HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

«Ամոթ մեզ, մենք ավելի ցածր կարծիքի էինք մեր հասարակության մասին»

«Ես դա բացարձակ հերոսություն չեմ համարում, եթե մի անգամ էլ փորձ լինի միջազգային կառույցների կողմից նման գնահատական տալ, մեկ ուրիշը դահլիճից կկանգնի ու նման հայտարարություն կանի»,- հայտարարեց ակտիվիստ Լենա Նազարյանը` մեկնաբանելով ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ ասուլիսն ընդհատելու իր քայլը:

Այսօր «Մեդիա կենտրոնում» ընտրական և հետընտրական գործընթացներն էին քննարկում քաղաքացիական խմբերի մի խումբ ակտիվիստներ:

Լենա Նազարյանի խոսքով` այդ քայլը նպատակ ուներ ցույց տալ, որ իրենք էլ դիտորդ են և իրենք էլ ունեն իրենց գնահատականը ընտրությունների վերաբերյալ:  

Արփինե Գալֆայանի կարծիքով` չափազանց շատ է կենտրոնացումը լինում 5 տարին մեկ` ընտրությունների ժամանակ. «Ընտրությունը, պայքարը պետք է կատարվի ամեն օր»: Արթուր Ավթանդիլյանի կարծիքով` նախագահական ընտրությունները գործընթացի մի մասն են միայն: Նա այդ ընտրությունները համեմատում է այն երևույթի հետ, երբ մեկը 5 տարի շարունակ պառկի բազմոցին ու հետո նրան ասեն 5 կմ վազել: Բնական է, որ մարդու ուժերը չեն բավականացնի, և նա արագ կհոգնի. «Հասարակության մկանները զարգացած չեն»: Արդյունքում «5 տարին մեկ ստացվում է ճակատամարտ, որն ունի կոնկրետ հետևանք»:

Մարինե Մանուչարյանի խոսքով` Հայաստանում նախագահական պայքարը սկսվում է քվեարկությունից ընդամենը 20 օր առաջ, սակայն իրականում հանրությունն իր թեկնածուին պետք է ճանաչի շատ ավելի վաղ: Նա կարևորեց նաև Լենա Նազարյանի քայլը, քանի որ դրանով քաղաքացիական հասարակությունն իր բողոքի ձայնն է բարձրացնում և կասկածի տակ է դնում միջազգային դիտորդների գնահատականները:

Նրա կարծիքով` պետք է մեծ ուշադրություն դարձնել տեղական դիտորդների գնահատականներին, ովքեր երկարաժամկետ են հետևում ընտրական գործընթացին, քվեարկության ամբողջ օրն են լինում տեղամասում, բացի այդ՝ հասկանում են լեզուն: Իսկ միջազգային դիտորդների չափանիշներն այլ են. նրանք կարող են գալ Հայաստան, ընտրության վերջում այն համեմատել, օրինակ, Զիմբաբվեի ընտրությունների հետ և ասել, որ Հայաստանում ընտրական գործընթացը մեկ քայլ առաջ է:

Արթուր Ավթանդիլյանի կարծիքով` անգամ տեխնիկական չափանիշներով այս «տխրահռչակ ընտրությունները» մեկ քայլ հետ էին 2012 թ.-ի խորհրդարանական ընտրություններից: Նրա խոսքերով` ընտրակաշառքն ամենադժվար ապացուցելի խախտումն է, և դրա դեմ կարող է պայքարել միայն իշխանությունը. «Եթե դրանք կան, նշանակում է՝ իշխանությունները չեն ցանկանում դրա դեմ պայքարել»:

Շարունակելով Ա. Ավթանդիլյանի միտքը` Ծովինար Նազարյանը նշեց, որ ընտրակեղծիքների դեմ պետք է պայքարեն պետական կառույցները, այնինչ, Հայաստանում դրանք շարունակում են ծառայել միայն իշխող կուսակցությանը:

Արփինե Գալֆայանը նշեց, որ, իր դիտարկմամբ, մարդիկ սովորաբար փնտրում են փրկչի, կուռքի, ում հետևից կարող են գնալ, իսկ դա հանգեցնում է պարբերաբար կրկնվող հիասթափությունների:

«Ես հավատում եմ, որ մեր հասարակությունն ինքնակազմակերպվելու պոտենցիալ ունի»,- հավելեց նա:

Ծ. Նազարյանն էլ նշեց, որ այս ընտրության արդյունքերն անսպասելի և լավատեսական էին. «Ամոթ մեզ, մենք ավելի ցածր կարծիքի էինք մեր հասարակության մասին»: Նրա կարծիքով` չնայած տեղի ունեցող ապօրինություններին, մարդիկ գնացին և իրենց ձայնը տվեցին իրենց նախընտրած թեկնածուին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter