HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Րաֆֆի Հովհաննիսյանը ելույթ ունեցավ Ազատության հրապարակում, բայց չասաց բանակցության մանրամասները

Չնայած այսօր՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո, Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահականի առջև հավաքված բազմությանը կոչ արեց գնալ իրենց գործին, սակայն մարդիկ հավաքվեցին Ազատության հրապարակում: Հենց նոր Ազատության հրապարակում ելույթ ունեցավ նաև Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Դուք արդեն գիտեք, որ իշխանությունը ձեր և մեր ձեռքում է»,- դիմելով հավաքվածներին՝ ասաց նա: Հավաքվածներն արձագանքեցին՝ այո:

Նա հիշեցրեց, որ այսօր Սերժ Սարգսյանի հրավերով, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հորդորով, նաև հրապարակում հավաքվածների պահանջով հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ:

«Ես մեր զրույցի մանրամասները ձեզ կներկայացնեմ, կզեկուցեմ ամենայն մանրամասնությամբ վաղը՝ ժամը 17-ին, Ազատության հրապարակում: Մենք միշտ ու միշտ կողմնակից ենք բաց, ոչ թե փակ, բաց, հաշվետու զրույցների: Ես զանգեցի պրն Սարգսյանի խոսնակին և ասացի՝ ուղղեք սխալը, մենք ի սկզբանե կողմնակից ենք բաց, թափանցիկ, հաշվետու, հրապարակային բանավեճի»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա հավելեց, որ վաղվա հանրահավաքի ժամանակ ելույթ կունենա ոչ միայն ինքը, այլև Հայաստանի քաղաքացին, մարդիկ, ովքեր կանգնած են իր կողքին, և մարդիկ, ովքեռ դեռևս բացակա են, բայց վաղը և մյուս օրը կգան:

«Եվ ձեր առջև պատասխան կտան, որ մի անգամ մեր կյանքի ընթացքում Ավարայրից, Սարդարապատից, Բաշ-Ապարանից, Ղարաքիլիսայից այս կողմ հայ ժողովուրդը իրական հաղթանակ պիտի տոնի»,- ասաց «Ժառանգության» ղեկավարը:

Նա նշեց, որ մի քանի օր առաջ, «ի հեճուկս, ճնշումների, վախի, սպառնալիքի, անամոթ խախտումների, հայ ժողովուրդը մեր հաղթանակը տոնեց, և պիտի տոնենք այդ հաղթանակը վաղը՝ ժամը 17-ին, այստեղ»:

Հավաքված մարդիկ սկսեցին վանկարկել «Րաֆֆի», «Հայաստան»: Այնուհետև Րաֆֆի Հովհաննիսյանն իջավ հարթակից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter