HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

2 քրեական գործ՝ լրագրողների աշխատանքները խոչընդոտելու դեպքերի առթիվ ահազանգերի ստուգման արդյունքում

ՀՀ նախագահի ընտրությունների օրը` 2013թ. փետրվարի 18-ին, ԶԼՄ-ների մշտադիտարկման արդյունքում դատախազությունն արձանագրել է լրագրողների գործունեությունը խոչընդոտելու, նրանց նկատմամբ բռնություն գործադրելու 5 ահազանգ, որոնք անմիջապես ուղարկվել են ոստիկանության ստորաբաժանումներ` մատնանշված հանգամանքներն ստուգելու, նյութեր նախապատրաստելու համար: 

Արդյունքում` մեկ դեպքով ոստիկանությունը մերժել է քրեական գործի հարուցումը, երկու դեպքի վերաբերյալ նախապատրաստված նյութերը գլխավոր դատախազի հանձնարարությամբ ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն, որտեղ փետրվարի 22-ին հարուցվել են քրեական գործեր: Եւս երկու դեպքով նյութերի նախապատրաստումը շարունակվում է ոստիկանությունում: 

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը` հրապարակում ենք նշված դեպքերի առթիվ կատարված քննության արդյունքները:

1. 2013թ. փետրվարի 18-ին էլեկտրոնային լրատվության միջոցներով տարածվել է տեղեկատվություն, ըստ որի` «Մետաքսում` շտաբի դիմաց, «1in.am» կայքի լրագրող Մարինե Խառատյանը եւ «Հրապարակ» օրաթերթի լրագրող Գայանե Սարիբեկյանը ենթարկվել են հարձակման. խլել են լրագրողների տեսախցիկը եւ հայհոյել»:

Ահազանգերի հիման վրա` էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության հանձնարարությամբ ՀՀ ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում նախապատրաստվել են նյութեր: Լրագրողները հրավիրվել են ոստիկանություն` դեպքի վերաբերյալ բացատրություններ տալու, նշել են, որ զբաղվածության պատճառով կներկայանան ավելի ուշ: Լրագրողները բացատրություն են տվել 20.02.13թ.: 

Լրագրողներ Մ. Խառատյանի եւ Գ. Սարիբեկյանի հետ վիճաբանած անձանց ինքնությունը պարզելու եւ նրանց ոստիկանություն ներկայացնելու համար ոստիկանության Էրեբունու բաժնին համապատասխան հանձնարարություններ են տրվել:
Նյութերի նախապատրաստման ընթացքում կատարվել է նաեւ վերոնշյալ կայքում տեղադրված տեսանյութի զննություն, որը կցվել է զննության արձանագրությանը:

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ, ոստիկանությունում նախապատրաստված նյութերը 21.02.2013թ ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն եւ փետրվարի 22-ին Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի հատկանիշներով` ԶԼՄ-ի ներկայացուցչի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ:

2. 2013թ. փետրվարի 18-ին «www.aravot.am» կայքում հրապարակվել է լրագրող Հ. Ջեբեջյանի` Նորագյուղի 9/27 եւ 9/28 ընտրատեղամասերում նկարահանմանը խոչընդոտելու վերաբերյալ հոդվածը, որտեղ մասնավորապես նշվել է, որ ոստիկանները, հանձնաժողովի նախագահն ու քարտուղարը խոչընդոտել են լրագրողներին, որպեսզի վերջիններս նկարահանեն «Գազել»-ով տեղափոխված կանանց քվեարկությունը: 

ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում նախապատրաստված նյութերի ընթացքում Հ. Ջեբեջյանը բացատրություն է տվել, որ 2013թ. փետրվարի 18-ին գտնվել է թիվ 9/27 եւ 9/28 ըտնրատեղամասերում, որտեղից դուրս գալիս նկատել է, որ 7-8 կանանց «Գազել» մակնիշի ավտոմեքենայով բերում են ընտրատեղամաս: Ինքը ետ է գնացել` պարզելու, թե ովքեր են այդ կանայք, արդյոք իրենց տեղամասում են քվեարկելու, թե` ոչ: 

Ըստ տրված բացատրությունների` լրագրողը ներս է մտել թիվ 9/27 տեղմաս եւ ցանկացել է լուսանկարել այդ ամենը, սակայն հանձնաժողովի նախագահը եւ քարտուղարը թույլ չեն տվել` ասելով, որ լուսանկարում է ընտրած անձանց ցուցակները` ավելացնելով, որ լրագրողն անձը հաստատող փաստաթուղթ չունի եւ հաշվառված չէ հանձնաժողովի համապատասխան մատյանում: Հանձնաժողովի նախագահը եւ քարտուղարը պահանջել են, որ լրագրողը նախ գրանցվի եւ մինչ սահմանված կարգով լրագրողը գրանցվել է ընտրատեղամասում, նշված կանայք արդեն քվեարկել եւ ընտարատեղամասից դուրս են եկել: 

Հ. Ջեբեջյանը նշել է նաեւ, որ այդ ընթացքում իրեն են մոտեցել չորս ոստիկաններ: Նրանցից մեկը հայտնել է, որ ինքը նկարել է առանց հաշվառվելու, ընտրացուցակները: Հ. Ջեբեջյանը ցույց է տվել տեսախցիկի պարունակությունը, որից պարզվել է, որ որեւէ նկարահանում ընտրատեղամասի ներսում չի կատարել:
Արդյունքում` իրեն հաշվառել են եւ թույլ տվել, որ լուսանկարի, սակայն հիշյալ կանայք ընտրատեղամասից արդեն դուրս են եկել: 

Ինչ վերաբերում է ընտրատեղամաս բերած 7-8 կանանց, ապա Հ. Ջեբեջյանն իր բացատրություններում ասել է, որ այդ կապակցությամբ ոչինչ պարզել չի կարողացել, միայն ենթադրել է, որ հնարավոր է` այդ տեղամասից չլինեն, քվեարկեն ուրիշի փոխարեն:

Բացատրություններ են տվել նաեւ թիվ 9/27 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Ա. Բաբաջանյանը, քարտուղար Գ. Բաղդասարյանը, 9/27 եւ 9/28 ընտրատեղամասերում ծառայություն իրականացնող ոստիկանների խմբերի ավագներ Ս. Առաքելյանը եւ Վ. Բադանյանը, ովքեր նշել են, որ Հ. Ջեբեջյանն առանց ինքնությունը հաստատող փաստաթղթի եւ առանց հաշվառման` տեսախցիկով նկարահանում է կատարել` հայտնելով, թե լրագրող է: Իրենք պահանջել են սահմանված կարգով գրանցվել եւ դրանից հետո իրականացնել լրագրողական գործունեություն: 

Ստուգել են նրա փաստաթղթերը, այնուհետեւ թույլատրել աշխատել`  միայն համապատասխան փաստաթուղթ ներկայացնելուց եւ գրանցվելուց հետո: Նշել են նաեւ, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի` 24.02.2012թ. թիվ 38-Ն որոշման 2-րդ եւ 3-րդ կետերի համաձայն` զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչը պետք է հաշվառված լինի ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում: Վերջիններս հայտնել են նաեւ, որ լրագրողի աշխատանքին որեւէ մեկը չի խոչընդոտել: 

Միջոցներ են ձեռնարկվում քվեարկությանը մասնակցած նշված 7-8 կանանց եւ «Գազել» մակնիշի ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:

3. Փետրվարի 18-ին ստացվել է ահազանգ` Արարատի մարզի թիվ 17/05 ընտրական տեղամասում Ա.Համբարձումյանի եւ դիտորդ Ն. Իսմաիլիի նկատմամբ բռնություն գործադրելու եւ քվեատուփի մեջ լցոնում կատարելու վերաբերյալ: 

Նույն օրը ԶԼՄ-ների հրապարակումներն ուղարկվել են ՀՀ ոստիկանության Արարատի բաժին` մատնանշված հանգամանքներն ստուգելու եւ նյութեր նախապատրաստելու համար: Արդյունքները քննարկվել են ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խմբում, եւ գլխավոր դատախազի հանձնարարությամբ ոստիկանության բաժնում նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Փետրվարի 22-ին հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ եւ 153-րդ հոդվածների հատկանիշներով` ԶԼՄ-ի ներկայացուցչի, դիտորդի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու, մեկց ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու համար: 

4. 2013թ. փետրվարի 18-ին «iDitord.org» կայքում զետեղվել է ահազանգ այն մասին, որ Արարատի մարզի թիվ 17/01 ընտրատեղամասում վստահված անձանց կողմից դիտորդ Խ. Սիրադեղյանի եւ «Իրավունք» թերթի լրագրող Է. Մարտիրոսյանի աշխատանքները խոչընդոտվել են:

Ահազանգի հիման վրա ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնում նյութերի նախապատրաստումը շարունակվում է:

5. 2013թ. փետրվարի 18-ին «www.asparez.am» կայքում հրապարակվել է հոդված` «Սպառնացել են լրագրողին` «Եկա, աչքներդ կհանեմ» վերտառությամբ հոդվածն այն մասին, որ Գյումրու Թբիլիսյան խճուղում գտնվող թիվ 21 մակնապարտեզում տեղակայված 35/22 ընտրատեղամասի շրջակայքում արտասովոր իարարանցում է, կուտակված ավտոմեքենաներ կան, իսկ մեքենաներից մեկից` «Նիվա»-ից, ընտրակաշառք է բաժանվում: Ըստ հրապարակման` լրագրողների հայտնվելուն պես հիշյալ մեքենան հեռացել է, որին փոխարինել է մեկ այլ մեքենա: Տեսնելով նկարահանող լրագրողներին` մեքենայում գտնվողները սպառնացել են լրագրողներին, որ չփորձեն իրենց նկարել:

Ըստ հրապարակման եւ բնակիչների խոսքերով` ամբողջ թաղամասում ընտրակաշառք սկսել են բաժանել նախորդ օրը երեկոյից` թիվ 31 դպրոցից:
Կայքում նաեւ լուսանկարներ են զետեղվել, իսկ ծանուցումները կայքերում տեղակայվել են «www.asparez.am-ի լրագրող Մ. Պետրոսյանի եւ «Առավոտ» օրաթերթի լրագրող Ն. Արեւշատյանի կողմից:

Փաստի առթիվ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում նախապատրաստվել են նյութեր, որնց ընթացքում պարզվել է, որ Գյումրու թիվ 35/22 ընտրատեղամասի մոտակայքում «ՎԱԶ 21093» մակնիշի ավտոմեքենան պատկանում է Գյումրի քաղաքի բնակիչ Մ. Ռուբինյանին:
Մ. Ռուբինյանը բացատրություն է տվել, որ 2013թ. փետրվարի 18-ին` ժամը 12:00-ի սահմաններում, Գյումրու թիվ 21 նախակրթարանի մոտ իր մեքենան է նստել մի տարեց կին` խնդրելով իրեն փողոց տանել: 

Այդ պահին նկատել է, որ երկու երիտասարդ աղջիկներ լուսանկարում են ավտոմեքենան: Նա նշել է, որ ոչ ինքը, ոչ էլ տարեց կինը աղջիկներին չեն սպառնացել: Ինքը չի իմացել, որ նրանք լրագրողներ են, նրանք էլ չեն ներկայացել, եւ այդ մասին ինքն իմացել է միայն ոստիկանությունում:

«Առավոտ» օրաթերթի լրագրող Ն. Արեւշատյանը բացատրություն է տվել, որ ՀՀ Նախագահի ընտրության օրը` փետրվարի 18-ին` ժամը 12 :00-ի սահմաններում, Գյումրու «Ասպարեզ» ակումբի լրագրող Մ. Պետրոսյանի հետ գնացել է թիվ 21 նախակրթարանում տեղակայված 35/22 ընտրատեղամաս, որտեղ գրանցվել են որպես լրագրողներ: Ընտրատեղամասի տարածքում նկատել են կասկածելի ավտոմեքենաներ եւ լուսանկարել են: Այդ ընթացքում ավտոմեքենաներից մեկում նստած մի կին սպառնացել է իրենց` ասելով. «Ով եք եղած, որ մեզի նկարեք, այդքան չկաք, եկա աչքերներդ կհանեմ»: 

Լրագրողներն իրենց բացատրություններում նշել են, որ այդ սպառնալիքներն իրական չեն ընդունել, որ չեն ճանաչում կնոջը եւ վարորդին, նրանց կողմից որեւէ գործողություն չի կատարվել եւ ինքը որեւէ մեկի նկատմամբ բողոք, պահանջ չունի: Նկարելիս ինչպես ինքը, այնպես էլ Մ. Պետրոսյանը ավտոմեքենայի մեջ եղած անձանց լրագրողի վկայական չեն ներկայացրել, հագուստի վրա էլ տարբերանշան չեն ունեցել, իրենց լրագրողական գործունեությունը ոչ ոք չի խոչընդոտել: Կայքում զետեղված տեղեկությունից բացի ավելացնելու ոչինչ չունեն:

Գյումրու «Ասպարեզ» ակումբի լրագրող Մ. Պետրոսյանը բացատրություն է տվել, որ կայքում զետեղված տեղեկությունից բացի ավելացնելու ոչինչ չունի եւ հրաժարվել է հայտարարություն տալուց: Նա եւս նշել է, որ ավտոմեքենայի մեջ եղած անձանց իրենք լրագրողական վկայական չեն ներկայացրել, հագուստի վրա տարբերանշան չեն ունեցել: Սպառնալիքն իրական չի ընդունել, ինչպես վարորդը, այնպես էլ նրա կողքին նստած կինը որեւէ գործողություն չեն կատարել:

Թիվ 35/22 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Կ. Գրիգորյանը բացատրություն է տվել, որ ՀՀ Նախագահի ընտրության օրը` փետրվարի 18-ին, ամբողջ օրը գտնվել է տեղամասում եւ ոչ մի միջադեպ չի գրանցվել, ընտրախախտումներ չեն եղել, ընտրատեղամասում եւ ընտրատարածքում կուտակումներ չեն եղել: 
Նույնաբովանդակ բացատրություն է տվել նաեւ նշված հանձնաժողովի քարտուղար Տ. Մաթեւոսյանը: Գյումրու թիվ 31 դպրոցի տնօրեն Ա.Ղազարյանն իր բացատրություններում ասել է, որ ինչպես ընտրության օրը` փետրվարի 18-ին, այնպես էլ նախորդ օրերին թիվ 31 դպրոցում որեւէ մեկն ընտրակաշառք չի բաժանել:

Նույնաբովանդակ բացատրություն է տվել նաեւ նշված դպրոցի պահակ Հ. Հակոբյանը:

Թիվ 35/22 ընտրատեղամասի մոտակայքում ապրող Ա. Սմբատյանը, Ա. Աղոյանը, Վ. Ղազարյանը, Շ. Գրիգորյանը, Ա. Չախոյանը բացատրություններ են տվել, որ 2013թ. փետրվարի 18-ին կայացած ՀՀ Նախագահի ընտրությունների օրը թեկնածուներից որեւէ մեկի օգտին քվեարկելու համար ոչ մեկի կողմից ընտրակաշառք չի առաջարկվել եւ չի բաժանվել:

Ելնելով վերոգրյալից եւ ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով եւ 185-րդ հոդվածով` որոշում է կայացվել «www.asparez.am» եւ «www.aravot.am» կայքերում զետեղված «Սպառնացել են լրագրողներին` եկա աչքերներդ կհանեմ» ծանուցումների վերաբերյալ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժել` հանացադեպի բացակայության հիմքով:

Որոշման պատճենն ուղարկվել է «www.asparez.am» եւ «www.aravot.am», եւ բացատրվել բողոքարկման կարգը` որոշման հետ համամիտ չլինելու դեպքում: Այս մասին հայտնում է գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter