HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Ժամը 13-ին Րաֆֆի Հովհաննիսյանը կհայցի «ժողովրդի հավանությունը՝ հերթական և առաջիկա քայլերի վերաբերյալ»

«Ժամը 13-ին եթե հարգարժան պարոն Սարգսյանը չգա հրապարակ, եթե իրենք հետաձգեն իրենց արդեն նախատեսված հանրահավաքը, ես ժամը 13-ին արդեն իմ տեսակետը կներկայացնեմ ժողովրդին, կհայցեմ ժողովրդի հավանությունը՝ հերթական և առաջիկա քայլերի վերաբերյալ»,- այս առավոտ «Հետքին» ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա իր համակիրների հետ քայլում էր Ազատության հրապարակում, նրան մոտենում էին տարբեր մարդիկ, բարևում և իրենց զորակցությունը հայտնում:

Գիշերը Րաֆֆի Հովհաննիսյանը մի քանի ժամով բացակայել է Ազատության հրապարակից, սակայն հրապարակում ողջ գիշեր դրոշի մոտ կանգնած երիտասարդներ են եղել:

«Սա ցույց է տալիս, որ մեր պայքարը ոչ միայն Հայաստանի ժողովրդի մեծամասնության քվեի համար է, որ փետրվարի 18-ին տրվեց հանուն հայրենիքի, այլ այն, որ որակ կա, որ պատրաստ է՝ անկախ եղանակից և նաև երկրի իշխանությունը ժողովրդին վերադարձնելու համար կանգնել դրոշակի մոտ և ապահովել հրապարակը և հրապարակի իրավունքը»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Երեկվա հանրահավաքում նա ասել էր, որ լավ կլինի՝ Սերժ Սարգսյանը գա Ազատության հրապարակ և իշխանությունը հանձնի ժողովրդին: «Իրենք էլ մարդ են, իրենք շատ լավ գիտակցում են ՀՀ ողջ տարածքում ստեղծված աննախադեպ իրավիճակը, հասկանում են, որ պայթյունավտանգ է, հասկանում են, որ ժողովուրդը հաղթել է, և դա ոչ միայն իմ հարցն է, առաջին հերթին ժողովրդի հարց է և նաև իրենց հարցն է»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Ժառանգության» անդամ Դավիթ Սանասարյանը ևս գիշերը եղել էր Ազատության հրապարակում: Նա նշեց, որ տարբեր ժամերի տարբեր թվով մարդիկ են եղել: Շատ մարդիկ գնացել են տուն, որ առավոտյան վերադառնան հրապարակ:

Հարցին, թե որքանո՞վ է իրատեսական ու սպասելի, որ Սերժ Սարգսյանը կգա հրապարակ և իշխանությունը կփոխանցի ժողովրդին, եթե ընդունել է, տեղական դիտորդների պնդմամբ, կեղծված ընտրությունների արդյունքները՝ Դավիթ Սանասարյանը պատասխանեց, որ հիմա կոնկրետ պրոցես է ընթանում, և ամենակարևոր դիտորդը՝ Հայաստանի ժողովուրդը, ասել է, որ Սերժ Սարգսյանը չի ընտրվել:

«Ընտրական հեղափոխությունը տեղի է ունեցել: Հիմա Հայաստանի ժողովուրդը այս հրապարակում ամրագրելու է իր հեղափոխությունը, իր ընտրության տերն է կանգնելու, ու Սերժ Սարգսյանը թող մտածի»,- ասաց «Ժառանգության» անդամը:

Նա իշխանությունը ժողովրդին փոխանցելը համարում է շատ լավ առիթ, որով Սերժ Սարգսյանը կարող է «պատմության մեջ գրվել»:

«Ուղղակի ճիշտ կանի, որ գնա ժողովրդին ընդառաջ»,- ասաց Դավիթ Սանասարյանը: Նա հավելեց, որ մշակվում է մարտավարություն այն դեպքի համար, եթե Սերժ Սարգսյանը «ոչ ճիշտ» քայլ անի: Նրա խոսքով՝ մարտավարությունը մշակվում է ժողովրդի տրամադրության, ցանկության հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter