HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Լռության օրը» թեկնածուներն նյութեր են տեղադրել Ֆեյսբուքում

Այսօր Մեդիա կենտրոնում «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանը ներկայացրեց նախագահական ընտրությունների պաշտոնական քարոզչության փուլում (հունվարի 21-փետրվարի 16), լռության (փետրվարի 17) և քվեարկության (փետրվարի 18) օրերի ընթացքում ֆեյսբուք սոցիալական ցանցի ուսումնասիրության արդյունքները: Մասնավորապես՝ ներկայացվեց նախագահի թեկնածուների վարքը Ֆեյսբուք սոցիալական ցանցում, անդրադարձ եղավ նաեւ թեկնածուների էջերում կատարված մեկնաբանություններին, ինչպես նաև Ֆեյսբուքի օգտատերերի մեկնաբանություններին:

Ութ թեկնածուներից յոթը ոչ միայն ունեին պաշտոնական էջեր, այլև քաղաքացիների հետ շփվում էին հատուկ բացված խմբերով կամ իրենց իսկ ֆեյսբուքյան էջում:

Վարդան Սեդրակյանի էջի հավանողների թիվը 21.01.13-ի դրությամբ հասել է   4702-ի, իսկ 16.02.13-ի դրությամբ՝ 5324-ի:

Վարդան Սեդրակյանն իր էջում կատարել է քարոզչություն, «սև փիառ» գրեթե բոլոր թեկնածուների դեմ, բայց գրեթե չի անդրադարձել Ադրիաս Ղուկասյանին:

Ադրիաս Ղուկասյանի էջի հավանողների թիվը 21.01.13-ի դրությամբ հասել է 2055-ի, իսկ 16.02.12-ի դրությամբ հավանողների թիվը հասել է 2101-ի:

Ադրիաս Ղուկասյանը ստատուսներ գրելու կամ մեկնաբանություններ անելու առումով պասիվ է եղել, սակայն վերջինիս համակիրները բավականին ակտիվ են եղել: Դա բացատրվում է նրանով, որ Ղուկասյանը եղել է հացադուլի մեջ:

Պարույր Հայրիկյանի էջի հավանողների թիվը 21.01.13-ի դրությամբ հասել է 1903-ի, իսկ 16.02.12-ի դրությամբ հավանողների թիվը եղել 4035: Ի տարբերություն մյուս թեկնածուների, Հայրիկյանն ինքն է կառավարել իր էջը: Գրել է ստատուսներ, այդ թվում և մահափորձից հետո իր առողջական վիճակի մասին: Պարույր Հայրիկյանը նույնիսկ հաշվեհամար էր բացել, դրել իր քարոզչության համար նախատեսված էջում, որպեսզի դրամական աջակցություն ստանա: Նա նաև Ֆեյսբուքի միջոցով  քաղաքացիներին տեղեկացրել է իր հանդիպումների մասին:

Սերժ Սարգսյանը Ֆեսյբուք սոցիալական ցանցում պաշտոնական էջ չի ունեցել:  

Արման Մելիքյանը Ֆեյսբուքում ունեցել է իր` որպես թեկնածուի, իր խմբի էջերը: Նա արտասահմանում բնակվող ՀՀ քաղաքացիների համար բացել էր նաև հատուկ էջ, և այդ կերպ փորձում էր ողջ քարոզարշավի ընթացքում պարզել, թե նրանցից քանիսն են, որ չեն պատրաստվում մասնակցել Հայաստանի նախագահի ընտրությանը:: 

Հրանտ Բագրատյանի քարոզչության համար նախատեսված ֆեյսբուքյան էջի հավանողների թիվը 21.01.13-ի դրությամբ եղել է 1613, իսկ 16.02.13-ի դրությամբ՝  3228: Հրանտ Բարգրատյանը քաղաքացիների հետ շփվել է նաև google plus-ով:

Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզչական էջի հավանողների թիվը քվեարկության օրվա շեմին հասել է շուրջ 15 հազարի: Րաֆֆի Հովհաննիսյանն օգտագործեց նաև QR կոդը, որի շնորհիվ քաղաքացիները բջջային հեռախոսներով կարող էին մուտք գործել իր կայք և ծանոթանալ նորություններին: Նա ընտրության օրը ևս ակտիվ է եղել, մյուս թեկնածուների համեմատ քվեարկության հետ կապված ամենաշատ նյութերը հենց նրա էջում են տեղադրվել:

Արամ Հարությունյանը ակտիվ է եղել Ֆեյսբուքում: Նա հակաքարոզչություն է ծավալել գրեթե բոլոր թեկնածուների վերաբերյալ: Արամ Հարությունյանն էլ օգտագործել է ինքնագովազդի մեթոդը:

Ըստ «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կատարած հետազոտությունների՝ թեկնածուներից ոմանք զբաղվել են ինքնագովազդով և «սև փիարով»: Նախագահի թեկնածուները ստատուսների միջոցով միմյանց «մեսիջներ» են ուղարկել, բայց չեն նախընտրել հանդիպել և բանավիճել: Թեկնածուներից ոմանք Ֆեյսբուքում խախտել են «լռության» օրը, սակայն դա պաշտոնական ընտրախախտում չի համարվում:

Լաուրա Բաղդասարյանը հավելեց, որ թեկնածուներն անդրադարձել են նաև ներքաղաքական, արտաքին քաղաքականության հարաբերություններին, իրենց իսկ ընտրական գործընթացին, խոսել են նաև թոշակների մասին: Ավելի քիչ են խոսել բնապահպանության, մշակույթի, կրթության մասին:

Կիմա Խաչատրյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter