HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անհրաժեշտ է բացահայտել և պատժել բոլոր ընտրահանցագործներին. օմբուդսմեն

Նախագահի ընտրությունների ողջ ընթացքում մարդու իրավունքների պաշտպանի 116  թեժ գծի և արագ արձագանքման ծառայությունը ստացել է 255 ահազանգ:

Այդ ահազանգերից 43-ի դեպքում քաղաքացիները կարիք են ունեցել իրավաբանական խորհրդատվության, ստացել են այն և կարողացել են լուծել իրենց հուզող խնդիրը:

52 ահազանգեր նույնիսկ առերևույթ հիմնավոր չեն եղել, այսինքն՝ գանգատը չի պարունակել մարդու իրավունքների խախտում, կամ ահազանգում չի ներկայացվել ըտրախախտման գեթ մեկ փաստական հանգամանք:

Ընտրողների անձնագրերում դրվող կնիքի թանաքի խնդիրներով պաշտպանին ահազանգել են 68 քաղաքացիներ: Այս կապակցությամբ պաշտպանը իր դիտողություններն ու առաջարկը գրավոր և հրապարակային կներկայացնի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին:  

38 ահազանգերը վերաբերել են ընտրացուցակներում տեղ գտած անճշտություններին: Որոնց վերաբերյալ տեղեկատվությունը ամբողջությամբ ներկայացվել է ոստիկանություն, ընտրացուցակներում համապատասխան ուղղումներ իրականացնելու համար:

20 ահազանգերը վերաբերել են քվեարկության օրը տեղի ունեցած տեխնիկական բացթողումներին, կուտակումներին և քվերակության գործընթացի այլ շեղումներին: Դրանց վերաբերյալ ահազանգողներին տրվել է հստակ ուղղորդում և խորհրդատվություն, թե ինչպես արձանագրել նման անկատարությունները և թե ինչպես դրանք ներկայացնել համապատասխան ընտրական հանձնաժողովներին:

Քվեարկության մատչելիությունից դժգոհելով պաշտպանին ահազանգել է հաշմանդամություն ունեցող 9 անձ: Այս կապակցությամբ նախկին ձեռքբերումները ամփոփելով և ապագա արագ վերափոխումների ակնկալիքով՝ պաշտպանը կգործակցի տարածքային կառավարման նախարարության և առանձին համայնքների ղեկավարների հետ:

Վերջապես մնացած 25 ահազանգերը վերաբերել են ընտրակաշառքներին, կրկնակի քվեարկությանը և այլ հանցակազմ պարունակող արարքներին: Պաշտպանը հատկապես կարևորում է ընտրահանցանքների լիարժեք և օբյեկտիվ հետաքննությունն ու բացահայտումը: Վաղը, նախապես ստանալով ահազանգողների համաձայնությունը, ընտրահանցանքների մասին պաշտպանի ունեցած ողջ տեղեկատվությունը կներկայացվի թե´ Ոստիկանությանը, և թե´ հանրությանը: Պաշտպանը վստահ է. «Նույնիսկ այս 25 դեպքերի լիարժեք բացահայտումը կամ դրանց որոշ մասի իրապես համոզիչ հերքումը կարող է չափազանց դրական անդրադառնալ արդարության վերականգման, հասարակության վստահության հաստատման, ինչպես նաև հետագայում նման հանցանքների կանխարգելման համար: Հետևաբար, անհրաժեշտ է հետևողական աշխատանք: Անհրժեշտ է բացահայտել և պատժվել բոլոր ընտրահանցագործներին»:

Պաշտպանի աշխատակազմ

Մեկնաբանություններ (1)

Վ.Առաքելյան
Անհրժեշտ է բացահայտել և պատժել ոչ միայն բոլոր ընտրահանցագործներին անհատապես, այլև ավելի կարևոր է բացահայտել և պատժել համատարած ընտրահանցագործությունները ուղղորդող, ղեկավարող անհատին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter