HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ԱԺ-ն սկսեց աշխատանքները. «Ով ուզում է նախագահ ընտրվի, թող սպասի 2018 թվականին»

Այսօր  Ազգային ժողովը մեկնարկեց քառօրյա նիստերի աշխատանքը: Գրանցվել են 98 պատգամավոր: Ընդդիմության ներկայացուցիչները, օգտագործելով ԱԺ կանոնակարգ օրենքով ընձեռված հնարավորությունը, հանդես եկան հայտարարություններով:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ԱԺ-ի 4-օրյա նիստերի օրակարգն իրականությանն չառնչվող հարցերով է ծանրաբեռնված` չանդրադառնալով ընտրություններից հետո առաջացած այն իրավիճակին, որն առկա է «մարդկանց սրտերում, հոգիներում եւ տներում»:

«Առաջարկում եմ հատուկ ընթացակարգով խորհրդարան հրավիրել ԿԸՀ նախագահին, որպեսզի քննարկվի խայտառակ ընտրությունների արդյունքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը եւ չհաստատվի խայտառակ ընտրությունների արդյունքները»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը շնորհավորեց Րաֆֆի Հովհաննիսյանին` ՀՀ նախագահ ընտրվելու կապակցությամբ:

Զարուհի Փոստանջյանն էլ շնորհավորեց ժողովրդին` հաղթանակի կապակցությամբ: Դրանից հետո կարճ ելույթով հանդես եկավ նաեւ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը:

«Ես հասկանում եմ մեր գործընկերներին: ՀՀ նախագահ ընտրվել է Սերժ Սարգսյանը: Ես գիտեմ մի բան` չարի վերջը գալու է, քիչ չարություն արեք»,-ասաց Գ. Սահակյանը:

Արձագանքեց նաեւ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը. «Ով ուզում է նախագահ ընտրվի, թող սպասի 2018 թվականին»:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ հայտարարեց, որ խմբակցություններից թող կազմվեն 3-4 հոգանոց խմբեր եւ քննարկեն հետընտրական վիճակը: Հ. Աբրահամյանն ասաց, որ իրենք հարգում են 500 հազարից ավել այն ընտրողներին, ովքեր ձայն են տվել Րաֆֆի Հովհաննիսյանին եւ հորդորեց նրանց հարգել նաեւ 800 հազարից ավելի ընտրողներին, որոնք քվեարկել են Սերժ Սարգսյանի օգտին: «Բոլորս էլ գիտենք, որ դա Րաֆֆի Հովհաննիսյանի ձայները չեն, դրանք ընդդիմության ձայներն են»,-ասաց ԱԺ նախագահը:

Ռուբիկ Հակոբյանը պատրաստակամություն հայտնեց մասնակցել ԱԺ նախագահի առաջարկած քննարկումներին եւ նա էլ զարմացավ, թե ինչպես եղավ, որ մեծամասնությունն ընտրեց Րաֆֆի Հովհաննիսյանին, սակայն ընտրված նախագահ հայտարարվեց Սերժ Սարգսյանը:

Նշենք, որ ՀԱԿ խմբակցությունն այսօր չի մասնակցում քառօրյա նիստերի աշխատանքներին, իսկ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ դեմ է քվեարկելու օրենքի բոլոր նախագծերին` արտահայտելով իր դժգոհությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter