HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԱԿ խորհրդարանական խմբակցության հայտարարությունը

Փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններում իշխանությունը հերթական անգամ օգտագործեց ընտրակեղծիքների իր ողջ պոտենցիալը։ Հայտարարված արդյունքները ոչ մի կապ չունեն իրականության հետ։ Դա նոր մի անպատվություն էր Հայաստանի ժողովրդի նկատմամբ, նրա իրավունքների եւ արժանապատվության ոտնահարում։

Ինչպես եւ բնական ու սպասելի էր, դրա հասարակական հակազդեցությունը պիտի լիներ համաժողովրդական բողոքի նոր ալիքի բարձրացումը, ինչպես նույն պատճառով դա տեղի էր ունեցել 2003-ի, 2008-ի նույն կերպ կեղծված նախագահական ընտրություններում։ Ահա մի շաբաթից ավելի, բողոքի այդ շարժումը տարածվել է ողջ հանրապետությունով մեկ, եւ իշխանության կողմից չի նկատվում դրա նկատմամբ ըմբռնողական մոտեցման որեւէ նշույլ։

Ժողովուրդն այսօր ունի միայն մեկ օրակարգ՝ վերականգնել Սահմանադրական կարգը երկրում եւ թույլ չտալ ժողովրդի քվեի եւ իշխանության հերթական յուրացումը ռեժիմի կողմից: Նման պայմաններում, նաեւ որպես զորակցություն իր իրավունքների համար ըմբոստացած ժողովրդին, Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցությունը չի մասնակցի ԱԺ այս քառօրյա նիստերին, որտեղ քննարկվում են այդ օրակարգի հետ որեւէ աղերս չունեող հարցեր։

Միեւնույն ժամանակ, Հայ ազգային կոնգրեսի խմբակցությունը կօգտագործի ԱԺ կանոնակարգով նախատեսված ընթացակարգերը, մասնավորապես հայտարարությունների ժամը, ԱԺ ամբիոնից մեր դիրքորոշումները հնչեցնելու նպատակով: 

Հայ ազգային կոնգրես

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter