HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Րաֆֆիի տրիումֆը և ԲՀԿ-ի էֆթանազիան

Հայաստանում նախագահական ընտրությունների միջոցով նոր նախագահ չի ընտրվում: Պարզապես տեղի է ունենում իշխանության վերարտադրություն: Եվ դա այնքան օրինաչափ է դարձել, որ այլևս ոչ մեկի չի զարմացնում, տխրեցնում կամ ուրախացնում: Բայց նախագահական ընտրությունների միջոցով Հայաստանում միշտ, բոլոր դեպքերում «ընտրվում» է նոր ընդդիմություն:

1996-ին «ամենայն հայոց ընդդիմադիր» ընտրվեց Վազգեն Մանուկյանը, 1998-ին` Կարեն Դեմիրճյանը, 2003-ին` Ստեփան Դեմիրճյանը, 2008-ին` Լևոն Տեր Պետրոսյանը: 2013թ. փետրվարյան ընտրություններում ամենայն հայոց նոր ընդդիմադիր ընտրվելու հերթը Րաֆֆի Հովհաննիսյանինն էր:

Վերջիններիցս նա տարբերվում է երկու առումով: Առաջին` նա նախորդներից ավելի շատ ձայներ հավաքեց և պատմության մեջ կմնա որպես հոգեբանական 500 հազարի շեմը առաջինը հաղթահարած այլընտրանքային թեկնածուն: Պարզվեց, որ սեփական քվեն սեփական հայեցողությամբ տնօրինելու և անպայման հանձինս ինչ-որ մեկի Սերժ Սարգսյանի և իշխանական համակարգի դեմ քվեարկելու ոչ հավաքական քաղաքացիական կեցվածքն ի զորու է վերածվելու քաղաքական այնպիսի հզոր գործոնի, որ ընդամենը 9 ամիս առաջ ԱԺ ընտրություններում 5 տոկոս քվե ստացած քաղաքական ուժի ղեկավարին տա ընդհուպ նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկելու և երկրորդ փուլի պահանջ դնելու բավարար քաղաքական հիմքեր:

 Երկրորդ` այդ կարգավիճակը նա ձեռք բերեց անգամ իր համար այն աստիճան անսպասելի, որ հիմա պարզապես չգիտի` ինչպես վարվել այդ ռեսուրսի հետ: Րաֆֆի Հովհաննիսյանն ակնհայտորեն պատրաստ չէր այս «առանձնաշնորհը» ստանալուն. նախընտրական շրջանում նա գրեթե չշոշափեց այն հարցը, թե ինչ է անելու, եթե համարի, որ ընտրությունների արդյունքները կեղծվել են, չհայտարարեց նաև, թե մինչև ուր է գնալու, գնալու՞ է արդյոք առհասարակ, կամ եթե գնալու է, ապա ի՞նչ ճանապարհով: Այսօր նա ընդամենը կարողանում է Սերժ Սարգսյանին եղբայրաբար իշխանությունը խաղաղ հանձնելու և այդ կապակցությամբ նրա ձեռքը սեղմելու առաջարկ անել` առանց հաշվի առնելու ընդամենը երկու տարվա վաղեմության տերպետրոսյանական նմանատիպ առաջարկների, տխրահռչակ երկխոսությունների անփառունակ վախճանը և այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանի գլխավոր զենքը հենց նմանատիպ առաջարկություններից օգտվելն է ու նման նախաձեռնությունները հենց նախաձեռնողների դեմ շրջելը: Առավելագույնը, ինչ այս պահին փորձում է անել Րաֆֆի Հովհաննիսյանը, որոշակի ժամանակ շահելն է` հետագա մարտավարությունը ճշտելու համար:

Սակայն հայաստանյան նախագահական ընտրություններն ի հայտ են բերում նաև տխուր օրինաչափություններ: Եվ դրանցից գլխավորն այն է, որ բոլոր նոր ժամանակների ընդդիմությունների լիդերներն էլ (բացառությամբ, թերևս, Կարեն Դեմիրճյանի) վերջին հաշվով խաղը տանուլ են տալիս, որոնց հետևանքը լինում է նրանց անխուսափելի մարգինալացումը:

Րաֆֆի Հովհաննիսյանի ամենամեծ փորձությունը լինելու է հենց այս հեռանկարից խուսափելը, թեև դրան ամենամոտը հանգամանքների բերումով հենց նա է գտնվում: Պատճառը թե՛ նրա՝ իբրև քաղաքական գործչի, տեսակի, բնավորության առանձնահատկությունների մեջ է, թե՛ այն պլանների կամ հույսերի, որոնք, ըստ ամենայնի, իշխանությունն է կապում Հովհաննիսյանի հետ:

Բանն այն է, որ անցած հատկապես երկու տարվա ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանն իր մարդկային, բարոյական հիրավի բարձր հատկանիշներից բխող հեղինակությունն ու ժողովրդականությունը վատնեց հակասական, որոշ դեպքերում տրամաբանական, ընդհանուր շղթայի մեջ չտեղավորվող քայլերով ու որոշումներով: Թեև դրանք իսկապես բխում էին ազնիվ մղումներից, հասարակական որոշակի տրամադրություններ ստեղծելու, արժեքներ ձևավորելու նպատակադրումներից, սակայն ավելի շատ թողնում էին հընթացս, պահի տակ կայացվող տաք և անշրջահայաց քայլերի տպավորություն, որը բացարձակապես չէր տեղավորվում ճկուն և հաստատակամ, սառնասիրտ ու ողջախոհ առաջնորդի կերպարի համատեքստում:

2011-ի աննպատակ նստացույց-հացադուլը, ԱԺ պատգամավորի մանդատը հանձնել-ետ վերցնելը, կուսակցության ղեկավարի պոստը թողնելը և սեփական կուսակցության պառակտման գնով այն նորից «ետ վերցնելն» իսկապես ստեղծել են հակասական գործչի մի տիպաժ, որն առաջնորդվում է ոչ այնքան ռացիոնալ մտածողությամբ, որքան զգացմունքներով: Մի կողմից սա կարող է կասկածներ առաջացնել, թե որքանով է նման կերպարը համապատասխանում երկրի ղեկավարման համար անհրաժեշտ որակներին, իսկ մյուս կողմից` թե ինչպես է ստեղծված ներկայիս վիճակում նա կարողանալու խույս տալ այն տարատեսակ թակարդներից, որոնք նման դեպքերում սովորաբար լարվում են իշխանության կողմից: Սա իսկապես փորձություն է, որը հաղթահարելով՝ Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է կարողանա փոխել իր անձի վերաբերյալ ձևավորված այս հակասական ընկալումները:

Բայց շատ ավելի էական է այն, թե իշխանությունն ինչպես է փորձելու վերաբերվել հենց Հովհաննիսյանի` ընդդիմության փաստացի լիդերի վերածվելու ընթացող պրոցեսին: Բանն այն է, որ նախընտրական շրջանում իշխանական կամ իշխանամերձ քարոզչամեքենան ամեն կերպ ձգտում էր հենց Հովհաննիսյանից կերտել «ամենայն հայոց ընդդիմադիրի» կերպարը, այսինքն՝ ի դեմս նրա և նրա առաջնորդությամբ  ապագա որակապես նոր ընդդիմության կերտման նախադրյալներ ստեղծել: Դժվար է ասել` Հովհաննիսյանն ինքն ինչպես էր վերաբերվում նման ակնհայտ միտումներին, բայց փաստն այն է, որ անգամ ընտրություններից հետո իշխանությունը, ըստ էության, չի հրաժարվել իր այս մտահղացումն իրականացնելուց: Այս առումով խիստ հետաքրքրական էր ՀՀԿ խորհրդի անդամ Գագիկ Մինասյանի արած դիտարկումը. «Եթե  Ր.  Հովհաննիսյանը կատարի  ճիշտ քաղաքական քայլ և փորձի ապացուցել, որ  ինքը այս զանգվածի հույզերի արտահայտիչն է, ապա  կարծում եմ՝ քաղաքական դաշտում Ր. Հովհաննիսյանն ու «Ժառանգություն» կուսակցությունը կհամարվեն առաջին  ընդդիմադիր ուժը»:

Պետք է ենթադրել, որ եթե իսկապես Րաֆֆի Հովհաննիսյանին առաջին ընդդիմադիր ուժը ճանաչելու հարցում իշխանությունը շահագրգռություն է հանդես բերում, ապա դա միայն այն պատճառով է, որ այսպես կոչված րաֆֆիական ընդդիմությունն առնվազն համարում է շատ ավելի նախընտրելի, քան ծառուկյանական կամ լևոնտերպետրոսյանականը: Սա կարող է էլ ավելի հեռուն գնացող նպատակներ հետապնդել` կապված ընդհանրապես քաղաքական ներկապնակը փոխելու հետ: Բանն այն է, որ Րաֆֆիի միանշանակ հեգեմոնիան անխուսափելիորեն կառուցվելու է ՀՅԴ-ՀԱԿ-ԲՀԿ(վերապահումներով) մինչընտրական ընդդիմության փլատակների վրա: «Ժառանգության» «թիվ 1» ընդդիմություն դառնալը ուղիղ համեմատական է այդ եռյակի` երկրորդ-երրորդը դառնալուն կամ առժամանակ մարգինալ դաշտ տեղափոխվելուն, մանավանդ եթե հաշվի առնենք, որ նրանք իրենք ցանկացան ինքնամեկուսանալ և գործընթացներին հետևել պարզ դիտորդի կարգավիճակով:  Այսինքն՝ իշխանությունը փորձում է օգտվել ստեղծված հնարավորությունից և Րաֆֆիի ձեռքով վերջնական նոկաուտի ենթարկել սեփական հարվածից նոկդաունում հայտնված այս ուժերին ու վերջնականապես տարածությունից զրկել Լևոն Տեր-Պետրոսյանին ու հատկապես Գագիկ Ծառուկյանին:

Մեծ հաշվով, սա հարված է առաջին հերթին ԲՀԿ-ին, որովհետև Րաֆֆի Հովհաննիսյանը և «Ժառանգությունը» սկսում են զբաղեցնել այն տարածությունը, որը սկզբում զբաղեցնում էին Տեր-Պետրոսյանն ու ՀԱԿ-ը, իսկ նրանցից հետո արդեն` Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ-ն: Իշխանությունն ուղղակի ձգտում է այնպես անել, որ ֆինանսական և կազմակերպչական անհամեմատ ավելի մեծ ռեսուսների տիրապետող ԲՀԿ-ն իր նոմենկլատուրային մեծամասնությամբ կանգնի իշխանության մեջ վերջնականապես տարրալուծվելու և այդպիսով խաղից դուրս գալու միակ նախընտրելի տարբերակի առջև: Եվ որքան Րաֆֆիի «ամենայն հայոց» ընդդիմադիրի կարգավիճակը երկար շարունակվի, այնքան ավելի իրատեսական կդառնա ԲՀԿ-ի էֆթանազիան:

Սակայն հարցն այն է` որքանո՞վ է Հովհաննիսյանն ինքն իրեն համարում այս պրոյեկտի մասը, և որքանո՞վ է պատրաստ դառնալու իշխանության գործիքը այսպես կոչված հին գվարդիայի ընդդիմության դեմ իշխանության տակտիկական պայքարում: Այս հարցի պատասխանն է, որ Րաֆֆին հիմա, կամա թե ակամա, տալիս է... «Ազատության» հրապարակում:     

 

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ի՞նչի մասին է խոսքը: Ի՞նչ ԲՀԿ,երբ այս «կուսակցության» նախագահը ՆՈՒՅՆԻՍԿ չի մասնակցում երկրի նախագահական ընտրություններին: Սա ՍԿԱՆԴԱԼ է.սրանով ամեն ինչ արդեն ասված է: ԲՀԿ-ն ՀՀԿ-ի միջնակ եղբայրն է: Դրանք ՆՈՒՅՆ բաներն են: Իսկ ՅՀԴ-ը նույնիսկ իր քաղաքապետին (Կապանի քաղաքապետի ընտրություններ) տեր չկանգնեց: ՅՀԴ-ն էլ ՀՀԿ-ի կրտսեր եղբայրն է: Իսկ ՀԱԿ-ը տրոհվել է. Ն.Փաշինյանը և Հ.Բագրատյանը առանձնացել են (և ճշտորեն),իսկ որոշ այլ մնացածներ նոր կուսակցություն են ստեղծում(որը նույնպես ճիշտ քայլ է): Հոդվածի վերլուծությունը ես գտնում եմ բարդ. չափից բարդ՝ Հայաստանի համար: Միգուցե սա ինչ որ տեղ ճիշտ լիներ ,օրինակ ,Հոլանդիայի համար: Այսօր Հայաստանի քաղաքական գործոնի որոշիչները հետևյալներն են. «ՀԱՑ տուր ուտեմ,սոված եմ- օլիգարխից վերցրու տուր ինձ/էրեխուս», «մարդկանց ԽՈՊԱՆ մի թող գնա, մի ճար արա իրենց գյուղերում մնան,որ երկիրը պաշտպանող լինի», ու նման բաներ:.......................................................... Րաֆֆին չլիներ,Պողոսը կլիներ. ուղղակի Րաֆֆին էր այս պահին ամենաարժանին` իր որոշ թերություններով հանդերձ (անթերի մարդ չկա): Րաֆֆու հաղթանակը ՊԱՏԱՀԱԿԱՆ ՉԷՐ. նա քաղաքական խաղերին չմասնակցեց,ինչպես ԲՀԿ-ՅՀԴ-ՀԱԿ-ը արեցին: Մարդը,մնացածների նման, ուսերին ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ բեռ չունի: Փողոցի ժարգոնով ասած` վրան կլյաուզա կպցնելու բան չկա: Սա ՆՈՐ որակ է Հայաստանում-մարդիկ ՍԱ են ուզում. հոգնել են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter