HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Ռուստամյան. «Դաշնակցությունն այստեղ է` ժողովրդի կողքին»

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի ելույթը Ազատության հրապարակում 

Սիրելի ժողովուրդ

Դաշնակցության անունից ես ողջունում եմ Ձեզ: Ձեր ներկայությունն այստեղ մեծ գործի սկիզբն է: Դուք արել եք գլխավորը: Դուք վախը հաղթահարել եք:  Եվ ուրեմն կարող եք անել նույնիսկ անհնարինը: Կարող եք հասնել ցանկացած նպատակի:

Ազատության այս հրապարակն արդեն քանի օր սպասում էր, ուզում էր տեսնել Դաշնակցությանը: Մենք այստեղ ենք: Մենք եկել ենք ձեր հանրահավաքին: Ինչպես հայտարարել ենք` Դաշնակցությունը ժողովրդի հետ է: Այն ժողովրդի, որ փետրվարի 18-ին ապացուցեց` անհնար է իրեն կոտրել, անհնար է իր մեջ մեռցնել արդարության, ազատության ձգտումը: Այն ժողովրդի, որ պատրաստ է իր ընտանիքի, իր երկրի վաղվա օրվա համար պայքարել: Որ այլևս չի հանդուրժում իր երկրում առկա քաղաքական, սոցիալական, տնտեսական, բարոյական խեղդող մթնոլորտը: Այն ժողովրդի, որ ընդվզեց իշխանության` վերևից ներքև, ինքնագոհ պահվածքի դեմ, թե իրենց դեմ խաղ չկա, թե իրենք հասարակության բացարձակ մեծ մասի վստահությունը և աջակցությունն ունեն: Ձեր պատասխանը հստակ էր` այս վիճակն անընդունելի է: Փետրվարի 18-ին դուք ապացուցեցիք, որ Հայաստանի քաղաքացին շատ ավելի լավ կյանքի և իշխանության է արժանի: Սա ընդվզում էր անարդարության, անհուսության, արտագաղթի դեմ:   

Ընտրությունների բնույթի, որակի գնահատականը մենք տվել ենք: Ինչ էլ ասեն միջազգային կառույցներն ու դիտորդները, այդ ընտրություններին դուք եք մասնակցել, դուք գիտեք, թե ինչ է կատարվել: Ժողովրդի կամքը չի կարող ոտնահարվել: Ով չի տեսնում, չի գիտակցում տեղի ունեցածը, նա չի ճանաչում, արհամարհում է մեր ժողովրդին: Ցավոք, այսօր իշխանության դեմքերը դա են անում:

Սիրելի' ժողովուրդ, ձեր այս համախմբումը ժողովրդի իշխանությունը հաստատելու շարժում է, որ պիտի ավարտին հասցնել: Սա դժվար ու տևական գործ է, սա միտք ու աշխատանք պահանջող գործ է: Հեշտ ճանապարհներ չկան: Բայց եթե վճռական եք, եթե միասնական եք, եթե պատրաստ եք պայքարի, հաղթանակը չի ուշանալու: Այս ընտրություններում մեր ժողովուրդը հույս նշմարեց, և դրա մարմնավորողը եղավ Րաֆֆին:

Րաֆֆին հանդիպել է մեզ հետ: Քննարկել ենք ստեղծված իրավիճակը: Մենք օրինական, սահմանադրական ճանապարհով ընթանալու և իրական, շոշափելի արդյունքների հասնելու կողմնակից ենք: Այս վիճակը նաև իշխանությանը պետք է ստիպի ելքեր որոնել: Մեր երկրում արմատական փոփոխություններ են անհրաժեշտ:

Դաշնակցությունն ինքնուրույն, պատասխանատու կուսակցություն է: Մենք ունենք մեր քաղաքական օրակարգը: Մենք վճռական ու հետևողական ենք լինելու: Կրկնում եմ` այս շարժումը հանուն Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու է: Հանուն Հայաստանի ապագայի: Հանուն Արցախի: Հանուն հայության ուժերի մեկտեղման: Մենք մեր ներսում թշնամի չենք տեսնում: Մենք ուզում ենք, որ մեր ժողովուրդն ապրի արժանապատիվ ու բարեկեցիկ: Մենք ուզում ենք ազատ, արդար, ժողովրդավար, ուժեղ Հայաստան: 

Եվ մենք ունենալու ենք այդ Հայաստանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter