HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Թե ինչպես Հալիձորի համայնքապետն ունեզրկեց համագյուղացիներին

Հալիձորի համայնքապետ Սամվել Ասրյանը վերջին ամիսներին թաքնվում է համագյուղացիներից. նա անջատել է հեռախոսը, չի ներկայանում աշխատավայր եւ պատասխանում է միայն Սյունիքի մարզպետի զանգերին:

Պատճառն այն է, որ Սամվել Ասրյանն ու նրա կինը` Հալիձորի ավագանու անդամ Գայանե Ասրյանը, դրդել են համագյուղացի 9 անձանց, որպեսզի նրանք «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ից` յուրաքանչյուրը 1000-ական դոլար վարկ վերցնեն եւ փոխանցեն իրենց: Իրականում վարկը մարողը պետք է լիներ համայնքի ղեկավար Ս. Ասրյանը, բայց քանի որ նա չէր մարել ոչ իր անունով «Սեֆ ինտերնեյշնլ ունիվերսալ վարկային կազմակերպություն»-ից եւ «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ից վերցրած վարկերը եւ ոչ էլ համագյուղացիների անունով վերցված վարկերը, դատարանը վճռել է բռնագանձել գումարները` արգելանք դնելով նրանց պատկանող գույքի եւ դրամական միջոցների վրա:

Սամվել Ասրյանը «Սեֆ ինտերնեյշնլ ունիվերսալ վարկային կազմակերպություն» ՍՊԸ –ից 2007թ.-ի մայիսի 14-ին 700.000 դրամ վարկ է վերցրել, որի դիմաց գրավադրել է «իրեն պատկանող 10 գլուխ խոշոր եղջերավոր ընտանի կենդանիներ», որը փոխադարձ համաձայնությամբ գնահատվել է 1.232.000 դրամ:

Համայնքապետը վարկը պետք է մարեր մինչեւ 2009թ.-ի կեսերը եւ քանի որ չի մարել, 6 ամիս հետո` 2009թ. հուլիսի 30-ին կազմակերպությունը դիմել է դատարան: Դատարանը վճռել է Սամվել Ասրյանից հօգուտ «Սեֆ ինտերնեյշնլ ունիվերսալ վարկային կազմակերպության» բռնագանձել 830.585.30 (ութ հարյուր երեսուն հազար հինգ հարյուր ութսունհինգ) դրամ:

Մի քանի ամիս հետո, 2007թ.-ի հոկտեմբերի 25-ին համայնքապետն ու իր կինը` Գայանե Ասրյանը «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ից 1.500.000 դրամ վարկ են վերցրել` 546 օր մարման ժամկետով, որի դիմաց գրավադրել են սեփականության իրավունքով իրենց պատկանող Հալիձոր համայնքում գտնվող 1.175 հա ընդհանուր մակերեսով հողամասը, 3128.3 քմ ընդհանուր մակերեսով մասնաշենքը, որը կողմերի համաձայնությամբ գնահատվել է 4 մլն դրամ: Համայնքապետը կրկին վարկի մարման գրաֆիկով նախատեսված ժամկետում` մինչև 2009թ. ապրիլի 23-ը, ամբողջությամբ չի մարել վարկը, եւ բանկը 2009թ. հունիսի 10-ին դիմել է դատարան: Դատարանը վճռել է բռնագանձումը տարածել վարկի դիմաց գրավադրված գույքի վրա:

Հալիձոր համայնքի ղեկավարը նույն տարում վարկային պատմության մեջ է ներքաշել նաեւ համագյուղացի 9 անձանց` դրդելով նրանց «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ից վարկ վերցնել իր համար: Հալիձորցիներ` Սամվել Մալխասյանը, Ռուդիկ Մկրտչյանը, Գառնիկ Հարությունյանը, Անուշավան Գյուրջյանը, Գրիգոր Առաքելյանը, Բաբկեն Հակոբյանը, Կարեն Պետրոսյանը, Սարմեն Սիմոնյանը, Արշակ Արշակյանը 2007թ.-ի դեկտեմբերի 13-ին կնքված երաշխավորության պայմանագրով յուրաքանչյուրը եւս 1000-ական դոլար վարկ են վերցրել: Բանկի հետ կնքած երաշխավորության պայմանագրով նշված անձինք պարտավորություն են ստանձնել վարկը չմարելու դեպքում մեկը մյուսի փոխարեն վճարել պարտքի մնացորդը:

Վարկը գյուղացիներին տրամադրվել էր մեկ տարի մարման ժամկետով, որը լրանալուց 3 ամիս հետո`19.03.2009թ.-ին, բանկը գումարի բռնագանձման պահանջով դիմել է դատարան: Ինչպես տեղեկանում ենք http://www.datalex.am/ կայքից, դատաքննություններին պատասխանողներից ոչ ոք չի մասնակցել:

Գյուղացիներն ուշքի են եկել այն ժամանակ, երբ նրանց սեփականությունն աճուրդի է հանվել, եւ տներից մեկը վաճառվել է: Խուճապահար հալիձորցիներն օգնության ակնկալիքով դիմել են մարզպետ Սուրեն Խաչատրյանին: Մարզպետը, մեր տեղեկություններով, հանգստացրել է նրանց եւ հավաստիացրել, թե ոչ ոք նրանց տները չի վերցնի ձեռքներից: Վարկառու գյուղացիներից ոմանք հայտնեցին, որ գումար են խոստացել աճուրդի հանված իրենց սեփականությունը ետ գնելու համար:

Շարունակության մասին արդեն տեղեկացնում է Դատական ակտերի հարկադիր կատարման կայքէջը` www.achurd.harkadir.am, աճուրդի ներկայացված 2 հողակտորները հանված են աճուրդների ցանկից, իսկ 3 տների աճուրդը առ ժամանակ հետո կասեցվեց: Վարկառու գյուղացիներից ոմանց տեղեկացմամբ` աճուրդները կասեցվել են մարզպետ Սուրեն Խաչատրյանի միջամտությամբ:

Հալիձորցիները դժվարանում են ասել, թե իրենց համայնքի ղեկավարն ինչ նպատակով է ծախսել բանկերից վերցված ավելի քան 6 մլն 500.000 դրամ գումարը: Ասում են, թե այս տարիներին նա նշանակալից անշարժ գույք ձեռք չի բերել, բիզնես գործունեություն չի ծավալել, միայն ասվում է, որ խրախճանքի սիրահար է:

Մեկնաբանություններ (2)

Artak
Sa vor Halidzorn e - Gorisi mot te Kapani ???
mahmouzian
please .you should give a list of all the crooks in glorious armenia government .dont break your head .only the one that you remember..even better the one that you think are NOT.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter