
«Իմ բարության մեջ թող ոչ ոք թուլություն չտեսնի». Րաֆֆի Հովհաննիսյանն ավարտեց վանաձորյան այցը (վիդեո)
«Շիրակի մարզպետը հրաժարական տվեց և լավ արեց, բայց ինչո՞ւ արեց, որովհետև ցուցանիշը չապահովեց: Բայց հենց ինքը պիտի մնար գործի մեջ», - ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր` վանաձորցիների հետ հանդիպման ժամանակ` անդրադառնալով Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի հրաժարականին:
Փոխարենը, նրա խոսքով, իրավունք չունի պաշտոն զբաղեցնել Վանաձորի քաղաքապետը, ով իր ժողովրդին «անգիտակից» է անվանել: Վանաձորի պատմության մեջ կա Ղարաքիլիսայի 1918թ.-ի հերոսամարտը, ինչի շնորհիվ էլ այսօր կա Հայաստանի Հանրապետությունը` ասաց Ր. Հովհաննիսյանը: «Մեր պապերը հենց այստեղ փրկեցին Հայաստանը: Իսկ դուք փետրվարի 18-ին փրկեցիք մեր ապագա սերնդին, երեխաներին…»,- ասաց Ր. Հովհաննիսյանը` շնորհակալություն հայտնելով վանաձորցիներին իրենց ընտրության համար:
Նա ասաց, որ ոստիկանությունը փակել է գյուղերի ճանապարհը, և խոստացավ մոտենալ ոստիկաններին ու պարզել, թե ինչու է սահմանափակվում ժողովրդի ազատ տեղաշարժվելու իրավունքը:
«Հանկարծ ՀՀ քաղաքացիներին չվախեցնեք, պատասխան եք տալու,- ասաց Ր. Հովհաննիսյանը` խոսքն ուղղելով ոստիկաններին ու նրանց մեքենային` կանգնած քիչ հեռու,- ինձ որքան ուզում եք նկարեք, բայց եթե մեր քաղաքացու վրա ձեռք բարձրացնեք, եթե սահմանի զինվորին ուղղորդեք կեղծ ընտրությունների… պատասխան եք տալու»:
Իմ բարության ու ժպիտի մեջ ոչ ոք թող թուլություն չտեսնի` ասաց նա:
Վանաձորում տեղի ունեցած հավաքից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը մեկնեց Գյումրի:
Տեսանկարահանումը՝ Ադրինե Թորոսյանի
Մեկնաբանել