HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Ռուբեն Հակոբյան. «Մենք մեր հաղթանակը չենք կարող որպես պարտություն ընդունել»

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն Ազատության հրապարակում հայտարարեց, որայս ընտրություններում նորություն կլինի այն, որ հաղթանակած թեկնածուն դե յուրե դառնալու է ՀՀ նախագահ:

Ռուբեն Հակոբյանի խոսքով՝ ցավոք, ավանդաբար, հատկապես համապետական ընտրություններում ժողովրդի, պետության, պետականության, երեխաների ապագայի շահը դաժան պայքարի մեջ է մտնում իշխող կլանի շահի հետ և ավանդաբար ջախջախիչ պարտություն է կրում:

«Այս անգամ թույլ չենք տալու դա: Այս անգամ գալիս ենք միասին՝ թիկունք թիկունքի տված, թև թևի տված, տղամարդավարի, ժողովրդի քվեն պաշտպանենք և ժողովրդի քվեով ընտրված նախագահին տանք նրա իրավական լիազորությունները: Միասին անելու ենք դա»,- ասաց Ռուբեն Հակոբյանը:

Նա նշեց, որ պայքարը կլինի երկարատև, և կարող են լինել սադրանքներ, խեղաթյուրումներ: Նրա խոսքով՝ հաղթանակի հասնելու համար պետք է հասկանալ, որ Րաֆֆիի, «Ժառանգության» համար չէ պայքարը, այլ «մեր բոլորի, մեր պետության համար է պայքարը»:

Ռուբեն Հակոբյանն ասաց, որ սովորաբար նման դեպքերում, երբ ժողովուրդը ոտքի է կանգնում՝ իր քվեն ու արժանապատվությունը պաշտպանելու, հայտնվում են կայունություն մասին եթերից խոսողներ, բայց Ազատության հրապարակում հավաքվածները առողջ կայունության մասին են խոսելու, իսկ եթերից կայունություն մասին խոսողները կողմնակից են գերեզմանային կայունության, որը երկիրը հասցրել է այս վիճակին:

«Չի կարող այսօր հայ ժողովուրդը աչք փակել, որ այս վարվող քաղաքականության, պարբերաբար կեղծումների պատճառով ժողովրդի մեծ մասը փախել է Հայաստանից»,- ասաց Ռուբեն Հակոբյանը:

Անդրադառնալով նրան, թե Սերժ Սարգսյանի թիմի անդամներն ինչպես էին շնորհավորում իրար «կեղծված ընտրությունների արդյունքով»՝ Ռուբեն Հակոբյանն ասաց, որ իրար շնորհավորում էին խմբի մարդիկ, որը ներկայացնում է Հայաստանի այն իրականությունը, երբ տնտեսության 50 տոկոսից ավելի ստվերում է, որ տարեկան 1,5-2 մլրդ դոլարի շրջանառությունը պահվում է 10-15 ընտանիքի ձեռքում:

«Եվ նրանք՝ այսօր նորից իշխանության հետ որպես փայ, ուզում են պարտադրել իրեն իշխանությունը: Թող ոչ ոք Րաֆֆիի առավելությունը թերություն չդիտի, բարի ժպիտի, հարգանքի, վեհանձնության մեջ չտեսնի անվճռականություն, և թող չսխալվեն, որ ինտիլիգենտ կեցվածքը վճռական է: Վստահեցնում եմ՝ այս թիմը ձեզ հետ մասին 1-ին շարքերում է լինելու: Մենք կողմ ենք, որ ցիվիլ, նորմալ պայմաններում իշխանափոխություն կատարվի: Բայց եթե կփորձեն խանգարել, ճնշումներ գործադրել, համապատասխան պատասխանը ստանալու են»,- ասաց Ռուբեն Հակոբյանը:

Նա հավելեց, որ քաղաքական ոգուն, ազնվությանը ոչ ոք չի կարող պարտադրել պարտություն, և «մենք մեր հաղթանակը չենք կարող որպես պարտություն ընդունել»: Նրա խոսքով՝ ընդդիմությունը հավասարապես պատասխանատու է լինելու Հայաստանից արտագաղթի համար և եթե չարդարացնի ժողովրդի վստահությունը, ապա կնպաստի իշխանության քաղաքական կուրսին, որ շարունակվի Հայաստանի հայաթափումը, որն ազգային անվտանգության հիմնական խնդիրն է դարձել:

Լուսանկարը` Սոնա Սիմոնյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter