HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սագօ Արեան

Ան է Տիգրան Պասկեւիչեանը

Իր ծննդեան 48-րդ տարեդարձին առթիւ 

Ան է Տիգրան Պասկեւիչեանը: Հեռու լռութեան այս աղմուկէն, Հայաստանի իրական ձայներէն մէկը որուն բառերը ամբողջ ժամանակաշրջանի մը ոգին կը պահեն իրենց մէջ: Այսօր իր ծննդեան օրն է: Քչախօս, անաղմուկ բանաստեղծներու տեսակին կը պատկանի: Անոր բառերը այս հողաշերտի ապրող ոգիէն յայտնուող, զարմացնող եւ անընդհատ շարժումի մէջ են: Անոր բառերը իրենց աստուածներուն վրայ կասկածող, բողոքող, ատրուշաններու կուռքերը փշուր- փշուր քանդող  ճիչին մէջ կ'երեւին:

Բառ - բառի վրայ Տիգրանը կը բարձրանայ մեր ոգեղէն իրական իմաստի ճակատագրին վերջին աստիճանները բացայայտելու:

Անբռնազբօսիկ, իրական ու ջերմ:

Իր մօտ բառի տագնապ չկայ:

Բառն է որ կը հնազանդի իր տեսակին:

Պասկեիչյանի ամբողջ բանաստեղծութեան հեռանկարը փրկութեան մը ուղին որոնելու փորձն է:

Անկումի, մութի, հիւանդ Հայաստանի պատկերը կը փորձէ հանել իր մէջէն:

Ու ինք իր «բախտաւոր սերունդ»ի ամէնէն վաւերական, ամէնէն յանդուգն ամէնէն իրական ձայնը հանդիսացաւ:

Ինիսունականներ, Ղարաբաղեան շարժում:

Հրապարակներ ու օդին պարզուած բռունցքներու յանկերգներ, իմաստի որոնում: Փլուզուած կիսանդրիներ, նոր շաղախ, մեծ մահեր ու մեծ կորուստներ:

Մովսէս Գորգիսյան, Շարժում, Մոնթէ, Ղարաբաղ:

Այս բոլորը կան իր տողերուն մէջ: Այս բոլորը ապրուած, խմորուած ու վերադարձուած իմաստներով շաղկապուած են իր տողերուն մէջ:

Հրապարակներու աղմուկէն վեր եւ հեռու  բանաստեղծը վստահ եմ որ նոր լուսաւոր տողեր պիտի բերէ:

Բոլոր անոնց համար, ովքեր մտած են իր ժամանակի հունին մէջ, իր բանաստեղծութեան, իր տագնապին, իր վսեմ հայացքին ու գրականութեամբ Աստծոյ հետ հաշիւ բռնելու անժամանակ ու անվերջ որոնումներուն մէջ:

Բանաստեղծը ան է որ կայացած տողերու պատուհանէն կը նայի լինելութեան ողջ ընթացքին:

Տիգրանն անոնցմէ է:

Անոր ժպրհումները, ուղին եւ տողին  կենդանի խօսքը:

Տիգրանի հետ մեր սերունդը քիչ աւելի մաքրուեցաւ:

Քիչ մը աւելի մօտեցաւ բառի իսկական խորհուրդին եւ չմեռնելու, անվերջ մնալու բանալին գրպանեց: Մենք սորվեցանք քալել մառախլապատ ուղիներու ճանապարհէն իր բառերով:

Քալել անվրդով ու անպարտ:

Որովհետեւ քայլը, առաջին քայլը  սկիզբն է բոլոր գալիքներուն:

Քչախօս Պօէտ: Բանաստեղծ որ շատ չի խօսիր:

Քչախօս Պօէտ այսօր ծննդեանդ օրն է:

Թոյլ տուր նորէն կարդալ այն բանաստեղծութիւնը որուն սաղմին մէջ տագնապներուդ, հարցումներուդ եւ ճանապարհիդ խաչն ես դրած:

Թոյլ տուր կարդալ «Ագրավի փնտրտուք»ը որ մերօրեայ աղմուկէն վեր, մերօրեայ որոնումներէն անդին իբրեւ յաւիտենական բառի իմաստ- իբրեւ յաւիտենական բառի  անկորնչելի խրախճանք պիտի մնայ ամրագրուած մեր ոգեղէն գանձատուփին մէջ:

Ինչպէս պարարտ- պարարտ հողէն արձակուած ցորեանի մաքուր, կատարեալ հասկի փունջ:

Ագռավի փնտրտուք

Մի անգամ, երբ ցուրտ ձմեռ էր, երբ քաղաքը կարկամել էր

Աստղերի տակ սառցահատ, իմ գլխում ծնված մտքերը,

Իմ հուշերը ու իմ սերը- դառնալով քայլվածք ընդահտ,

Իմ ոտքով դընելով հետքըս, իմ շընչով ծընելով հեւքս,

Ինձ տանում էին առաջ- դեպի ուր- գիտեր Աստված:

Ես հագել էի թիկնոցըն իմ- դեռ անցած կյանքում կարած,

Ես գըցել էի վըզնոցն իմ -ոչ այնքան հին, բայց մաշված,

Ոտքերիս տակ ցուրտ փողոցը, որ մարմիըն էր ձմեռվա 

Օսլայած ճերմակ սփռոց էր, անկատար գլուխգործոց էր,

Որ տանում էր ինձ հետ էր- ինձանից առաջ ու հետ էր-

Ցուրտ թողոցը արահետ էր, ու քամին ինձ հետ էր- ինձանից առաջ ու հետ էր-

Անտըրտունջ ու անհեթեթ էր, քամին, որ միշտ ինձ հետ էր

Ու ինձնից էր շընչառած, ինձ ասում էր. «Դի՛ր քո քայլը,

Միասին գնանք առաջ – դեպի ուր- գիտեր Աստված:

Իմ մարմինը հար անկյալ էր, իմ հոգին աստվածընկալ էր,

Իմ մտքերը ՝ կատարյալ ... Ես դարձած վերջին անտունը

Եւ Միակ ճըշգրիտ անունը- մըթության մեջ նըշմարված

Իմ ձեռքով բացեցի դուռը ...

Եւ այլն

(1996)

Իրօք որ այդպէս  է: Տիգրանը յոյսի, երազներու, պատերազմի սեւ ու մութ տարիներու վկայութիւնը իրենց ամբողջին մէջ ապրած բանաստեղծի տեսակ է:

Մեր կասկածներուն, մեր փակ դռներուն առջեւ կանգած ու մեր բողոքներէն անդին յառաջացած խօսքի եւ ձայնի ելեւէջներուն դիմաց տեսակ մը հսկող, տեսակ մը հասնող  անուն....

Մէկը որուն աւիշը մշտանոր է եւ ընթացքը յաւիտենական:

Մեկնաբանություններ (1)

Մլեհ
Շնորհակալութիւ՛ն, ըստ արժանւոյն Ձօն գրելու համար արժանաւոր Մարդու մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter