HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

«Ժողովուրդն իր ընտրախավից առաջ է ընկել». Նախախորհրդարան

«2013 թ. նախագահի ընտությունները ցույց տվեցին, որ հայ ժողովուրդն իր ընտրախավից առաջ է ընկել: Սակայն ընտրակեղծիքի մեքենան, ամեն անգամ ավելի կատարելագործվելով, վերածվել է մի կազինոյի, երբ միշտ կազինոյի տերն է հաղթող դուրս գալիս: Առաջանում է փակուղային իրավիճակ: Ընդդիմադիր դաշտն անցած տարվա դեկտեմբերին փլուզվեց Հայաստանում, և այդ փլուզումը պետք է որ հանգեցներ միահեծան իշխանության, սակայն դեպքերը ցույց են տալիս, որ մեր ժողովուրդը կանգնած է մի խնդրի առաջ՝ ինքնակազմակերպման»,- այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց «Նախախորհրդարան» նախաձեռնության համակարգող Գարեգին Չուգասզյանը:

Նախախորհրդարանի քարտուղարության անդամ Ժիրայր Սեֆիլյանի դիտարկմամբ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է որոշի դուրս գալ ռեժիմի պարտադրած խաղի կանոններից. եթե ոչ, ապա արդյունքը նույնն է լինելու, ինչ նախորդ թեկնածուներինը, երբ 1996 թվականից սկսած՝ նախագահի բոլոր ընդդիմադիր թեկնածուները, ըստ էության, հաղթել են, սակայն գործող ռեժիմը փաստացի թույլ չի տվել նրանց գալ իշխանության:

Սեֆիլյանի խոսքով՝ իրենք պատրաստ են ամեն ինչ անել, որ պահպանվի «Րաֆֆի Հովհաննիսյանի էներգիան», սակայն այդ էներգիան պետք է ճիշտ հունով ուղղորդվի, որպեսզի իրականանա զուգահեռ այլընտրանքային իշխանություն, լինեն այլընտրանքային ընտրություններ: Այդ ամենից հետո, ըստ Սեֆիլյանի, պետք է հայտ ներկայացվի գործող ռեժիմին՝ «բանալիները հանձնելու»:

Նախախորհրդարանի քարտուղարության անդամներից Վարուժան Ավետիսյանն անդրադարձավ իրենց հետագա գործունեությանը, որը պետք է հիմնվի ժողովրդի ինքնակազմակերպման վրա, ինչի արդյունքում կստեղծվի հիմնադիր խորհրդարան, որը լեգիտիմ կլինի և կներկայանա որպես գործող խորհրդարանին այլընտրանք:

«Հետքի» հարցին, թե Նախախորհրդարանի գործունեությունն արդյոք չի՞ հակասելու Հայաստանում գործող օրենքներին ու Սահմանադրությանը, և վտանգ չկա՞, որ գործող իշխանությունները հենց սկզբից կկասեցնեն իշխանափոխության ուղղված ցանկացած գործողություն, Վ. Ավետիսյանը պատասխանեց, որ գործող Սահմանադրությունը ձևական իրավական առումով և Սահմանադրության տերմինաբանությամբ արգելում է սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն ուղղված գործողությունները, իսկ իրենց գործունեության մեջ որևէ բռնի արարք չկա և չի կարող լինել, իրենք գործելու են միայն քաղաքակիրթ եղանակներով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter