HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արթուր Հակոբյան. «Էական քայլեր, պետական կառույցների կողմից՝ գիտության կազմակերպման գործում, դժվարանում եմ նշել»

Մանե Հակոբյան

Արթուր Հակոբյանը աստղաֆիզիկոս է, ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատող։ Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է, թեկնածուական ատենախոսությունը պաշտպանել է 2009 թ.՝ «Գերնոր աստղերի և դրանց մայր գալակտիկաների վիճակագրական ուսումնասիրություն» թեմայով:

Շատ է սիրում կարդալ՝ դա ուժ է տալիս քննարկել, վերլուծել և մեկնաբանել ստացված արդյունքները: Սիրում է շրջագայել, շփվել մարդկանց հետ, զրույցներ ծավալել պատմական տարբեր իրադարձությունների վերաբերյալ, համարում է իրեն հայրենասեր, ատում է սուտը և երեսպաշտությունը:

Աշխատում է տարբեր դասի աստղերի էվոլյուցիայի վերջնական փուլի՝ գերնոր աստղերի առանձնահատկությունների և գալակտիկաներում տարբեր աստղային բնակչության հետ դրանց կապի խնդիրներով: Գիտական թիմը, որի անդամ է Արթուրը, հիմնականում կազմված է երիտասարդ աշխատակիցներից, այն բավականին ակտիվ է, ունի տեղական և միջազգային դրամաշնորհներ, կապեր արտասահմանյան տարբեր ինստիտուտների գիտական խմբերի հետ (օրինակ՝ Institut d'astrophysique de Paris, Osservatorio Astronomico di Padova, Space Telescope Science Institute և այլն):

Տպագրված աշխատանքները բազմաթիվ են, հիմնականում՝ թիմային՝ ընդգրկելով միջինում 7-8 համահեղինակ: Թիմի վերջին 5 տարիների ընթացքում տպագրված աշխատանքներն ազդեցության գործակից ունեցող միջազգային հանդեսներում իրենց հղումների քանակով Բյուրականի աստղադիտարանում գրավում են առաջին տեղը:

Վերջին տարիներին թիմի աշխատանքները ներկայացրել է տարբեր միջազգային գիտաժողովներում և այլ գիտական ֆորումներում, օրինակ՝ Joint European and National Astronomy Meeting 2007, International conference dedicated to 100th anniversary of M. Vashakidze “Radiation of cosmic objects: from radio to gamma astronomy”, Institut d'Astrophysique de Paris XXVIth Annual Colloquium “Progenitors and environments of stellar explosions”, International Astronomical Union Symposium № 281 “Binary Paths to type Ia Supernovae Explosions” և այլն:

Ստացել է տարբեր մրցանակներ, սակայն դրանք շատ չի կարևորում. «Հայկական աստղաֆիզիկական ընկերության ամենամյա մրցանակ երիտասարդ աստղագետների համար (2008), Տաշիր» բարեգործական հիմնադրամի և «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյան նախաձեռնության խրախուսական մրցանակ՝ ազդեցության գործակից ունեցող գիտական հանդեսներում առավելագույն հղում ունեցող հոդվածների մրցույթում հաղթող ճանաչվելու համար (2012):

Բազմաթիվ են ստացած թիմային և անհատական դրամաշնորհները. միայն երեք անգամ՝ ANSEF (Armenian National Science & Education Fund) դրամաշնորհներ (Հիմնական հետազոտող, 2010, 2011, 2013), ապա՝

2006: Scholarship from the French Government to support the Ph.D. project (3 տարով).

2007, 2008, 2009: PICS France-Arménie travel grant for the project “Active Phenomena and Evolution of Cosmic Objects”.

2008: Young Scientist Fellowship from the benevolent fund of “Development of Science, Education and Health Care in Armenia”.

2009: Paris Virtual Observatory grant for the project “Five Supernova Survey (FSS) Galaxies in the Southern Hemisphere”.

2009, 2012: Collaborative Bilateral Research Projects of the State Committee of Science (SCS) of the Republic of Armenia and the French Centre National de la Recherché Scientifique (CNRS) (2 years, member of the project).

2011: Calouste Gulbenkian Foundation grant for the project “Supernovae in FSS Galaxies”.

2013: Junior Associate of the International Centre for Theoretical Physics (ICTP) from 1 Jan 2013 until 31 Dec 2018.

Զրուցեցինք Հայաստանում գիտության վիճակի ու խնդիրների վերաբերյալ։

Հայաստանում գիտության թերֆինանսավորման պատճառները մեկ-երկուսը չեն, այլ առկա է խնդիրների մի ամբողջ փունջ: 90-ական թվականների ծանր տարիներին շատ գիտնականներ հացի խնդիր լուծելու համար սկսեցին զբաղվել այլ աշխատանքներով, իսկ հայտի է, որ եթե գիտնականը, նույնիսկ օբյեկտիվ պատճառներով, տևական ժամանակ հեռու է մնում գիտությունից, ապա կորցնում է արդի և մրցունակ գիտությամբ զբաղվելու կարողությունը:

Դրա ապացույցն է գիտամանկավարժական հիմնարկներում նման մարդկանց ստվար զանգվածի առկայությունը, որն աշխատում են ցածր արդյունավետությամբ: Ընդ որում, թյուր կարծիք է ձևավորվել, թե ֆինանսավորման ավելացումը կբերի այդ զանգվածի գիտական որակի բարձրացմանը, իսկ ես խորապես համոզված եմ, որ գործընթացն անդառնալի է:

Վիճակը շտկելու համար անխուսափելի են անհապաղ բարեփոխումները, առաջին հերթին այդքան չարչրկված ՍԵՐՆԴԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ: Անկասկած, գիտությանը ֆինանսներ են պետք, սակայն առավել անհրաժեշտ են գործող գիտնականներ, որոնք և կապահովեն գիտության արդյունավետության բարձրացումը:

Գիտական մրցանակների ու խրախուսական մրցանակաբաշխությունների գոյությունը խիստ չէի կարևորի, սակայն ողջունում եմ բոլոր նման նախաձեռնությունները, որոնք միտված են գիտության մեջ առկա իրավիճակը փոխելուն: Պետք է հասկանալ, որ դրանք լրջորեն չեն փոխում ֆինանսական ծանր վիճակը:

Ազդեցության գործակի՞ց, թե՞ հղումների թիվ։ Ձեր կարծիքով, ո՞ր չափանիշն է ավելի լավ արտացոլում գիտական աշխատանքների արժեքը։

Աշխատանքների գնահատումը, հիմնված նշված երկու ցուցանիշների վրա, գրեթե համարժեք է, քանի որ այդ ինդեքսներն ըստ էության փոխկապակցված են: Այնուամենայնիվ կարծում եմ, օրինակ, որ Հայկյան մրցանակի «Լավագույն երիտասարդական գիտական նվաճում» անվանակարգի համար որպես հիմք նշված երկու տարբերակներից առավել լավ կլինիի հղումների թիվը:

Միջազգային բարձր վարկանիշ ունեցող հանդեսներում տպագրվելը կարևոր է, սակայն դժվար թե դա կարելի է համարել գիտական նվաճում:

Մեր ինստիտուտների տեխնիկական բազան վատ վիճակում է։ Դա անհավասար պայմանների մեջ չի՞ դնում փորձարարներին ու տեսաբաններին։

Կոնկրետ մեր՝ աստղաֆիզիկայի բնագավառում աշխարհի ամենահզոր աստղադիտակներով ստացված դիտողական նյութը համացանցի միջոցով ազատ հասանելի է յուրաքանչյուրին, ուստի, չնայած նյութատեխնիկական բազայի վատ վիճակին, այդ խնդիրն այդքան էլ սուր չի դրված: Նշեմ նաև, որ այս բոլոր խնդիրները գիտության այլ բնագավառներում կարող են տարբերվել:

Կթվարկե՞ք Հայաստանում երիտասարդ գիտնականների առջև ծառացած հիմնական խնդիրները։ Ինչպե՞ս եք տեսնում դրանց լուծման ճանապարհները։

Նախ՝ երիտասարդ գիտնականին անհրաժեշտ է ներգրավել ուսումնական գործընթացում, որպեսզի նա հնարավորություն ունենա մասնակցելու կրթական ծրագրերի արդիականացմանը: Աստղաֆիզիկան այսօր վերելք է ապրում, իսկ աստղագետներ պատրաստող Երևանի պետական համալսարանի Աստղաֆիզիկայի ամբիոնը, 65 տարի գործելուց հետո, արդեն 3 տարի դադարել է ինքնուրույն միավոր լինել:

Հիրավի, դա պատիվ չի բերում ո՛չ մայր բուհին, ոչ էլ Հայաստանի Հանրապետությանը: Սակայն ժամանակին արված ծրագրային բարեփոխումները և կադրային ճիշտ քաղաքականությունը չէր հանգեցնի նման իրավիճակի: Տարեց սերունդը ոչ միայն համաքայլ չի ընթանում, այլև արգելակող պատնեշ է հանդիսանում երիտասարդի համար: Ինքս երկու տարի դասավանդել եմ Երևանի պետական համալսարանում և այս տարի ստիպված եմ եղել դուրս գալ աշխատանքից:

Չնայած իմ ունեցած խորն ակնածանքին տարեց գիտնականների և դասախոսների հանդեպ, այնուհանդերձ փաստեմ, որ վերջիններս (իհարկե ոչ բոլորը) լրջորեն խոչընդոտում են կրթական ծրագրերի բարեփոխումների և գիտական նվաճումների կիրառության գործընթացին:

Կրթական ծրագրերի արդի գիտությանը համապատասխանեցնելուն ուղղված մեր՝ երիտասարդներիս առաջարկները ոչ միայն չեն ընդունվում, այլև պատժվում են: Լինելով փորձառու սադրիչներ՝ պատժում են՝ անհանդուրժելի իրավիճակ ստեղծելով, որի պայմաններում աշխատելն անհնար է դառնում:

Ինչպե՞ս եք վերաբերում երիտասարդ գիտնականների կողմից իրենց խնդիրների բարձրաձայնմանը ֆեյսբուքում և այլ վիրտուալ կամ իրական հարթակներում։ Արդյո՞ք գիտնականի միակ գործը չպետք է լինի բացառապես գիտությամբ զբաղվելը։

Հավատացեք, որ գիտնականին հենց դա էլ պետք է. իր աշխատավայրում զբաղվել միմիայն գիտությամբ: Խնդիրներ բարձրաձայնելը ինքնանպատակ կհամարվեր, եթե անգամ տեխնիկական բնույթի չնչին հարցերը տեղերում լուծում ստանային: Ե՛վ գիտական հիմնարկի, և՛ բուհի ներքին օղակներում բացակայում է պետական մտածողությամբ աշխատելու կարողությունը, ամենուրեք իշխում է տնայնավարություն և ինքնագործունեություն:

Ուստի մեր ձայնը վերին ատյաններին հասցնելու միակ տարբերակը խնդիրների հրապարակայնացումն է: Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս պետք է բուհի ռեկտորին հասու դարձնել ամբիոնում տիրող վիճակը, երբ խնդիրը չի լուծվում ո՛չ ամբիոնի, ո՛չ ֆակուլտետի մակարդակով: Ավելին, խնդիր բարձրացնողը ուղղակիորեն լռեցվում է: Մենք արդեն դիմել ենք պետական ատյաններին և հուսով եմ, որ արձագանքը չի ուշանա: Ապագա գիտնականը ձևավորվում է լսարանում: Կոնկրետ աստղաֆիզիկա մասնագիտացման գծով լսարան են մտնում բարոյապես մաշված, անցած դարի 60-70-ական թվականների գիտության նվաճումներին տիրապետող, ոչ մի նոր գաղափար չընդունող գիտնականներ, ավելին, նաև դրան էլ չտիրապետող որոշ վայ դասախոսներ:

Իսկ երիտասարդ գիտնականը, ով համեմատաբար նոր է ավարտել իր ուսանողական շրջանը, չի ցանկանում, որ նույն ճանապարհով անցնեն մյուս սերունդները՝ պարզապես մեկուսացվում է: Իմ օրինակով կարող եմ ասել, որ, որպես գիտնական, երիտասարդը կայանում է արտերկրում ուսանելու և իր կոլեգաների հետ սերտ համագործակցություն պահպանելու պայմաններում:

Եթե երիտասարդ գիտնականին հնարավորություն տրվի զբաղվելու գիտությամբ, դասավանդելու, ուսանողներին գիտական աշխատանքներում ներգրավելու, իր թիմը ձևավորելու, ապա նա, անկասկած, իր աշխատանքով կվաստակի:

Իսկ տեսնո՞ւմ եք ինչ-որ դրական միտումներ։

Նկատելի է երիտասարդ գիտնականների ակտիվություն, սակայն էական քայլեր, հատկապես պետական կառույցների կողմից՝ գիտության կազմակերպման գործում, դժվարանում եմ նշել: Երևի, խրախուսման միջոց կարող էր հանդիսանալ գիտության մեջ ևս ռոտացիոն ճկուն համակարգի ձևավորումը:

Ի՞նչ հիմնական տարբերություններ կթվարկեք Հայաստանում և դրսում գիտական աշխատանքով զբաղվելու հարցում։

Ասպիրանտուրայի տարիներին մոտ մեկուկես տարի աշխատել եմ Փարիզի աստղաֆիզիկայի ինստիտուտում, հետագայում գործուղման եմ մեկնել Պորտոյի աստղաֆիզիկայի կենտրոն, Պադովայի աստղադիտարան, Աբասթումանի աստղադիտարան և այլն:

Շրջանցելով նյութատեխնիկական բազայի վիճակը, որն անհամեմատելի է արտասահմանյանի հետ, կարևորում եմ գիտական մթնոլորտի իսպառ բացակայությունը և երիտասարդի նկատմամբ վերաբերմունքը Հայաստանում: Օրինակ, մեզ մոտ ուսանողներին, ասպիրանտներին և երիտասարդ գիտաշխատողներին մեծամասամբ անլուրջ վերաբերմունքով են ընդգրկում գիտական թեմաների ֆինանսավորման մրցույթներում՝ փորձելով միայն ձևականորեն ապահովել 35 տարեկանից երիտասարդ անդամի մասնակցությունը:

Համոզված եմ, որ եթե գիտության պետական կոմիտեի կողմից այդ պարտադիր պայմանը չլիներ, ապա շատ դեպքերում երիտասարդներ չէին էլ ընդգրկվի ֆինանսավորվող թեմաներում: Աստղաֆիզիկայում (համոզված եմ նաև այլ բնագավառներում) կան իհարկե առողջ ուժեր, ովքեր ի զորու են փոխել վիճակը, սակայն նրանք ներգրավված չեն ուսումնական գործընթացում, որտեղ էլ հենց այդ պատճառով տեղի է ունենում ուղեղների մասսայական ճահճացում: Ամենալուրջ բարեփոխումները անհրաժեշտ է սկսել բուհում:

Ինչպե՞ս եք վերաբերում PostDoc համակարգին։ Արդյո՞ք մասնագիտական աճի հեռանկարների տեսակետից պետք չէ  ներդրնել այդ համակարգը Հայաստանում։

Դա արտասահմանում արդյունավետ գործող մեխանիզմ է և նորմալ ֆինանսավորման դեպքում կարելի է նույնը ներդնել Հայաստանում: Երիտասարդ գիտաշխատողը անմիջապես ստանալով հիմնական աշխատանք գիտական հիմնարկում՝ չի աշխատի այնքան արդյունավետ որքան երիտասարդը՝ ում աշխատանքային պայմանագրի երկարացումը կախված է իր աշխատանքի որակից: Մրցակցությունը բերում է գիտական արդյունավետության բարձրացման:

Երկարաժամկետ տեսլականով՝ Հայաստանո՞ւմ եք պատկերացնում Ձեր մասնագիտական հետագա աճը, ապագան, թե՞ արտասահմանում։

Հստակ պատասխան չունեմ: Դա խիստ կախված է նրանից, թե նշված հարցերն ինչ լուծումներ կստանան Հայաստանում:

Երիտասարդ գիտնականի ամբիոն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter