HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքական ճգնաժամը և հնարավոր լուծման ֆորման

Դավիթ Ստեփանյան

2013-ի փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններից հետո ՀՀ-ում տարիներ շարունակ ձգվող քաղաքական ճգնաժամը ավելի տեսանելի դարձավ. բազմահազար քաղաքացիներ դարձյալ հայտնվեցին Ազատության հրապարակում՝ պաշտպանելու իրենց խախտված ընտրական իրավունքը:

Եթե նույնիսկ վստահելու լինենք ԿԸՀ-ի հրապարակած պաշտոնական տվյալներին, այժմ ընտրելու իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիների շուրջ 65 տոկոսը դժգոհ է իշխանություններից, ինչն արտահայտվել է ընտրություններին 40 տոկոսի չմասնակցությամբ և 23 տոկոսի՝ այլ թեկնածուների օգտին քվեարկելով. անվավեր են ճանաչվել ընդհանուր ընտրազանգվածի 2 տոկոսի, այսինքն՝ ընտրություններին մասնակցածների 3.4 տոկոսի քվեաթերթիկները, որոնց մեջ շատ են եղել ընտրողի կողմից միտումնավոր անվավեր դարձվածները:

Եթե հաշվի առնելու լինենք նաև բազմաթիվ աղաղակող ընտրակեղծիքները, ապա կոպիտ հաշվարկով կստացվի, որ իշխող կուսակցության ներկայացուցչի օգտին քվեարկել է ընտրելու իրավունք ունեցողների 10-20 տոկոսը, ոչ թե 35-ը (ընտրություն կատարածների 58 տոկոսը), ինչպես նշված է պաշտոնական տվյալներում: Իրական թվերը դժվար է վերջնական ճշտորոշել նույնիսկ մեծագույն ցանկության դեպքում, քանի որ ընտրախախտումները անթիվ և անհամար են:

Եթե երկրում տեղի չունենան քաղաքական և սոցիալ-տնտեսական փոփոխություններ, ապա իրավիճակը կարող է պայթունավտանգ դառնալ: Հնարավոր է՝ «Արաբական գարունը» հասնի Հայաստան, կամ այլ տեսակի պրոցեսներ ընթանան, որոնք աղետաբեր լինեն ինչպես ժողովրդի, այնպես էլ գործող իշխանությունների համար: Կամայական պետություն, որի 18-ը բոլորած քաղաքացիների 80-90 տոկոսը դժգոհ է իշխանություններից, որոշակի պահի կարող է նույնիսկ դադարել գոյություն ունենալ:

Դառնալով ընտրություններին՝ ամեն ինչ խոսում է նրա մասին, որ ընտրություն կատարած ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը իր ձայնը տվել է Րաֆֆի Հովհաննիսյանին, և նա պետք է լինի նախագահ, կամ առնվազն պետք է լինի երկրորդ փուլ Րաֆֆու և Սերժ Սարգսյանի մասնակցությամբ:

Փետրվարի 22-ին Ազատության հրապարակում կայացած բազմամարդ հանրահավաքի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտնեց, որ նախորդ օրը նախագահական նստավայրում Սերժ Սարգսյանի հետ տեղի ունեցած բանակցությունների ժամանակ նրան առաջարկել է չեղյալ համարել ընտրությունների արդյունքները և նոր ընտրություններ անցկացնել, ինչը մերժել է Սերժ Սարգսյանը:

Դրան հետևել են ևս մի քանի առաջարկներ՝ անցկացնել երկրորդ փուլ, լուծարել խորհրդարանը և համամասնական սկզբունքով անցկացնել նոր խորհրդարանական ընտրություններ, կամ գոնե պատասխանատվության ենթարկել այս ընտրությունների ժամանակ կեղծարարություն արած անձանց. այս բոլոր առաջարկները մերժվել են:

Եթե մնացած դեպքերում մերժումը հասկանալի է, ապա պարզ չէ, թե ինչու է ՀՀԿ առաջնորդը մերժել խորհրդարանական նոր ընտրություններ անցկացնելու տարբերակը. չէ՞ որ ստեղծված իրավիճակը կարող է վտանգավոր դառնալ նաև իր համար, իսկ դա կարող էր ինչ-որ լուծում լինել՝ առանց պարտությունների:

Չհաշված 1992 թ.-ի նախագահական ընտրությունները՝ ՀՀ-ում չի հաջողվում ունենալ բոլորի համար լեգիտիմ նախագահ, կողմերը ոչ մի կերպ չեն ճանաչում մեկը մյուսին, և հարցերը լուծվում են ընտրակեղծիքների արատավոր պրակտիկայի կամ բռնի ուժի սպառնալիքի միջոցով: Շատերի կարծիքով պետք է մեկ անգամ անցկացնել արդար ընտրություններ, և դրանից հետո կվերականգնվի մարդկանց ընտրական իրավունքը, կհաղթահարվի տարիներ ձգվող քաղաքական ճգնաժամը, և կլուծվի քաղաքացուն իշխանավորելու հարցը:

Գուցե, բայց այդ մեկ արդար ընտրություններ ոչ մի կերպ չի հաջողվում անցկացնել, և դրա համար նախադրյալներ առանձնապես չեն նշմարվում՝ հաշվի առնելով միջազգային դիտորդների միջազգային չափանիշներին չհամապատասխանող աշխատանքը և նեոգաղութային վերաբերմունքը հայ հասարակությանը:

Ստեղծված իրավիճակում միակ լուծումը թերևս նախագահի ինստիտուտի լուծարումն է Սահմանադրության մեջ փոփոխության վերաբերյալ համաժողովրդական հանրաքվեի միջոցով, որին պետք է հաջորդեն նոր խորհրդարանական ընտրությունները, որտեղ մեծամասնություն կազմած կուսակցությունը կնշանակի երկրի վարչապետին, որն էլ կզբաղվի կառավարության աշխատանքի ղեկավարմամբ:

Չկա ոչ մի երաշխիք, որ այս ընտրությունները նույնպես չեն կեղծվելու, բայց պառլամենտական համակարգն ինքնին այնպիսի ֆորմա է, որը չի կարող չնպաստել իշխանության համեմատաբար ավելի հորիզոնական բաշխմանը մեր ունեցած իրավիճակի համեմատ:

Ինչպե՞ս ստիպել ներկա իշխանություններին, որ գնան այս փոփոխությանը: Պատասխանը մեկն է՝ հզոր հասարակական ճնշմամբ: Ի վերջո, սա տարբերակ է, որը թույլ կտա չպարտվել ոչ ժողովրդին, ոչ Րաֆֆի Հովհաննիսյանին, ոչ Սերժ Սարգսյանին և ինչ-որ իմաստով շահեկան է բոլորի համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter