HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Անդրիաս Ղուկասյան. պետությունը պետք է անվավեր ճանաչի ընտրության նախնական արդյունքները

Նախագահի թեկնածու, «վերջ շինծու ընտրություններին» կարգախոսով մեկ ամիս շարունակ հացադուլ արած Անդրիաս Ղուկասյանը, ընդդիմության հանրահավաքում ելույթ ունենալով, շնորհավորեց և շնորհակալություն հայտնեց «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին, քանի որ վերջինը «միավորեց մեր հանրությունը», և «արեց այն, ինչ տարիներ չկարողացավ անել ընդդիմությունը»:

Միաժամանակ Անդրիաս Ղուկասյանն ասաց, որ դա դեռ հաղթանակ չէ, այլ 1-ին քայլն է դեպի հաղթանակ:

«Մենք կկարողանանք արձանագրել հաղթանակ այն ժամանակ, երբ մենք կստիպենք, որ պետությանը ճանաչի, որ իր կողմից արված գործողությունները անօրինական էին, և երբ պետությունը անվավեր կճանաչի իր նախանական առաջադրված տվյալները»,- ասաց Անդրիաս Ղուկասյանը:

Դիմելով հավաքվածներին՝ նա ասաց, որ հաղթանակը կախված է նրանցից, նրանց հետևողականությունից: Նրանք կարող են հասնել արդյունքի, եթե իշխող կուսակցությունը հասկանա, որ իր անօրինական որոշումը չի ընդունի հանրությունը, և հանրությունը հայտարարելու է քաղաքացիական անհնազանդություն:

Անդրիաս Ղուկասյանն ասաց, որ իրենց գործիքը անհնազանդություն է, երբ քաղաքացիները որոշում են չենթարկվել ապօրինի իշխանությանը, չճանաչել ապօրինի իշխանության որոշումները: Դրա համար մարդիկ պետք է հասկացնեն իշխող կուսակցությանը, որ եթե այդ որոշումը կայացնի, դա հանրության համար կնշանակի անհնազանդության սկիզբ, իսկ իշխող կուսակցության համար՝ վերջ:

«Դուք եկել եք այսօր այստեղ ու դրանով ցույց եք տալիս մեզ՝ այս հարթակի վրա հավաքված գործիչներին, որ մենք իրավունք չունենք հետ կանգնել ընդունված ճանապարհից: Այս հաղթանակը, այս քայլը դեպի հաղթանակ, որը արվեց, այս միասնությունը, որը ձեռք բերվեց, մենք պարտավոր ենք պահպանել թեկուզ մեր կյանքի գնով: Միաժամանակ դուք պարտավոր եք այս ոգին տարածել ամբողջ հանրությունով: Միայն այս դեպքում ռեժիմը կհասկանա, որ իր ժամանակը վերջացել է»,- դիմելով հրապարակում հավաքվածներին՝ ասաց Անդրիաս Ղուկասյանը:

Նա հավելեց, որ պետական իշխանությանը մարդիկ ենթարկվում են կամավոր: Հակառակ դեպքում այդ իշխող ուժը պիտի գնա: Դա միջազգայնորեն ճանաչված համամարդկային իրավունք է. յուրաքանչյուր ժողովուրդ իրավունք ունի իրեն ազատել ապօրինի ռեժիմից, անարդար իշխանությունից:

«Եվ մենք պիտի դա անենք այս անգամ և այստեղ: Ես հավատում եմ մեր հաղթանակին»,- ասաց Անդրիաս Ղուկասյանը:

Մարդիկ սկսեցին վանկարկել «հաղթանակ»:

Անդրիաս Ղուկասյանի խոսքով՝ այս շինծու ընտրությունները հերթական անգամ հրասթափեցրին և ցույց տվեցին, որ Հայաստանի պետությունն ի զորու չէ լինել ազնիվ իր քաղաքացիների նկատմամբ, արդար, այնպիսին, ինչպիսին մենք ուզում ենք տեսնել, ինչպիսին ուզում էին տեսնել բոլոր նրանք, ովքեր Ազատության հրապարակից 25 տարի առաջ գնում էին երկրի սահմանները պաշտպանելու, և որոնցից շատերը չվերադարձան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter