HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Բարև Գյումրի, նամուսով Գյումրի, թասիբով Գյումրի». Րաֆֆի Հովհաննիսյանը՝ գյումրեցիներին

«Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահ Րաֆֆի Հովհաննիսյան»,-ամբիոնից հայտարարում է Արմեն Մարտիրոսյանը: «Հրապարակ է մտնում ՀՀ նորընտիր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը»,-կուսակցական ընկերոջը լրացնում է Ստյոպա Սաֆարյանը: «Րաֆֆի, Րաֆֆի» վանկարկում են գյումրեցիները: Գրեթե գյումրեցիների ձեռքերի վրա, գրկախառնվելով ու բարեւելով մարդկանց, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը հասնում է ամբիոն կոչված այն հատվածին, որը շրջափակված է մարդկանց խիտ շղթայով եւ որտեղ հնարավորություն չունեն աշխատելու անգամ լրատվամիջոցների ներկայացուցիչները: «Գուզենք Րաֆֆիին մոտիկ էղնինք, գուզենք իրան մոտիկից լսենք»,-արդարանում էին հանրահավաքի մասնակիցները:

«Բարեւ Գյումրի, նամուսով Գյումրի, թասիբով Գյումրի: Սիրելի հայրենակիցներ, սա մեր եղանակն է, արեւ է, թե ձյուն, սա մեր երկիրն է: Կումայրի է, Ալեքսանդրապոլ է, թե Գյումրի, մեկ է, ժողովուրդը չի փոխվել, ժողովուրդը ասում է վերջապես, որ սա իմ քաղաքն է, սա իմ երկրին է եւ ես տերն եմ սրանից հետո,-արդեն ամբիոնից հավաքվածներին է դիմում Րաֆֆի Հովհաննիսյանը,-այսքան ցավ, այսքան տառապանք, այնքան մահ, այնքան ողբերգություն տեսած Գյումրին այսքան տարի անց ասում է, որ ես այլեւս չեմ վաճառվում»: Սրան ի պատասխան հնչում է հավաքվածների միահամուռ «այո»-ն:

«Կմտնեմ եկեղեցի՝ մոմ կվառեմ, կմտնեմ գերեզմաններ՝ լաց կլինեմ, բայց ամենակարեւորը՝ հրավիրեք հարսանիքների, Գյումրին պիտի ունենա հարսանիքներ»,-հայտարում է Րաֆֆի Հովհաննիսյանը՝ նշելով, որ 24 տարի աղետի գոտի համարված քաղաքը պիտի միահամուռ ջանքերով վերականգնեն մեկ տարում:

«Այլեւս իր քվեի համար ոտքի ելած հայ մարդուց հնարավոր չէ տանել հաղթանակը,-շարունակում է Ր. Հովհաննիսյանը,-Շիրակի մարզը վերադարձել է, Հայաստանի Հանրապետությունը վերադարձել է մեր երկիր եւ մեր ժողովրդին: Հետեւողական, հանգիստ, խաղաղ պայքար: Եթե որեւէ ապակայունացում լինի, մեր կողմից չի լինելու, իրենց վախից է լինելու»:

«Հաղթանակ», «հաղթանակ», «հաղթանակ վանկարկում են հավաքավածները:

«Սա մեր հաղթանակն է, ու ես այս հաղթանակը. պիտի տանեմ մինչեւ հաղթանակ»,-հայտարարում է Ր. Հովհաննիսյանը: Նա գյումրցիներին վաղը՝ ժամը 15-ին, հրավիրում է հանդիպել Երեւանում՝ «Ազատության» հրապարակում:

«Եթե հանկարծ ձեր ճանապարհը փակեն, եթե հանկարծ ոստիկանները չթողնեն, որ հասնեք Երեւան, լավ իմացեք, չեն թողնի որ հասնենք, ես ինքս կրկին կգամ ձեր մոտ Գյումրի»,- ասաց Ր. Հովհաննիսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter