեաթերթիկներն ավելի քիչ էին, քան դրանից 5 րոպե առաջ: Բայց մենք հանգիստ էինք. Հակոբը շարունակում էր նկարահանել, եւ մենք վստահ էինք, որ կադրերի համադրությունից հստակ կպարզենք՝ Հովհաննիսյանի քվեաթերթիկներն իրոք նվազե՞լ են:

Վերհիշելով այդ օրը 17/2 ընտրատեղամասում հնարավոր լցոնման մասին Նարեկի պատմածները՝ սկզբում մտածում էի, որ ուղղակի քվեաթերթիկները «բալանսի» բերելու համար գուցե լցոնված թերթիկների փոխարեն պակասեցրին Հովհաննիսյանի քվեաթերթիկները: Մի փոքր ուշ միայն նկատեցի, որ կատարվածին զուգահեռ էականորեն ավելացել են Սերժ Սարգսյանի քվեաթերթիկները: Ամեն դեպքում, ես ու Հակոբը սպասում էինք հաշվարկի ավարտին:

Այդ ընթացքում, սակայն, Ս. Սարգսյանի վստահված անձ Գեղամ Միրզոյանն էլ ավելի ակտիվացավ: Նա ինձ ու Հակոբին հրավիրում էր հարեւան սենյակում կոնյակ խմելու, կատակում էր, առաջարկում փոխանակել բջջային հեռախոսահամարները՝ վստահեցնելով, որ ինքը լավ ու հասնող ընկեր է եւ պարզապես, անկախ ամեն ինչից, ուզում է հաջորդ օրը մեզ հետ «ախպերավարի» հանդիպել:

Ընթանում էր քվեաթերթիկների բուռն հաշվարկ: Նարեկ Բաբայանը կանգնած էր իրար կողքի նստած երկու հաշվողների թիկունքում եւ լուռ հետեւում էր գործընթացին: Հանկարծ նա հայտարարեց, որ իր դիմաց նստած կնոջ քվեաթերթիկներից առնվազն վերջին 3-ը, նույնիսկ 10-ը Սերժ Սարգսյանի օգտին չէին քվեարկված, բայց կինը, դադարեցնելու փոխարեն, շարունակում է դրանք հաշվել իբրեւ Սերժ Սարգսյանի քվեաթերթիկներ:

Հասմիկ Մկրտչյանը Նարեկ Բաբայանը

Հանձնաժողովի նախագահ Հրաչ Հովհաննիսյանը, մյուսների բարձրացրած աղմուկի ֆոնին, սկսեց բղավել, պահանջեց, որպեսզի 1 ժամ հաշվարկը դադարեցվի, սկսեց Նարեկին ամոթանք տալ, հանդիմանել իր մոր տարիքի կնոջը «լացացնելու» համար:

«Պատկերացնու՞մ ես, եթե իրա տղեն էս պահին ստեղ լիներ, կմորթեր քեզ»,- Նարեկին ասաց հանձնաժողովի նախագահը:

Հաշվող կինը՝ ԸԸՀ ներկայացուցիչ Հասմիկ Մկրտչյանը, իրականում չէր արտասվում: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ առավոտից ընտրատեղամասում է, գուցե հոգնած է եւ մի 2 բան էլ չի նկատել, ու կարիք չկար դրա համար իրեն վիրավորել: Ըստ երեւույթին, Հասմիկ Մկրտչյանն իրեն վիրավորված էր զգում, որ Նարեկը կասկածի տակ էր դրել իր հաշվարկը:

Որոշ ժամանակ անց միջանցքի մյուս մասում մի քանի հոգի խմբված էին: Գեղամ Միրզոյանը եւ Հրաչ Հովհաննիսյանը ԸԸՀ ներկայացուցչին համոզում էին հաշվարկը շարունակել: Վերջինս խնդրում էր, որ դա մեկ ուրիշն անի: «Մեծ աղջիկ ունեմ, ամաչում եմ,- ասաց նա ու ինձ նկատելով՝ հավելեց,- եթե Նարեկն ինձ մի հատ էլ վիրավորեց, չգիտեմ, թե ինչ կլինի ինձ հետ»:

Հաշվարկը վերսկսվեց: Նարեկը նորից նույն տեղում կանգնած հետեւում էր հաշվարկին, սակայն Հասմիկ Մկրտչյանը սեղանի շուրջ արդեն այլ հատվածում էր նստած: Որոշեցի նրա թիկունքից գործընթացին հետեւել անձամբ: Նա Սերժ Սարգսյանի քվեաթերթիկները հաշվում էր՝ բարձրացնել-թերթելով դրանց ներքեւի ձախ հատվածը (գուցե եւ միտումնավոր, չգիտեմ):

Սերժ Սարգսյանի անուն-ազգանունը քվեաթերթիկում նախավերջինն էր, իսկ ես նկատեցի, որ հաշվվող թերթիկների ներքեւից 3 վանդակները դատարկ են: Հայացքս բարձրացրի, ու այդ պահին ուղիղ աչքերիս մեջ նայող հանձնաժողովի նախագահ Հրաչ Հովհաննիսյանը կիսամտերմիկ ասաց, որ եթե դիտողություն ունենամ, կարող եմ բարձրաձայնել: Վերցրի քվեաթերթիկներից մեկը եւ ի ցույց բոլորի՝ ասացի, որ այն քվեարկված է 3-րդ համարի՝ Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին:

ս ո՞վ ա, ասենք, մեկն էլ բան ա, արա,- ձեռքն իմ ուղղությամբ պարզած՝ բղավեց մի ճաղատ մարդ, որը, ինչպես Գեղամ Միրզոյանն էր ասել, «Արայիկն է՝ կողքի ընտրատեղամասի՝ 17/3-ի նախագահը»:

Ես քվեաթերթիկների մի տրցակ վերցրի, այն առաջ բրդեցի եւ ասացի, թե նայեք՝ ոնց որ սրանք բոլորն էլ Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին են քվեարկված:

Կողմնակի անձինք 17/2 ընտրատեղամասում 

Սերժ Սարգսյանի վստահված անձ Գեղամ Միրզոյանը սկսեց բղավել, թե ես, լինելով լրագրող, ինչ գործ ունեմ քվեաթերթիկների հետ, հետո դիմեց Նարեկին՝ ասելով՝ «սաղ դու ես մեղավոր, այ կռիս», իսկ դրանից փոքր-ինչ անց նա սպառնում էր, որ վերջը «հունից հելնելու է ու հայհոյի»՝ գործածելով «դուռակ», «լակոտ»  ու նմանատիպ ածականներ: Հանձնաժողովի նախագահ Հրաչ Հովհաննիսյանն էլ Նարեկին «հիշեցրեց», որ նա տղամարդ չէ, որ ազգասիրությունը նման ձեւով չի դրսեւորվում...

Արդեն չեմ էլ հիշում, թե աղմուկն ինչպես դադարեց: Գեղամ Միրզոյանի հորդոր-խորհրդով Հրաչ Հովհաննիսյանը կարգադրեց ամեն ինչ ավարտել: Նա Րաֆֆի Հովհաննիսյանի՝ իրենց հաշվված 284 ձայնին մեծահոգաբար ավելացրեց եւս 3-ը (ըստ նրա՝ դա Նարեկի նկատած 3 քվեաթերթիկի հաշվին էր, որը ԸԸՀ ներկայացուցիչ Հասմիկ Մկրտչյանը սխալ էր հաշվել), գումարեց մյուս թեկնածուների, անվավեր ճանաչվածների, չօգտագործված քվեաթերթիկների քանակը, ամբողջից հանեց ստացված թիվը եւ արժեքը գրանցեց Սերժ Սարգսյանի օգտին: Սրանով ամեն ինչ կարծես թե ավարտվեց:

Մեկնաբանություններ (2)

liana
iroq vor vardzu shner...sranq el der azgasirutyunic en xosum
Վ.Առաքելյան
ՀՀԿ-ի կողմից ժողովրդին հայհոյելու, ժողովրդին ատելու փաստերի մասին արդեն որերորդ հոլովակը անհրաժեշտ է կցել ընտրակեղծիքներով իշխանությունը գրավելու մասին քրեական գործում, որպեսզի ՀՀԿ-ին արգելվի ընտրություններին մասնակցելը,` հանցագործ կուսակցություն լինելու փաստով, մինչև մի նոր Նավասարդյան այդ կուսակցությունը կրկին կմաքրի և կվերակենդանացնի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter