HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատարանը մերժեց Հայկազ Քոչինյանի բողոքը

Այսօր Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց  Շնողի նախկին գյուղապետ Հայկազ Քոչինյանի բողոքի դատաքննությունը ` Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանի կողմից իր դեմ քրեական գործ հարուցելու մասին որոշման դեմ:

Հիշեցնենք, որ Լոռի մարզի դատախազի կողմից Հակյազ Քոչինյանի դեմ քրեական գործ հարուցելու 05.12.2012թ.-ի որոշումը կայացվել է «Հետքի» «Բացահայտվում են Հայկազ Քոչինյանի կատարած ապօրինությունները» հոդվածի նյութերով:

«Նախորդ դատական նիստը հետաձգվեց, քանի որ պարոն Շիրոյան դուք  պետք է ճշտեիք ուղարկվել է, թե ոչ կողմին դատախազի քրեական գործ հարուցելու մասին որոշումը»,- ասաց դատավոր Մարինե Մելքոնյանը: Դատախազ Արմեն Շիրոյանը դատավորի հարցմանը պատասխանեց, որ կողմին քրեական գործ հարուցելու մասին որոշումը չի ուղարկվել, բայց դա չի խանգարել որոշման բողոքարկմանը: Դատախազը դատարանին հայտնեց, որ պատասխանի հետ ունի նաև ավելացում: Վերջինս հայտնեց, որ ՀՀ քրեադատավարական օրենսգրքի 290 հոդվածի 1-ին կետի համաձայն` դատախազի որոշումների և գործողությունների օրինական և հիմնավոր չլինելը բողոքարկելը օրինական է այն անձանց կողմից, որոնց իրավունքները և օրինական շահերը խախտվել են այդ որոշումներով և գործողություններով, և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից: Վերջինիս վերաբերյալ Արմեն Շիրոյանը նաև հիշատակեց Սահմանադրական դատարանի 2009թ.-ի դեկտեմբերի 7-ի արձանագրության մեջ նշված` դատախազի որոշումները բողոքարկող անձանց իրավունքի իրացման նախապայմանները, այն է` եթե խախտվել են այդ անձանց իրավունքները և օրինական շահերը և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից:

«Վերջինիս դեպքում հետևում է, որ անձը դատախազի որոշումը կամ գործողությունը բողոքարկելիս պետք է դիմի նախ վերադաս դատախազին: Հայկազ Քոչինյանը Լոռու մարզի դատախազի քրեական գործ հարուցելու մասին որոշումը չի բողոքարկել վերադասության կարգով»,- ասաց դատախազ Ա. Շիրոյանը: Նա հայտնեց, որ Հայկազ Քոչինյանի բողոքը անհիմն է և ենթակա է մերժման:

«Եթե որոշումը չեք տվել Հայկազ Քոչինյանին, ինչպես կարող էր նա բողոքարկել, ես նախորդ նիստում էլ էի ուզում պարզել, արդյոք դուք բացատրել եք Հայկազ Քոչինյանին որոշման բողոքարկման կարգը, որ նա կարող է բողոքել վերադասության կարգով»,- դատախազին հարցրեց Հայկազ Քոչինյանի ներկայացուցիչ Արտակ Ոսկանյանը:

«Պարոն Ոսկանյան, իսկ քրեական գործ հարուցելու մասին որոշումը կողմին ուղարկելու օրենսդրական կարգավորում կա՞»,- պաշտպանին հարցրեց դատավոր Մելքոնյանը: Պաշտպանը հայտնեց, որ քրեական գործ հարուցելու մասին որոշումը կողմին ուղարկելու մասին օրենսդրական կարգավորում չկա: Դատարանն անցավ ապացույցների հետազոտմանը:

Հրապարակված փաստաթղթերի վերաբերյալ հայտարարություններ չեղան: Դատարանը անցավ խորհրդակցական սենյակ:

Դատավոր Մարինե Մելքոնյանը հրապարակեց դատարանի որոշումը, ըստ որի` Հայկազ Քոչինյանի բողոքը ` Լոռու մարզի դատախազի քրեական գործ հարուցելու մասին 05.12.2012թ.-ի որոշումը վերացնելու և 55 2112 քրեական գործի վարույթը հանցակազմի  բացակայության պատճառով կարճելու`վարույթն իրականցնող մարմնին պարտավորեցնելու վերաբերյալ`մերժել: Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում` հրապարակման պահից 10 օրվա ընթացքում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter