HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վանաձորի «Ոսկե միջին» ՀԿ-ն Վանաձորի քաղաքապետի հայտարարության վերաբերյալ

Զարմացած եմ պարոն Դարբինյանի այսօրինակ մոտեցման համար: Տեսակետը, իհարկե, անընդունելի է ինձ համար: Այս պարագայում նախ պիտի հասկանանք, որ ոչ տեսականորեն, և ոչ էլ գործնականում հնարավոր չէ մի քանի ամսում գիտակից ընտրազանգվածից փոխակերպվել անգիտակիցի:

Ամիսներ առաջ մեր քաղաքացիները ընտրեցին քաղաքապետ և ավագանի, և ես որպես այդ ընտրություններում ակտիվ մասնակցություն ունեցած անձ, կպնդեմ, որ կատարվեց գիտակից ընտրություն, գիտակից քաղաքացիների կողմից, որի արդյունքում մենք ունենք քաղաքապետ, ով նույն Սամվել Դարբինյանն է, և ավագանի, որի կազմում տեսնում ենք բավականին ակտիվ, եռանդուն երիտասարդների ու փորձված, ճանապարհ անցած ավագանու անդամների: Մի՞թե նրանց ընտրողները անգիտակից քաղաքացիներ էին:

Ավելի վաղ Ազգային Ժողովի ընտրություններն էին, և նորից պիտի պնդեմ, որ թե Էդմոն Մարուքյանի, և թե Կարեն Սարիբեկյանի հաղթանակները գիտակից քաղաքացիների գիտակցված ընտրություն կատարելու արդյունքն են: Այս օրինակներին կարող ենք ավելացնենք նույն ԱԺ ընտրություններում ՀՀԿ հաղթանակը:

Չեմ կարծում, թե քաղաքապետ ընտրվելուց մի ամիս անց այդ նույն ընտրողին անգիտակից անվանելը լավագույն բնութագիրն է…

Ես կարծում եմ, որ անկախ նրանից՝ մենք գոհ ենք, թե դժգոհ մեր քաղաքացիների կատարած ընտրության արդյունքից, ում թեկնածությունն ենք պաշտպանել կամ չպաշտպանել, ինչ քաղաքական համոզմունքներ ունենք, պիտի հարգենք ժողովրդի քվեն ու կարծիքը: Վանաձորում անգիտակից ընտրողներ չկան:

Նաև պիտի հասկանանք, որ ընտրությունները միայն կառավարողներ ընտրելու պարզագույն գործընթացներ չեն: Իմ խորին համոզմամբ, ընտրությունները ինդիկատոր են, որոնք ցույց են տալիս ժողովրդի մոտեցումը վարվող սոցիալ-տնտեսական և իրավական քաղաքականությունների նկատմամբ: Վանաձորցիները հստակ արտահայտեցին իրենց դժգոհությունը և մեզ բոլորիս շատ պարզ կերպով մեսիջ ուղարկեցին:

Մենք՝ քաղաքային իշխանություններն ու քաղաքացիական հասարակությունս, կարող ենք անտեսել այդ մեսիջը, որը, ըստ իս, լավագույն ճանապարհը չէ և հղի է անկանխատեսելի հետևանքներով, կամ կարող ենք փորձել քայլեր ձեռնարկել այդ դժգոհության պատճառների վերացման ուղղությամբ, որը կարծում եմ ավելի խելամիտ ճանապարհ է, չնայած իմ սուբիեկտիվ կարծիքով քաղաքային իշխանության համար՝ առանց քաղաքացիական հասարակության օգնության, պարզապես անիրականանալի է:

Ընտրությունների արդյունքները Վանաձորում մեզ համար ևս՝ ոչ վաղ կատարված ԱԺ և ՏԻՄ ընտրությունների ֆոնին անսպասելի էին: Ամեն դեպքում, ես հպարտ եմ իմ համաքաղաքացիների՝ ընտրությունների միջոցով, կոռեկտ կերպով արտահայտված տեսակետի համար, ողջունում եմ նրանց համարձակությունն ու գլուխ եմ խոնարհում նրանց առջև: Նաև կոչ եմ անում նրանց ակտիվ մասնակցել բոլոր ընտրություններն և անկեղծորեն արտահայտվել դրանց միջոցով:

Հովհաննես Ղազարյան
«Ոսկե Միջին» հասարակական նախաձեռնությունների կենտրոն ՀԿ նախագահ,
Քաղաքացիական հասարակության Լոռու մարզային ցանցի համակարգող

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter