HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լևոն Բարսեղյան. «Մի ասեք, որ մեռնելուս օրն էլ գիտեք, եթե չգիտեք»

Ես դժգոհ եմ Րաֆֆու կիրակնօրյա հանրահավաքից, ավելի ճիշտ հանրային իրազեկման զանգվածային միջոցառումից, ու էլի մի շարք բաներից, բայց մի երկու բան ասեմ:

Ովքեր, որ գիտեն` ինչ է լինելու, թող միանգամից բաց տեքստով գրեն, ու մեռնելուս օրն էլ նշեն տակը, թե չէ Դելֆյան խոսնակի պոզաներով «հա, դե պարզ է, ըտենց էլ, պտի լիներ, խի մենք չգիտեի՞նք, ով է Րաֆֆին...», ռեպլիկեներից չեմ հասկանում գլխներիս գալիքը, ավելի լավ է ուղիղ ասեք` ելնենք գնանք ծովափ:

Ովքեր, որ հաստատ գիտեն, որ Րաֆֆին հերթական Արթուր Բաղդասարյանն է (ներողություն արտահայտությանս համար), ուղիղ ասեք, հիմնավորեք` լավ կլինի, ֆոտո-վիդեոներ չեմ ուզում այն մասին, թե Րաֆֆին Բաղրամյան-26-ում է քնում վեր կենում` որ հավատամ, բայց տրամաբանված փաստարկները ինձ ու շատերին կօգնեն հասկանալ այն, ինչ դեռ չենք հասկանում եւ հասկանում են իրենք: Դավադրության տեսության պարզամիտ տեղայնացումներ, ուղղակի խնդրում եմ չպատմել ինձ:

Երրորդը. բոլոր նրանք, ովքեր համարում են, որ հակաժողովրդական ռեժիմ է գործում Հայաստանում, որ էս ընտրությունները կեղծել են ինչպես միշտ ու հագել են բոլորիս` մեր քյորփեքով ու մեռելներով, պիտի համախմբվեն անկախ Րաֆֆու վարքից, իսկ վերոհիշյալ պարբերությունների անդուր սցենարների դեպքում` առավելեւս: Առկա վիճակը ծանր համարող քաղաքական ուժերը պիտի նախաձեռնող լինեն քաղաքացիների քվեների պաշտպանության անտանելի դժվար գործում, հատուկ որեւէ մեկին ի նկատի չունեմ, ի նկատի չունեմ Րաֆֆուն միանալու մասին արդեն հայտարարություն արած կամ դեռ չարած որեւէ ուժի, բոլորին ի նկատի ունեմ: Հանրային շահի տեսանկյունից, կարծում եմ, որ պիտի նախաձեռնող լինել, չսպասել հատուկ հրավերների, գնալ կանգնել կողքը, թիկունքին, առաջը, վերը, վարը, պահել, ուղղել, ուղղություն էլ ցույց տալ, ձեռից բռնել ընկերական` անել տալ, այն, ինչի փորձը չունի, կոլեգիալ որոշել ու անել: Այս վարմունքը կողջունեն բոլորը: Այդօրինակ քաջալերանքն ու ջանադրությունը ազնիվ, բաց, հրապարակային պիտի լինի, ու առանց նախապայմանների կամ առեւտրի: Եթե կթռնի` կերեւա: Մնացածը կշարունակեն Հայաստանի պաշտպանության գործը բարոյական իրավունք ստանալով տեր լինել Րաֆֆու անուն-ազգանվան դիմաց գրանցված, նույն անվան դիմաց չհաշվված, անվավերների եւ էլի այլ խմբերի քվեներին, իրականում ընտրություններին իսկապես մասնակցածների քվեների կեսից շատ ավելիին:

Իմ հասկանալով` Րաֆֆին լիրիկական հոգեկերտվածքով մարդ է, ոչ այնքան պրագմատիկ, որքան սովոր է ՀՀ քաղաքացին տեսնել, կամ կուզեր տեսնել, նրան ճակատագրական դերակատարություն ունենալու շանս է ընկել հասարակական, քաղաքական մի շարք գործոնների զուգորդման եւ համադրման արդյունքում: Խոսքը, հռետորաբանությունը ահագին թերություններ ունի, վարքն անսովոր է, լեզուն` միջին հայաստանցուն հարազատ, բայց քաղաքական իմաստով` հաճախ անհասկանալի, շատերը շոկ են տանում, հասկանալի է, հիշաչարության տարրեր եմ նկատում խոսքում, չեմ կարող, ասել, թե ուղղորդված, սրանք մանրուքներ եմ համարում հիմա, դրանք չեմ կարողանում համեմատության մեջ դնել այն կարիքի հետ, որի մեջ մեզ դրել է երկիրը կարգի բերելու մարտահրավերը, էդ մանրուքները, կվերլուծվեն, ներողություններ եւ այլ բաներ կլինեն հետո: Հետո, հիմա դրա ժամանակը չէ, կարծում եմ: Սակայն, եթե չկա որեւէ խարդավանք ու դավադրություն այս շարժման մեջ, կործանարար սխալ կլինի այս մարդուն չօգնելը ու հանրային շահը չպարտադրելը, համարյա պատմական սխալ կլինի, ինչպիսիք եղել են նախկինում նաեւ` «Բա դու...», «բա որ հիշու՞մ ես էն անգամ...» կարգի:

Ես չեմ ընտրել Րաֆֆուն, ես փչացրի քվեաթերթիկս, բայց քանի դեռ չունեմ դավադրության ապացույցներ կամ տրամաբանված հիմնավորումներ, ամեն ջանք ներդնելու եմ, որ պաշտպանեմ մարդկանց ազատ լինելու իրավունքները, հիմա` այս շարժմանը մասնակցելով, Րաֆֆու հետ, թե առանց նրա: Մենակ, թե միացյալ:

Առանց նրա դժվար կլինի զարգացնել շարժումը, միայն ինքը, լավագույն մղումների դեպքում անգամ, քիչ կլինի, եւ լիքը գալարներ ու ոլորաններ կլինեն ուղիղ գծի փոխարեն, էլի կտապալվի, իմ տեսած ճամփեն մեկն է` իրենով եւ բոլորով, միացյալ:

Այս ռեժիմն ինքնամաքրման ռեսուրս չունի, սրանք չեն ազդվում, չեն ուղղվում, մեղա չեն գալիս, սրանց ցինիզմը այնպես է լցվել իրենց ներսն ու դուրսը, վախենամ` ռեժիմի տապալումից հետո մի շարք պետական շենքեր քանդվեն` նորից կառուցվեն, կամ` տեղները լճակներ սարքվեն ու զբոսայգիներ:

Ես, ինչքան ինձ գիտեմ` անարխիստ եմ, ու մի քանի անգամ հանուն իմ հասկացած` մեր հաջորդների լավ Հայաստանի, խառնվում եմ ընտրություններին, էլի եմ խառնվելու, նահանջում եմ իմ անարխիստական սկզբունքներից, դա հեշտ չէ անել: 

Ես անարխիստ եմ եւ համարում եմ, որ սեփական իշխանությունն ու իշխանական դիրքը հանրության հավաքական շահերից, իրական մեծամասնության գերազանցությունից եւ փոքրամասնությունների երաշխավորված իրավունքներից վեր դասող իշխանությունները գոյության իրավունք չունեն: Պիտի վերացնել այդպիսի իշխանությունը եւ այդ անել օրինականության շրջանակներում, համառությամբ օրենսդրության թերություններն եւ անկատարություններն օգտագործելով, լինել ստեղծագործ, համառ, համբերատար, հետեւողական, աննահանջ, զվարթ: Իսկ, թե իշխանությունը օրինական պայքարողների դեմ անօրինություն է բանեցնում, ես ինձ թույլ եմ տալիս այնպիսի համարժեք գործողությունների դիմել, որոնք հրապարակային շարադրանքի առարկա չեն կարող լինել: 

Ես բավականաչափ ժամանակ եմ վատնել, ներողություն, շատ հնարավոր բաներ եմ հասցրել չանել, շատ անհնարին բաներ եմ հասցրել անել, ու կարող եմ արդեն թույլ տալ ինձ ասել, որ անձամբ ինձ համար պետություն կոչվող համակարգը քաղաքացիներին վերադարձնելը կենաց խնդիր է դառել, պատրաստ եմ կյանք դնել: Համարեք դրած: Հենց այդպես:

Լևոն Բարսեղյան
19-24 փետրվարի, 2013

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter