HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Քսան տարի սպասել եք, մի քիչ էլ սպասեք

Շնորհակալություն արձագանքի համար: Զարմանալի է Ձեր արձագանքը, քանի որ այս տարվա փետրվարի 15-ին Ձեզ հասցեագրած մեր նամակը մնացել է անպատասխան: Եթե Դուք պատասխանեիք, գուցե «անճշտություններ» չլինեին: 

Մեզ հայտնի է, որ ՄԱԿ-ը շատ փակ կառույց է դառնում, երբ իր ծրագրերին առնչվող տեղեկատվություն է պահանջվում, հատկապես, երբ դա ֆինանսական բնույթի տեղեկատվություն է:

Այժմ իրավիճակը ընթերցողներին ներկայացնենք` ավելի ընկալելի դարձնելու համար:

Բաքվից, Սումգայիթից եւ այլ բնակավայրերի իրենց տներից բռնի տեղահանված փախստականները, որոնց համար  նախատեսված էր շենքը, 20 տարի ինչ-որ կացարաններում` անտանելի պայմաններում սպասում էին բնակարանի:

Եւ ահա հայտնվում են ՄԱԿ-ի ներկայացուցիչները եւ ասում` ձեզ համար սոցիալական տուն ենք կառուցում եւ ձեզ կապահովենք բնակարաններով:

2010 թ. հունիսին հանդիսավոր արարողությամբ Երեւանի արվարձանում գտնվող Քասախ գյուղում 20 փախստականներին հայտարարվեց, որ այդ տները կառուցվել են իրենց համար, եւ իրենք կարող են արդեն ապրել այնտեղ:

Փախստականների մեջ մեծ թիվ են կազմում ծերերը, որոնք կարծես թե խորը շունչ քաշեցին, որ իրենց վերջին օրերը կանցկացնեն հարմարավետ բնակարաններում:

Շուտով կլրանա մեկ տարին, բայց փախստականները շարունակում են մնալ իրենց նախկին կացարաններում. շենքի դռները փակ են: Որովհետեւ պարզվել է, որ հատակը բետոնապատ է, իսկ պատերի վրա վտանգավոր ճաքեր կան, այնքան վտանգավոր, որ խորհուրդ չեն տվել այնտեղ բնակություն հաստատել:

Մեր երկու հոդվածներում խոսքը եղել է արդեն ավարտված կառույցի մասին` 20 բնակարանով, մյուս 25-ը, որ նոր շենքում է լինելու, դեռ պատրաստ չէ, եւ մենք այդ մասին հոդվածում չենք գրել:

Եւ այսպես, 1 մլն դոլար է ծախսել ՄԱԿ-ը այդ շենքը կառուցելու համար: Շենքը կառուցվել է մի ձեռնարկության հիմնակմախքի վրա, այսինքն` հիմք չի փորվել: 1 մլն դոլարի հիմնական մասը` 760 հազար դոլար, ճապոնացի հարկատուների փողերն են: Այն ճապոնացիների, որոնք իրենք օգնության կարիք ունեն:

Այսօր Քասախում 25 հազար դոլարով կարելի է 2 սենյականոց բնակարան գնել, իսկ 50 հազար դոլարով հնարավոր է գնել առանձնատուն` հողամասով: Հիմա հարց եմ ուզում ուղղել ՄԱԿ-ի ներկայացուցիչներին` արդյոք ՄԱԿ-ում չի՞ եղել որեւէ մասնագետ, որ առաջարկեր 20 ընտանիքների խնդիրը լուծել հենց այս ճանապարհով:

Եւ ամենակարեւոր հարցը` պարզե՞լ եք, արդյոք, թե ինչպես է ծախսվել այդ 1 մլն դոլարը երկհարկանի այդ չարաբաստիկ շենքը կառուցելու համար, որտեղ նույնիսկ հատակ չկա:

Մասնագետները կատարված աշխատանքը գնահատում են մոտ 600 հազար դոլար:  Պրն Դամթյու Դեսալեյնե, Դուք դարձյալ ժամկետ չեք նշում, գրում եք` նրանք կտեղափոխվեն «որքան հնարավոր է շուտ»: Մենք վստահաբար կարող ենք ասել, որ Ձեր նշած «որքան հնարավոր է շուտ»-ը  կտեւի առնվազն մեկ տարի, եթե նույնիսկ վաղը սկսեն դրանով զբաղվել:

Դուք մարդկանց այդտեղ չտեղափոխվելու համար նշում եք երկու պատճառ.

«Առաջին հերթին` այս հետաձգումը կապված է իշխանությունների եւ շահառուների միջեւ կնքվող օգտագործման պայմանագրերի փաստաթղթային աշխատանքների հետ: Երկրորդ` մինչ այդ մենք շենքի պատերի վրա նկատեցինք որոշ ճաքեր»: Կարծում եմ` իրական պատճառը մեկն է` այնտեղ վտանգավոր է ապրելը: Հուսով եմ` Դուք դրա մասին տեղեկացված եք:

Հարգելի Դամթյու Դեսալեյնե,  ես գիտեմ, որ այդ ծրագիրն իրականացվել է մինչեւ Ձեր` Հայաստանում աշխատանքի նշանակվելը, բայց միեւնույն է` այս իրավիճակի համար պատասխանատու է ինչպես Հայաստանի կառավարությունը, այնպես էլ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը:

Վերջում ուզում եմ տեղեկացնել, որ խմբագրության ներկայացուցիչները պարբերաբար այցելում են Քասախ եւ իրենց ուշադրության կենտրոնում են պահելու այս խնդիրը:                            

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter